«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2005-12-16 | #231, 2005-12-17 | #232, 2005-12-20


ՇՈՒԿԱՆ ԽԺՌՈՒՄ Է ՄԵԶ

Նախամանորյա եռուզեռը սպառնում է իրենով անել մնացած ամեն ինչ: Որքան էլ ասենք` «Չեմ սիրում նոր տարին», դա ի սրտե չէ. հայերս, անկախ հասարակության մեջ գրաված դիրքից եւ աշխատավարձի չափից, սիրում ենք տեղը տեղին Նոր տարի անել: Հարուստ թե աղքատ, նախարար թե բոմժ` Նոր տարին բոլորինն է: Դա ապագայի հույս է, մի տարով եւս կյանքը փոխելու մարդուն տրված հնարավորություն, վերջապես` ընտանեկան տոն: Հանկարծ ու այդ դեռ չտեսնված ու չլսված նորը փոխի մեր կյանքը, հիմնիվեր շուռ տա ամեն բան ու ճամփա գցի բոլորովին նոր հունով: Ինչպես արեւն է առանց խտրության տաքացնում բոլորին, Նոր տարին էլ տաքացնում է բոլորիս սրտերը: Բայց մինչ այդ` պետք է անցնենք նախամանորյա Գողգոթան: Հատկապես իրար են անցնում կանայք, որոնցից շատերը մի 20 օր առաջ ընկույզ ու խոզի «բուդ» են առնում, պահեստավորում չփչացող մթերքը մի բացատրությամբ` «վերջին օրերին ահավոր թանկություն է լինում, բացի այդ էլ անորակը խցկում են որակյալի տեղ»:

Շատերի ձեռքին ցուցակներ կան: Մի երկու այդպիսի ցուցակ ուսումնասիրելուց հետո եկանք այն եզրակացության, որ Նոր տարվա սեղանի նվազագույն ծախսը սկսվում է 100 հազար դրամից, միջինը կազմում 150 հազար դրամ: Այդ գումարն սկսում է բարձրանալ ըստ ընտանեկան եկամուտների աստիճանակարգի: Մեր նորահարուստների ամանորյա «կայֆերը» շրջանցելով` փորձենք լցնել սովորական հայ մարդու զամբյուղը, խոստովանելով, սակայն, որ դա եւս ամեն ընտանիքի գրպանի բանը չէ:

Շուկան ընտրվում է ըստ գրպանի պարունակության. նվազագույն ծախսեր անողները սովորաբար գնում են Մալաթիայի, «Տաշիրի» հարեւանությամբ, կայարանամերձ եւ համանման բաց շուկաները, որտեղ հավանականություն կա մթերքը գնելու հենց առաջին ձեռքից` երկրորդ եւ երրորդ վերավաճառողների գումարները տնտեսելով: Կայուն եկամուտ ունեցողները գերադասում են փակ եւ «հանգիստ» շուկաները` շատ ավելի թանկ վճարելով համարյա նույն որակի մթերքի դիմաց: Օրինակ` բաց շուկաներում լավորակ կոտրած ընկույզը դեռ երեկ կարելի էր գնել կիլոգրամը 2,8 հազ. դրամով, իսկ փակ շուկաներում արժեր արդեն 3,5-4 հազար: Այս տարի քիչ է ներկրվել կաղինը եւ արժե 5 հազար դրամ: Սովորական օրերի համեմատ թանկացել է մսամթերքը: Հայերս այդպես ենք` ամբողջ աշխարհում ընդունված տարեվերջյան զեղչերը մեր մթերքի շուկայում չեն գործում` «Տարին մի անգամ ենք փող աշխատում` Նոր տարուն» բացատրությամբ: Եվ բաց ենք թողնում «գին» կոչվող կատաղած ցուլին: Տավարի փափուկ միսն արժե 1600-1700 դրամ, խոզի ազդրի կիլոգրամը` 2000-2200: Այս տարի առատ միրգ է եղել` շատ առատ եւ համեմատաբար էժան է ծիրանի ու դեղձի չիրը, բայց, դրան հակառակ, թանկ են էլի առատ բերքատվությամբ չզիջող տանձն ու խնձորը` կիլոգրամի արժեքը սկսվում է 300 դրամից: Գյուղացին շարունակում է դուրս մղվել շուկայից` այդպիսով 30-40 տոկոսով թանկանում է շուկան, գյուղացու եւ գնորդի հաշվին պահելով առեւտրականների հսկա բանակը:

Ընդհանուր առմամբ նկատելի է, որ առաջարկը գերազանցում է պահանջարկը: Չնայած դրան` վերավաճառողները գներ են սահմանում եւ աշխատում են դրանք պահպանել նույն միջին մակարդակին. սա է մեզ մոտ «ազատ» շուկան: Մարդիկ էլ վերջին երկու տարին աշխատում են նվազ ծախսերով պրծնել` չարազն ու կոնֆետեղենը գնում են կես կիլոգրամով, աշխատում են հիմնականում մսամթերք եւ խմորեղեն ունենալ, իսկ աղցաններ հայ տնտեսուհին կարող է հորինել նաեւ ոչնչից: Երկու տարի է` բոլոր գնային ռեկորդներն անցնում է հայրենական սիգը` սկսելով հատը (միջին մեծության) 500 դրամից եւ Նոր տարվա նախօրեին հասնելով 1000 դրամի. «ցուրտ ու մութ» տարիներին իր էժանությամբ այն նվազ ապահովված շերտերի փրկիչն էր, հիմա դելիկատես է, համարյա բուծած իշխանի գնի: Խմիչքի լավ տեսականին նույնպես հայերից շատերի գրպանով չէ. մի քանի տարի առաջ ո՞ր հայկական սեղանն էր առանց տեսակավոր կոնյակի, այսօր 7-8 հազարից սկսվող հայկական բրենդին միջինից ցածր եկամուտ ունեցող մեր գնորդը շրջանցում է, հայացքն ուղղում կեղծածներին: Այս է ֆրանսիացիներին վաճառված հայրենական պարծանքի տեղական ճակատագիրը:

Ինչ էլ լինի` մեր հնարամտությունը սահման չունի, եւ մենք մի հնարքով ամեն ինչից էլ մի քիչ ունենում ենք մեր Նոր տարվա սեղանին:

Իսկ մինչ այդ` շուկան տիրանում է մեզ: Հետ նայենք` կտեսնենք ավելի հոգեւոր տոներ, որոնց մատների արանքով ենք նայում, մինչդեռ այս մեկի մեջ մխրճվում ենք նյութական-մարմնական շաղափով, գլխովին: Ուտելու ծեսին նվիրված այս վազքի մեջ չմոռանա՞նք հանկարծ բուն խորհուրդը տոնի, որ հոգին նորացնելու պատգամ ունի իր մեջ: Նորոգվելու խորհուրդը, որ ամեն տեսակ նյութական եւ ուտելիքային ծիսակարգերից դուրս է: Մաքրվելու եւ քրիստոնյա սկզբի հետ ի մի լինելու խորհուրդը, որի պահանջատերն ամեն պտույտի սկիզբն է: Չմոռանա՞նք ծով սեղանի մոտ քաղցած մնալու հիշեցումը:

...Իսկ մինչ այդ շուկան խժռում է մեզ: Ակն ի տես` Երեւան քաղաք, դեկտեմբերի վերջ. անանաս փնտրող ծավալուն տիկին` կողքից պլստացող փոքրիկ տանտիկինների ընդհանուր պլանով, անտակ պայուսակը լցնող դեմիսռուսոսյան չափերի մի տղամարդ` ամեն ինչից ձեռքի հետ մի հինգ կիլոգրամ առնելով եւ մոտիկ մեքենան քարշ տալով, փողոցներում ամենուր եւ ամեն ինչ վաճառող նախամանորյա «փող աշխատողներ», որոնց հունվարի մեկից սպառնում է քշել քաղաքապետարանը, մուրացկաններ, անհոգ երիտասարդություն, 100 դոլարանոց արհեստական տոնածառերի սարեր, բոմժեր, Նոր տարվա խորհրդանիշ` մեծ ու փոքր շներ` իսկական եւ խաղալիք. շուկան մի երկու շաբաթով տիրանում է մեզ...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4