«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2005-12-16 | #231, 2005-12-17 | #232, 2005-12-20


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԱԾՐ Է «ԳՈՐԾԱՐԱՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ» ՄԱԿԱՐԴԱԿԸ

Ըստ AEPLAC-ի հետազոտության, հարկային վարչարարությունը տնտեսվարող սուբյեկտների ցավոտ եւ խոցելի հիմնահարցերից է

Այս տարի Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) իրականացրել է «Հարկերի գանձման գործընթացում գործարքային ծախքերի գնահատում»: Ըստ AEPLAC-ի հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանի, հետազոտությունն ինքնին եզակի է, անցումային երկրներից միայն Խորվաթիայում է նման աշխատանք իրականացվել:

Չանդրադառնալով մեթոդաբանությանը եւ տնտեսագիտական վերլուծության առանձնահատկություններին` նշենք, որ գործարքային ծախքերը շուկայական մեխանիզմների շահագործման ծախքերն են: Ավելի պարզ, դրանք որեւէ համակարգի գործունեության հետ կապված ծախքերն են: Գործարքային ծախքերի հիմնական տեսակներն են տեղեկությունների ձեռքբերման, բանակցության (հարկային մարմինների հետ «լավ հարաբերություններ» հաստատելու համար), չափման (հարկային հաշվետվությունների պատրաստման համար), իրավունքների պաշտպանության, օպորտունիստական վարքագծի ծախքերը (ծախքեր, երբ հարկային մարմինները չարաշահում են իրենց դիրքը):

Տիգրան Ջրբաշյանի խոսքերով, հետազոտության համաձայն, հիմնական հարկային բեռը, վարչարարության խնդիրներ ունի միջին բիզնեսը, որը «մեր կարծիքով, բավականին վտանգավոր է, քանի որ խաթարում է մրցակցությունը շուկայում: Ստացվում է, որ գիտականորեն փորձ է արվել հիմնավորելու, որ փոքր բիզնեսը ամենախոցելի իրավիճակում է հայտնվում, իսկ մեծ բիզնեսը իր հարցերը լուծում է այլ կերպ: Այստեղ հետեւապես կարեւորվում է հարկային վարչարարության տարանջատված մոտեցումն այս խմբերից յուրաքանչյուրի հանդեպ»:

Ամեն դեպքում, հետազոտության նպատակն է հասկանալ, թե որտեղ են կուտակվում այդ գործարքային ծախքերը եւ դրանց նվազեցման միջոցով, ինչպես նշեց Տիգրան Ջրբաշյանը, «ավելի հրապուրիչ դարձնել հարկատուների համար հարկերի վճարումը` ավելի քիչ հրապուրիչ դարձնելով հարկերից խուսափելը: Փաստ է, որ, մեր կարծիքով, հարկային վարչարարության այսօր կիրառվող մեթոդաբանությունը բերում է շուկայի հետագա կենտրոնացման, մրցակցության խաթարման»: AEPLAC-ի հայաստանյան տնօրենի համոզմամբ, սա է այն հիմնական վտանգավոր միտումը, որ պարզվել է հետազոտությամբ:

Կատարված աշխատանքի հիմնական եզրակացություններից թերեւս հետաքրքրական է այն, որ հարկային մարմինների հետ «լավ» հարաբերություններ հաստատելու հիմնական պատճառներից են հարկային մարմինների հետ շփումների «ծախսատարությունը», հարկային օրենսդրության անկատարությունը եւ հարկային մարմինների ներկայացուցիչների «վատ» վերաբերմունքը:

Կառավարության պատվերով իրականացված հետազոտության մեջ AEPLAC-ը տվել է որոշ առաջարկություններ: Մասնավորապես հարկային վարչարարության հիմնական մոտեցումները պետք է փոխվեն, պետք է վերջ տրվի հարկային մուտքերի ծրագրման սկզբունքին, որի հետեւանքով հարկային մարմինները բոլոր միջոցներով փորձում են ապահովել այդ ծրագրի ապահովումը: Պետք է անցնել ինդիկատիվ ծրագրման, որի համաձայն հարկային վարչարարության նպատակը պետք է լինի ոչ թե ծրագրով նախատեսված գումարների բյուջե մուտքի ապահովումը, այլ պետք է ապահովվի հարկատուների կողմից հարկային օրենսդրության կատարումը: Այս մոտեցման դեպքում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ոչ թե կծրագրի կոնկրետ գումարի չափ, որը պետք է մուտքագրվի բյուջե, այլ պիտի փորձի ինդիկատիվ ծրագրել, թե խաղի կանոնների ապահովման դեպքում ինչպիսի հարկային մուտքեր կլինեն:

Կարեւոր է, որ հարկային դաշտում տարբերակվեն մոտեցումները փոքր, միջին ու մեծ բիզնեսի միջեւ: Կարիք կա նաեւ վերագրանցելու հարկատուներին, քանի որ, AEPLAC-ի մասնագետների կարծիքով, հարկային մարմինների ունեցած հարկատուների շտեմարանը բավականին հնացած տվյալներ է պարունակում: Բացի այդ, պետք է սկսել կիրառել ամբողջ աշխարհում տարածված այն փորձը, ըստ որի միջին բիզնեսը հաշվապահություն չի իրականացնում: Հատուկ ընկերություններ տրամադրում են հաշվապահական ծառայություններ: Սա եւս կնվազեցնի գործարքային ծախսերը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4