«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2005-12-15 | #230, 2005-12-16 | #231, 2005-12-17


ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Վահան Հովհաննիսյան, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ: 2005-ը մատնանշեց հայ ժողորդի (նաեւ` սփյուռքի) նոր փուլ մտնելը` հատկապես Եվրամիության առումով. մեզ հաջողվեց լոկալ-մասնատված հայկական գաղթօջախները որպես ընդհանուր եվրոպական հայություն միավորել` իր քաղաքական պահանջներով, քաղաքական ինստիտուտներով, քաղաքական պայքարի մեթոդներով: Դա մեզ համար մեծ նվաճում է` ե՛ւ որպես պետության, ե՛ւ սփյուռքի շահերի տեսանկյունից:

Այս տարվա ամենամեծ նվաճումը համարում եմ սահմանադրական բարեփոխումների ընդունումը:

Ցավոք, ընդդիմության իրար հաջորդող տակտիկական սխալները բերեցին ստրատեգիական լուրջ ձախողման (բոյկոտները, ճիշտ չկողմնորոշվելը):

Ես սպասում եմ այսօր նոր ընդդիմության ձեւավորման, որովհետեւ այսօր ընդդիմությունը հյուծված-մասնատված է. ո՞ր ուժերից` դժվարանում եմ ասել: Իհարկե, հին ուժերն էլ մասնակից կլինեն, բայց նոր, թարմ ուժ է պահանջվում, նոր, թարմ լուծումներ:

ԱԺ աշխատանքի մասին. ԱԺ պատգամավորների եւ ղեկավարության էներգիան կարող էր օգտագործվել շատ ավելի արդյունավետ, բայց մենք պարտադրված ենք եղել դրա մի զգալի մասը վատնել ԱԺ-ի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Զուտ կազմակերպչական վատնումներ էին դրանք, թե չէ շատ ավելիին կարող էինք հասնել:

Կարեն Կարապետյան, «Ժողպատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: Կարեւոր է, որ ընդդիմության եւ իշխանության հարաբերությունները լինեին կառուցողական եւ երկխոսության դաշտում, այլ ոչ թե հակամարտության. սա մեծ վնաս էր ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը: Սրանք մեկը մյուսին հակակշռող մարմին են` երկուսի ուժեղ լինելն էլ շատ կարեւոր է: Բայց հանրաքվեից հետո երկուսն էլ թուլացան իմ կարծիքով: Կարծում եմ, խմորումներ կլինեն, եւ դրա մեջ արտառոց ոչ մի բան չեմ տեսնում. նոր գործընթացներ կզարգանան: Մեր տեղն անցյալ տարիներին քաղաքական դաշտում հավասարակշռություն պահպանելու մեջ է եղել, մենք երկխոսության կողմնակից ենք, եւ դա ինքնանպատակ չէ: Մենք հասկացել ենք, որ տնտեսությունը, փողը շատ զգայուն են անկայունության նկատմամբ, անկայուն դաշտում փողը ձագ չի հանում: Փողը կտեղափոխվի այնտեղ, որտեղ կայուն մթնոլորտ է եւ կարող է վերարտադրվել: Այս պատճառով հենց փորձել ենք հավասարակշռություն ապահովել: Երբ ընդդիմությունը թույլ է եղել` մենք փորձել ենք աջակցել նրան, բայց ցավոք` նրանց վերջին տարիների բոյկոտը թույլ չտվեց մեզ նաեւ իրենց հետ աշխատել: Իսկ իշխանությունը բաց թողեց շանսը եւ ընդդիմության հետ մաքսիմալ երկխոսության դաշտում չհայտնվեց:

Գալուստ Սահակյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար: Քաղաքական տարին շատ խառնիճաղանջ էր` կան եւ դրական, եւ բացասական երեւույթներ: Խորհրդարանը լուրջ հաջողություններ է արձանագրել ոչ միայն օրենսդրական դաշտում. Եվրոխորհրդի առջեւ մեր պարտավորություններն ըստ էության ավարտեցինք, առաջիկա տարիներին ձեռք բերվածը միայն պետք է ամրապնդենք: Քաղաքական իրավիճակի գնահատականը հետեւյալն է. մեծ կորուստներ ունեցանք` ընդդիմությունը քաղաքական բանավեճի զարկերակը դառնալու փոխարեն ակնհայտորեն իրեն լուսանցքից դուրս դրեց, որը բավականին լարվածություն կառաջացնի 2006-ի քաղաքական դաշտում: Առաջիկայում ընդդիմության չակերտավոր հաջողությունը կլինի այն, որ իշխանական կուսակցություններում վիճարկվող հարցերը կշատանան` ի վնաս մեր պետության: Նոր քաղաքական իրավիճակ է սպասում նաեւ կոալիցիային: Կարծում եմ, արդեն գարնանը գորշ պոպուլիզմի ժամանակաշրջան է սկսվելու, եւ, պետության ռազմավարական ծրագրերը հաշվի չառնելով կուսակցությունները նեղ կուսակցական շահարկումներով փորձելու են ժողովրդի ձայներ հավաքել: Սա շատ վտանգավոր եմ համարում:

Անցյալը գնահատելիս դրականը նաեւ այն եմ համարում, որ 2003-ին կոալիցիայի որդեգրած սկզբունքները եւ դրանցով թելադրված կառավարության ծրագիրը իրականացվեցին` դրանք կավարտվեն 2006-ին, եւ ոչ թե 2007-ին, ժամկետից շուտ: Կոալիցիայի` համակարգային փոփոխություններ իրականացնելու վերջին խնդիրը սահմանադրության բարեփոխումն էր: Այժմ արդեն կամ կոալիցիան նոր որդեգրումներ պետք է անի, կամ աշխատի փոխհամաձայնություններով. կոալիցիան պատմականորեն իր առաքելությունը կատարել է: Նոր համագործակցության խնդիրը, կարծում եմ, կառաջանա նոր սահմանադրության եւ օրենսդրական դաշտի համապատասխանեցման, նոր օրենքների ընդունման հետ:

Վիկտոր Դալլաքյան, «Արդարություն» խմբակցության քարտուղար: Ընդդիմության վիճակը փայլուն է, քանի որ ժողովուրդը 90 տոկոսով մերժեց իշխանություններին եւ բոյկոտեց հանրաքվեն: Այդ 90 տոկոսն ասում է այն մասին, որ ընդդիմության բանակը կարող է համալրվել: Սա շատ կարեւոր արձանագրում է քաղաքականության մեջ` պետք է միայն հետեւողական լինել եւ հետագա լուրջ քայլեր անել: Կոալիցիայի ներսում տեսնում եք ինչ է կատարվում` իրար հայհոյում են, «դուալիստ» ու «դեբիլ» են անվանում: Ընդդիմության մեջ երբեք չեն անցել անձնական վիրավորանքների: 2006-ը նախընտրական տարի է, պարզ է, որ վերադասավորումներ եւ վերաձեւումներ կլինեն, բացի այդ հնարավոր են ԼՂՀ հարցի զարգացումներ: Դեկտեմբերը եւ հունվարը մեռած ամիսներ են, բայց փետրվարից արդեն քաղաքական որոշակի զարգացումներ կլինեն: («Ի՞նչ վերաձեւումներ» մեր հարցին հնչեց հետեւյալ պատասխանը. «Գլուխները ջարդելու ենք»-Մ.Խ.)

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. - Կներկայացնենք նաեւ մյուս խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների գնահատականները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4