«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2005-12-09 | #226, 2005-12-10 | #227, 2005-12-13


ԿԻՊՐՈՍՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 18-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Կուսակցությունը շեշտում է ընդդիմադիր դաշտում գործելու կարեւորությունը

Համաձայն Հնչակյան կուսակցության տարածած հաղորդագրության, նոյեմբերի վերջին Կիպրոսի Լառնակա քաղաքում տեղի է ունեցել կուսակցության 18-րդ համագումարը 52 պատգամավորների մասնակցությամբ: Ցեղասպանության 90-ամյակի առիթով համագումարը խոնարհվելով նահատակների հիշատակի առջեւ, իր երախտագիտությունը հայտնեց արաբական երկրներին ու ժողովուրդներինՙ ողջունելով նաեւ բոլոր այն պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Համագումարում քննադատվել են Մ. Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները:

Քննարկելով կուսակցության առջեւ ծառացած կազմակերպչական, տնտեսական, քաղաքական տարբեր խնդիրներ, համագումարը հաստատեց, որ գլխավոր նպատակակետն է կուսակցության գլխավոր վարչությունը Հայաստան տեղափոխելը, ինչի համար այսուհետեւ Հնչակյան կուսակցությունը համագումարները կանցկացնի Երեւանումՙ կարճ ժամկետում ստեղծելով կենտրոնական գրասենյակ:

Ի թիվս հայ-թուրքական հարաբերությունների, Հայ դատի, ազգապահպանման, Արցախի հարցի, Ջավախքի հարցի, եկեղեցական տագնապի հարցերի վերաբերյալ դիրքորոշումների ճշգրտման, համագումարում քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը: Ըստ համագումարի, հայ-թուրք ոչ պաշտոնական հարաբերությունների մակարդակում երկխոսությունը պիտի ծառայի ցեղասպանության ճանաչմանն ու Թուրքիայի հանրային կարծիքն այդ ուղղությամբ զարգացնելու նպատակին, իսկ պաշտոնական երկխոսությունը պետք է պայմանավորել ցեղասպանության ճանաչմամբ: Ի դեպ, վերջին փաստը պետք է դրվի նաեւ Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելու հիմքումՙ ի հավելումն Հայաստանի շրջափակման վերացման, Կիպրոս ներխուժած թուրքական բանակի հեռացման:

Կուսակցությունը Արցախի հարցում ընդունելի է համարում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միացումը կամ անկախ կարգավիճակի ընդունումը, ընդ որում Հայաստանին պատկանող որեւէ տարածքի սակարկության եւ փոխանակման բացառմամբ:

Հնչակյան կուսակցության 18-րդ համագումարը բավական երկար քննարկել է Հայաստանի ներկա վիճակըՙ արձանագրելով իրավիճակի վրա բացասական ազդեցություն ունեցող կաշառակերության, տնտեսական մաֆիաների, իրավապահ մարմինների անվստահության փաստերը, որոնց վերացման ուղղությամբ իշխանությունները որեւէ լուրջ նախաձեռնություն հանդես չեն բերում: Ավելինՙ համագումարը շեշտել է ընդդիմադիր դաշտում գործելու կարեւորությունըՙ տիրող պայմանների բարելավման եւ քաղաքական իրավիճակի փոփոխմանը հասնելու նպատակով: Կուսակցությունը հավատում է, որ Հայաստանում հնարավոր չէ արդարության հասնել առանց ժողովրդավարության, որի հիմնաքարը կլինի ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանության հերթափոխությունը:

2007 թ. Հնչակյան կուսակցությունը պատրաստվում է տոնելու իր 120-ամյակը բազմաթիվ եւ բազմաբնույթ միջոցառումներով:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4