«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2005-12-15 | #230, 2005-12-16 | #231, 2005-12-17


ՆԱՀԱՆՋՙ ԵՐԳՈՎ

Վերջին հանրահավաքը սենտիմենտալ երանգներ ուներ: Նախՙ հանրահավաքը հենց սկսվեց անձրեւն ուժեղացավ եւ կտրվեց հենց այն պահին, երբ հանրահավաքի վերջին ակորդը հնչեց: Ոնց որ իշխանությունների պատվերով: Հետո` տեսարանը տխրության էր մղում. մոտ հազար մարդ ինքնազոհ կերպով կանգնած էր անձրեւի տակ եւ համբերությամբ կանգնած մնաց մինչեւ վերջ` մինչեւ վերջին թելը թրջվելով: Մինչ ելույթներն էլ երգ-երաժշտություն էր հնչում, երգի ակորդներով հանրահավաքային շրջանի փակումը կարծես ուղեկցելով:

Կարգախոսները չէին փոխվել: Ինչպես եւ նախօրոք հայտնի էր` բացակա էին ՀԺԿ-ն եւ Ստեփան Դեմիրճյանը: Խոսողները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վազգեն Մանուկյանը, Արամ Սարգսյանը անպայման ուղերձ էին անում անձրեւին, երկարատեւ պայքարի հաստատակամություն էին հայտնում, նշում, որ Նոր տարին եւ ողջ հունվարը հարկավոր կլինեն ինքնակազմակերպվելու համար: Վ. Մանուկյանը հորդորեց նոր տարվա սեղանի մոտ հիշել-խոսել երկրի ճակատագրի եւ հետագա անելիքի մասին, քանի որ երկիրը կանգնած է մեծ փոփոխությունների շեմին, բոլոր հարցերում փակուղու առաջ ենք: Ր. Հովհաննիսյանը պատրաստակամություն հայտնեց շարունակաբար պայքարելու, եւ դրան չեն կարող խանգարել ո՛չ եղանակը, ո՛չ գրչակները, ո՛չ չարախոսությունները: Ա. Սարգսյանը բարձր գնահատեց քաղաքացի լինելու եւ իրենց հետ մինչեւ վերջ թրջվելու մարդկանց պատրաստակամությունը: «Ստորագրեք ապագա Հայաստանի չորրորդ հանրապետության քաղաքացի լինելու համար, մասնակցեք քաղաքացիական շարժմանը», սեղաններին դրված թրջված թղթերն առաջարկում էր ստորագրել Ա. Սարգսյանը: Հաջորդ հանրահավաքը նա նշանակեց հունվարի 27-ին. մինչ այդ ընդդիմությունը կփորձի համալրել իրենց նախաձեռնած քաղաքացիական շարժումը: Ըստ նրա` պարտադրված վերաձեւումներ են լինելու ե՛ւ իշխանության բուրգում, ե՛ւ ընդդիմության մեջ: «Բայց մեկ է` երկիրը հայրենիք դարձնելու համար հեղափոխություն է պետք», եզրակացրեց Արամ Սարգսյանը: Եվ այդպես էլ, հունվարի վերջերից ակտիվ քաղաքական դաշտ վերադառնալու խոստումով, ընդդիմադիրներն ավարտեցին հանրահավաքը, անձրեւն էլ կտրվեց:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4