«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2005-12-13 | #228, 2005-12-14 | #229, 2005-12-15


ՎՈՒԱՄ-ԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ

ԼՂ խնդիրը ՄԱԿ-ի օրակարգում քննարկման դնել Ֆրանսիան եւ Ռուսաստանը չեն աջակցել նախաձեռնությանը

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գլխավոր հանձնաժողովում Մոլդովան ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անունից փորձել է ՄԱԿ-ի օրակարգի քննարկմանը դնել սեւծովյան ավազանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի հակամարտություններըՙ Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա եւ Լեռնային Ղարաբաղ: Գլխավոր հանձնաժողովը 3 կողմ, 5 դեմ եւ 17 ձեռնպահ ձայներով մերժել է առաջարկությունը:

Ֆրանսիայի ներկայացուցիչն իր ելույթում ընդգծել է, թե ժամանակը չէ, որ Գլխավոր ասամբլեան ստանձնի այդ խնդիրները, քանի որ այլ խմբեր եւ կազմակերպություններ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ջանքեր են գործադրում դրանց լուծման ուղղությամբ: Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը քաղաքական առումով ճիշտ չէ, քանի որ հակամարտությունների կարգավորման հարցում բանակցությունները շարունակվում են եւ արդյունավետ չէ դրանց տեղափոխումը Գլխավոր ասամբլեայի օրակարգ:

Մ. Նահանգների ներկայացուցիչն ասել է, որ քվեարկությունը զուտ ընթացակարգային է եւ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներն իրավունք ունեն «ազգային մտահոգությունները» բերելու Գլխավոր ասամբլեայի օրակարգ: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն ասել է, որ կողմ է քվեարկել, քանի որ դա համարել է «սկզբունքի խնդիր»:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրել է, որ անցյալ տարի նույնպես փորձ արվեց ԼՂ խնդիրը տեղափոխել Գլխավոր ասամբլեայի օրակարգ: Ադրբեջանի ներկայացուցիչն ասել է, որ հակամարտությունների հարցը Գլխավոր ասամբլեա ներկայացնելով նպատակ չի դրվում փոխել շարունակվող բանակցությունների ձեւաչափը: Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը շարունակվում է մնալ չկարգավորվածՙ չնայած Մինսկի խմբի 13 տարվա միջնորդությանը: Ադրբեջանի տարածքների ազատագրումը եւ դրանց վերադարձն ադրբեջանցի ժողովրդին պետք է դառնա խնդրի խաղաղ կարգավորման կիզակետը, ասել է նա:

Վրաստանի ներկայացուցիչը նկատել է, որ ինչքան շատ ուշադրություն դարձվի հակամարտություններին, այնքան լավ է: Նա հիշեցրել է, որ առանց արդյունքների Վրաստանի իրավիճակով զբաղվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Փաստորեն, Վրաստանի ներկայացուցիչն իր ելույթով անուղղակիորեն հաստատել է, որ ԱՊՀ տարածքում սառեցված 4 հակամարտությունների տեղափոխումը ՄԱԿ-ի օրակարգ չի նշանակում դրանց լուծում:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4