«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2005-12-13 | #228, 2005-12-14 | #229, 2005-12-15


ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԲԱՎԱԿԱՆ ՀԵՌՈՒ ԵՆՔ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ»

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ նախագահին գրավոր առաջարկություն չի ներկայացրել

Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ առանձին հանդիպել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների հետ: Արկադի Ղուկասյանի հետ ավելի քան 1 ժամ տեւած բանակցություններից հետո համանախագահները հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ լրագրողներին: Փոխարենը Ղուկասյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի:

«Որեւէ նոր առաջարկ չկա, կան տարբեր մոտեցումներ այս կամ այն հարցի վերաբերյալ: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներով փորձ է արվում գտնել եզրեր եւ ենթադրվում է, որ գալու է մի պահ, երբ բանակցային ձեւաչափը փոխվելու է, ԼՂ-ն ընդգրկվելու է գործընթացի մեջ, եւ այն, ինչ մտահոգում է ԼՂ-ին, ներկայացվելու է ե՛ւ կողմերին, ե՛ւ համանախագահներին», ասաց Ղուկասյանըՙ ընդգծելով, որ «չկա վերջնական փաթեթ, կան տարբեր սկզբունքների շուրջն առաջարկներ»:

Ավելի վաղ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել էր, որ դեկտեմբերի 4-ին Լյուբլյանայում Մինսկի խումբն արտգործնախարարներ Օսկանյանին եւ Մամեդյարովին է փոխանցել կարգավորման առաջարկությունների փաթեթ: Երեկ Արկադի Ղուկասյանը հստակ նշեց. «Ինձ գրավոր առաջարկ չեն ներկայացրել»:

«Մենք չենք ենթադրում, որ առանց Ղարաբաղի հարց է կարգավորվելու, դա անհնար է: Եթե ցանկանում են կարգավորել խնդիրը, պարտավոր են լինելու ընդգրկել մեզ (բանակցային գործընթացում), որովհետեւ առանց ԼՂ-ի մասնակցության այս հարցը կարգավորել հնարավոր չէ», ասաց Ղուկասյանըՙ հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարությունները չեն նպաստում կարգավորման գործընթացին եւ ստեղծում են տպավորությունՙ «այս բոլոր քննարկումները կարող են անիմաստ լինել, քանի որ չեզոքացվում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններով»:

Համանախագահները եւ միջազգային հանրությունը 2006 թ. համարում են հարմար տարի ԼՂ հակամարտության կարգավորման համար, քանի որ հաջորդ տարի Հայաստանում եւ Ադրբեջանում չկան համապետական ընտրություններ: Ըստ «Մեդիամաքսի», երեքշաբթի օրը Բրյուսելում հարավկովկասյան պետությունների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսում ԵՄ միասնական արտաքին եւ պաշտպանական հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան ասել է, որ վերջին ժամանակահատվածում կարգավորման գործընթացում առաջընթաց է գրանցվել. «Մենք հույս ունենք, որ 2006 թ. կլինի հակամարտության լուծման մեկնարկի տարի»:

Արկադի Ղուկասյանը դժվարանում է ասելՙ 2006 թ. կհաջողվի՞ կարգավորել խնդիրըՙ «սա կարող է միայն Նոստրադամուսն ասել»: «Ես կարծում եմ, որ այսօր մենք բավական հեռու ենք կարգավորումից: Ես չեմ կարող ասել, որ մոտ ենք, որովհետեւ նկատի ունեմ Ադրբեջանի հայտարարությունները: Ես անձամբ չեմ շփվում (Ադրբեջանի ղեկավարության հետ), բայց եթե Բաքվի դիրքորոշումն այն է, ինչ արտահայտում են մամուլում, ուրեմն մենք հեռու ենք կարգավորումից»:

«Կա՞ն տարաձայնություններ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ» հարցին Ղուկասյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք սկզբունքներ համաձայնեցնել Հայաստանի հետ: Կան որոշ տարաձայնություններ, բայց դրանք լուծվում են գործընթացում»: ԼՂ նախագահը նշեց, որ Ադրբեջանը վերջնագիր է դնում համանախագահների առաջ, չի ցանկանում «խոսել Ղարաբաղի հետ, եւ համանախագահներն ստիպված ընդունում են դա, չնայած հասկանում են, որ առանց ԼՂ-ի հարցը հնարավոր չէ կարգավորել»: «Պարզ էՙ Ադրբեջանի հետ Ղարաբաղը շատ ավելի հարցեր ունի, քան Հայաստանը: Իմ հարցադրումներից մեկն էլ սա էր համանախագահներին: Ես չեմ հասկանում, եթե Ադրբեջանն իրոք պատրաստվում է կարգավորել հարցը, ինչո՞ւ չի խոսում ԼՂ-ի հետ: Պատասխան չկա»:

Ղուկասյանն ընդգծեց, որ Ղարաբաղի հարցը գաղտնի պայմաններում չի լուծվելու, ամեն մի լուծում ենթադրում է փոխզիջում, սակայն «ԼՂ վերադարձն Ադրբեջանի կազմ ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե հնարավոր չէ»: ԼՂ նախագահն ասաց, որ հանրաքվեի հարցն օրակարգում է, սակայն Ստեփանակերտի եւ Բաքվի մոտեցումները տարբերվում են. «Այսօր միջազգային հանրությունը մեզ առաջարկում է եւս մեկ անգամ անցկացնել հանրաքվե: Եթե առաջարկում են գաղափարը, կարծում եմ, մեզ համար ընդունելի է, բայց հստակեցումներ են անհրաժեշտ: Եթե կա հնարավորություն, որ Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը ճանաչելու են հանրաքվեի արդյունքները, համարում եմ, որ իմաստ ունի խոսել հանրաքվեի մասին»:

Հայաստանի առաջին նախագահն իր վերջին հարցազրույցում պնդել էր, որ այն, ինչ ստանալու էր հայկական կողմը 1997 թ.-ին, այլեւս չի ստանա: «Ազգի» հարցին, թե հայ ժողովուրդը զրկվե՞լ է առավելագույնն ստանալու հնարավորությունից, Ղուկասյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավունք ունի իր կարծիքն ունենալու: Բայց ես համամիտ չեմ նրա հետ եւ կարծում եմ, որ մենք կարող ենք ստանալ ավելի շատ, քան 1996-ին կամ 1997-ին»:

Այսօր ՄԽ համանախագահները Երեւանից կուղեւորվեն Բաքու: Ադրբեջանի արտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ 2006 թ. կարող է վճռորոշ լինել ԼՂ խնդրի լուծման համար, սակայն կարծում է, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են բարձր մակարդակով լուծում:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4