«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2005-12-16 | #231, 2005-12-17 | #232, 2005-12-20


«ԱՄՆ-Ն ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ ԱՅՆ ՈՒԺԸ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԵՆ ԻՐԱՆԻ ՎՐԱ»

Թեհրանում հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Ասեֆին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի հակաիսրայելական վերջին արտահայտությունները բուռն հակազդեցություն էին առաջացրել միջազգային ասպարեզում: Մինչ արեւմտյան տերությունները դրանք բնութագրում էին իբրեւ սկանդալ, իսկ բրիտանական «Սանդեյ թայմսը» նախազգուշացնում էր 2006 թ. մարտին Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու Իսրայելի մտադրության մասին, Թեհրանում լրագրողների հետ ճեպազրույց է ունենում Իրանի արտգործնախարարության խոսնակ Համեդ Ռեզա Ասեֆին:

Նա ճեպազրույցում, ինչպես դեկտեմբերի 18-ին տեղեկացրեց թուրքական հանրային հեռուստատեսությունը, պարզաբանումներ է տվել նախագահ Ահմեդինեժադի հակաիսրայելական արտահայտությունների եւ Իրանի վրա հարձակվելու Իսրայելի մտադրության մասին բրիտանական թերթի հրապարակման առնչությամբ: Այլ կերպՙ Ասեֆին ճեպազրույցով արձագանքել է «Սանդեյ թայմսին», թերեւս դրանով էլ հաստատել Իսրայելի հնարավոր հարձակմանը խորտակիչ հարվածով պատասխանելու Իրանի պաշտպանության նախարար Մուստաֆա Մոհամմադ Նաջարի դեկտեմբերի 16-ի հայտարարությունը:

«Ազգը» դեռեւս դեկտեմբերի 14-ին, մեկնաբանելով Մահմուդ Ահմեդինեժադի Իսրայելի դեմ ուղղված արտահայտությունները, կարծիք էր հայտնել, որ տարածաշրջանում ուրվագծվում է հոգեբանական նոր պատերազմ, որի մեջ Իրանի նախաձեռնությամբ ներքաշվում է Իսրայելը: Հակառակ կողմին արագ արձագանքելը բխում է այդ պատերազմի բնույթից, իսկ արձագանքի առկայությամբ փաստորեն հաստատվում է մեր կարծիքը:

Թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, լրագրողներիՙ «Նախագահ Ահմեդինեժադի հակաիսրայելական վերջին արտահայտությունները չե՞ն անդրադառնա Իրանի միջուկային ծրագրի շուրջը Եվրոմիության երկրների հետ նախատեսվող առաջիկա բանակցություններին» հարցին Ասեֆին պատասխանել է, որ այդ արտահայտությունները գիտական էին, հետեւաբար չեն կարող ազդել բանակցությունների վրա:

Իրանի նախագահի հայտարարություններին արեւմտյան երկրների հակազդեցությունն Ասեֆին բնութագրել է որպես «անտրամաբանական եւ զգացմունքային», նշելով, որ այդ հակազդեցությունն անհարիր է քաղաքակիրթ աշխարհին: Լրագրողները Ասեֆին հիշեցրել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշիՙ «Իրանն սպառնալիք է աշխարհի համար» խոսքերը, իսկ նա ասել է, որ աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը Մ. Նահանգներն ու Իսրայելն են:

Ասեֆին գնահատելով Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունը, դա համարել է ցանկատեսություն եւ ավելացրել. «ԱՄՆ-ն ու մյուս երկրները չունեն այն ուժը, որ ի վիճակի լինեն հարձակվել Իրանի վրա եւ քաջատեղյակ են այդ մասին»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4