«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2005-12-10 | #227, 2005-12-13 | #228, 2005-12-14


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՆԱԽԱԴԵՊԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ

Առայժմ սկսելով աշխարհում դրա փորձի ուսումնասիրությունից

Հայաստանը շնորհիվ եւ ի հետեւանք սահմանադրական փոփոխությունների, կամաց-կամաց դատական համակարգում կանցնի նախադեպի իրավունքին: Երեկ մեկնարկեց նախադեպի իրավունքի գիտաժողովը, որ կազմակերպվել է Լոնդոնի «Բրիտանական արեւելք-արեւմուտք կենտրոն» կազմակերպության եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախաձեռնությամբ, Հայաստանում ԱՄՆ իրավաբանների ընկերակցության եւ Հայաստանի վճռաբեկ դատարանի աշխատակազմի աջակցությամբ: Ծրագրի ֆինանսավորումն ապահովում է բրիտանական դեսպանատունը:

Որպես գիտաժողովի հիմնական նպատակ հայտարարվեց նախադեպի իրավունքի տեսության կիրառման ուսումնասիրությունն անգլո-ամերիկյան եւ մայրցամաքային իրավական համակարգերում, նաեւ միջազգային իրավունքում: Նախադեպի իրավունքի ուսումնասիրությունը զուտ անհրաժեշտություն է, որ բխում է ՀՀ նոր սահմանադրության 92-րդ հոդվածից, ըստ որի Հայաստանի վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, ինչը մեկնաբանվում է որպես նախադեպի սկզբունքի կիրառման հնարավորություն:

Գիտաժողովին ներկա էին դատավորներ, փաստաբաններ եւ իրավագետներ Հայաստանից, Անգլիայից, Մ. Նահանգներից եւ Վրաստանից: Ինչպես նշեց Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, համաձայն սահմանադրության նոր խմբագրության, վճռաբեկ դատարանի դերի ամրագրումը որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող մարմին, իրավական հիմք է Հայաստանում ունենալու նախադեպի ինստիտուտը: Ըստ պրն Մանուկյանի, նախադեպի ինստիտուտի լիարժեք կիրառումը հնարավոր է այն դեպքում, երբ օրենսդրական մակարդակով կամրագրվեն ինստիտուտի բոլոր դետալները: Վճռաբեկ դատարանի նախագահը գտնում է, որ եկող տարվա սկզբում հնարավոր է ունենալ օրենսդրական կարգավորումներ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի համոզմամբ, նախադեպի ինստիտուտի օգտագործումը հնարավորություն կընձեռի օգտագործելու մի կարեւոր սկզբունք, այն էՙ բոլորը հավասար են օրենքի առջեւ: Ասվածի մեկնաբանությունը հետեւյալն է. հիշատակված սկզբունքի իրական նշանակությամբ դատարանները նմանատիպ գործերով պետք է ունենան նմանատիպ վճիռներ: «Դա հնարավորություն է ընձեռում ավելի կանխատեսելի դարձնելու դատական համակարգը, դարձնելու ավելի թափանցիկ»:

Այդ կերպ կկրճատվի նաեւ գործերի թիվը դատարաններում, քանի որ, ըստ արդարադատության նախարարի, ծանոթանալով նախադեպերին, կարելի կլինի ենթադրել որեւէ գործով դատարանի վճիռը: Դավիթ Հարությունյանը կարեւորեց նաեւ նախադեպի կիրառման դեպքում հասարակության իրավագիտակցության վրա ունենալիք ազդեցությունը եւ ավելացրեց, որ ըստ էության նախադեպն արդեն կիրառվում է: Մասնավորապես որպես նախադեպ են օգտագործվում մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերը:

Գիտաժողովի ընթացքում ծրագրված ելույթները վերաբերում էին նախադեպի կիրառման անգլիական փորձին, մայրցամաքային իրավունքի երկրներում դրա օրենսդրական հիմքերին եւ դատական պրակտիկային, նախադեպի իրավունքին Մ. Նահանգներում, եվրոպական դատարանում, ընդհանուր առմամբ միջազգային իրավունքում եւ միջազգային ատյաններում:

Ավելացնենք, որ նախադեպի իրավունքը Հայաստանի իրավական համակարգում արդյունավետ կիրառելու համար գիտաժողովը կուսումնասիրի եղած փորձն աշխարհի մակարդակով, որպեսզի հաշվի առնվեն Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները: Ընդհանուր առմամբ նախադեպի կիրառումը միշտ չէ, որ պարտադիր է: Պարտադիր են վերադաս դատարանի ստեղծած նախադեպերը ստորադաս դատարանի համար, նույն մակարդակի դատարանների համար նախադեպը պարտադիր չէ, սակայն ունի կողմնորոշիչ նշանակություն:

Ինչեւէ, հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգիՙ տարբեր հետազոտություններով, ամենակոռումպացվածը լինելու հանգամանքը, հայաստանյան դատավորների ընդհանուր կերպարի ոչ դրական լինելը, ինչպես նաեւ դատական համակարգում վերահսկողության եւ պատասխանատվության հարցի անորոշ վիճակը, թերեւս հարկ է ի սկզբանե մեծապես կարեւորել դատավորների վերապատրաստման հարցը: Պակաս ուշադրության արժանի չէ նաեւ ստեղծվելիք օրենսդրության հակակոռուպցիոն բնույթի կարեւորումը: Թերեւս այս դեպքում, երբ, ըստ դատական համակարգի ներկայացուցիչների, պիտի ստեղծվի նոր օրենսդրություն նախադեպի իրավունքի ամրագրման համար, հնարավոր է եւ անհրաժեշտ նոր օրենսդրությունը մշակել հնարավորինս լավ եւ առանց թերությունների:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4