«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2005-12-16 | #231, 2005-12-17 | #232, 2005-12-20


«ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»

Անդրանիկ Մարգարյանի մաղթանքը. «Նոր տարում շները որքան հնարավոր է քիչ հաչան»

Սպասվում էր, որ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ հերթական 9-րդ համագումարում անպայման անդրադարձ կլինի ներկոալիցիոն ոչ այնքան միանշանակ հարաբերություններին: Ուղղակի անդրադարձ, որպես այդպիսին` չեղավ, սակայն հանրապետականին ուղղված նրա երեք առաջնորդների` Անդրանիկ Մարգարյանի, Տիգրան Թորոսյանի եւ Գալուստ Սահակյանի հորդոր-ուղերձներում անուղղակի նշվում էր, որ հանրապետականն ավելի վճռական ձայն պետք է ունենա իր կոալիցիոն գործընկերների համեմատ` ԱԺ-ում ունեցած ամենամեծ պատգամավորական խմբի թվակազմին համապատասխան, ավելի ճկուն պետք է դառնա եւ շատ գործ է ունենալու` 2007-ին շատանալիք գորշ պոպուլիզմին դիմակայելով:

Ըստ Անդրանիկ Մարգարյանի` հանրապետականները չպետք է ավելորդ համեստություն անեն կառավարությունում եւ Ազգային ժողովում կատարած իրենց աշխատանքը ներկայացնելիս, քանի որ երկուսում էլ մեծ հաջողություններ են արձանագրել: Հանրապետականը նկատելի կապիտալ է ձեռք բերել նաեւ ՏԻՄ ընտրություններում` համայնքների 30-ից ավելի ղեկավարներ, քաղաքապետներ, ավագանու 400-ից ավելի անդամներ: 24 հազար անդամ ունեցող կուսակցությունը այս տարի համալրվել է 3619 անդամով: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ավելի բաց տեքստով մատնանշեց. «Հանրապետական կուսակցությունը երբեք չպիտի նախաձեռնությունը զիջի խորհրդարանում, պետք է եղանակ ստեղծող եւ թելադրող լինի... եւ դա պիտի երեւա ամեն մի հարցի քննարկման ժամանակ»:

«Սուտլիկ որսկանությունն ավելանում է քաղաքական դաշտում», մինչդեռ «ՀՀԿ-ն պոպուլիզմով չի զբաղվում եւ իր բեռը տանում է». սրանք մեջբերումներ են ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքից: Պարզ է, որ քարը նետվում էր կոալիցիոն գործընկերներից մեկի բոստանը:

Ի դեպ` համագումարին ՀՅԴ-ից ներկա էին Վահան Հովհաննիսյանը, ՕԵԿ-ից` Մհեր Շահգելդյանը, «Ժողպատգամավոր»-ից Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ նախարարներ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը:

Համագումարի ընդմիջմանը բավական երկար լրագրողների հետ զրուցեց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն դեմ կլինի ԼՂՀ հարցի ամեն մի լուծման, որը ՀՀԿ-ի սկզբունքներին չի համապատասխանի. Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է ընդհանուր սահման ունենան, Ղարաբաղի եւ նրա բնակչության անվտանգությունը պետք է ապահովված լինի, եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի. «Եթե մեր թվարկած վեց կետերը պահպանվեն` ապա կարող ենք իրենց հետ բանակցել, թե ի՞նչ ենք վերադարձնում ազատագրված տարածքներից»:

«Ո՞ւմ էիք սուտլիկ որսկաններ ասում» հարցին վարչապետը պատասխանեց. «Էն բոլոր քաղաքական ուժերին կամ գործիչներին, ովքեր փորձում են գոտիկից վերեւ թռնել, կամ ովքեր փորձում են այն ձեւի խնդիրներ բարձրացնել եւ լուծումներ գտնել, որ այսօր անհնար է անել»:

Արդյոք Հայաստանի կառավարությունը վայելո՞ւմ է ժողովրդի վստահությունը. ըստ Անդրանիկ Մարգարյանի` այո, քանի որ սոցիալական խնդիրներով ժողովուրդն իշխանությունների դեմ դուրս չի գալիս: Լրագրողները նրան հիշեցրին Բուզանդի փողոցի խնդիրը. «Բայց կներեք, Հյուսիսային պողոտայի 300-400 հոգուց 10 հոգին բողոքում են, բայց էն 390-ը չեն բողոքում, չէ՞: Ինչպես ընտրության ժամանակ` կան հաղթողներ եւ պարտվողներ, պարտվողները միշտ բողոքում են: Նույնն էլ այստեղ` կան մարդիկ, որոնք բողոքում են: Ես ճանաչում եմ նրանց, մի քանիսին ընդունել եմ. ամբողջ խնդիրը գումարի մեջ է. եթե իրենց ուզած գումարը տաս` իրենք դուրս կգան: Ով որ իրացնում է էդ տարածքը` որքա՞ն է տալիս, իրենք որքա՞ն են ուզում` որքան հնարավոր է շատ պոկեն. իրենք այս ճանապարհով են գնում, մի խոսքով` տնտեսական խնդիր է, էստեղ քաղաքական խնդիր գոյություն չունի»:

Վարչապետի ամանորյա մաղթանքն այս տեսքն ուներ. «Ամենաառաջինը խաղաղություն եւ կայունություն լինի` որ ինչ մտադրվել ենք, հնարավորություն ունենանք իրագործել, երկրին ներքին կայունություն: Ես ընդդիմադիր դաշտում եղած բոլոր կուսակցություններին համարում եմ հիմնականում հայեր, որոնք որ շահագրգիռ են մեր պետության հետագա զարգացման համար: Առճակատումը չբերի այնպիսի իրավիճակի, որպեսզի երկրի ներքին կայունությունը խախտվի, որից օգտվեն երրորդ, չորրորդ եւ արտաքին ուժերը: Ես խոհեմություն եմ ցանկանում ե՛ւ իշխանական կուսակցություններին, ե՛ւ ընդդիմադիր կուսակցություններին. ինչ-որ մի սահման կա, որից այն կողմ չպետք է գնալ, որից այն կողմ ոչ միայն պետք է գործողություն չկատարել` հարգելով մեր բոլորի անցած ճանապարհը, պետության անվտանգությունը, որովհետեւ այսօր իշխանափոխություն կատարել փողոցի միջոցով անհնար է:

Ընդամենը մեկ տարի է մնացել` խնդրեմ, թող գան 2006 թվականին Ազգային ժողով, մեծամասնություն ունենան, փորձեն իրենց խնդիրները լուծել` կառավարություն կազմեն, սահմանադրական ճանապարհով, եթե կարող են, իմպիչմենթ հայտնեն նախագահին. այսինքն` այս ճանապարհով է պետք գնալ: Մենք էլ փորձելու ենք մեր դիրքերը ամրապնդել. ինչու՞ ընդդիմության դաշտում եղածները իշխանության պետք է ձգտեն, իշխանության մեջ եղածները չպե՞տք է փորձեն իշխանություն պահպանել. եթե նրանցը բնական է, ապա այս թեւի ձգտումն էլ պետք է բնական համարել»: Լրագրողների հիշեցմանը, թե 2006-ը շան տարի է, վարչապետն արձագանքեց. «Նոր տարում շները որքան հնարավոր է քիչ հաչան»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բյուջեի ծախսային մասում կմնան չծախսված գումարներ

Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի` հնարավոր է,որ այս տարվա բյուջեի ծախսային մասով նախատեսված գումարները կառավարությունը չհասցնի լրիվ ծախսել: Խոսքը հիմնականում վերաբերում է վարկային գումարներին: Իսկ թե հատկապես ի՞նչ գումարների մասին է` վարչապետը դժվարացավ պատասխանել. «Մինչեւ տարեվերջ մի շաբաթ կա` դեռ կտեսնենք»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4