«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2005-12-21 | #234, 2005-12-22 | #235, 2005-12-23


ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՈՐՈՇՎԻ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ

Ըստ Սաբինա Ֆրեյզերի, Հայաստանն ու Ադրբեջանը փոքր-ինչ փոխել են իրենց դիրքորոշումները

Հայաստանն արդեն հետ է կանգնել իր այն պահանջից, որ ԼՂ կարգավիճակը սահմանվի մինչեւ գրավյալ տարածքների ազատումը: Երկու կողմերը համաձայնել են, որ խաղաղ գործընթացն սկսվի միայն գրավյալ տարածքներից զինված ուժերի դուրսբերումից, անվտանգության երաշխիքների տրամադրումից եւ ժամանակավորապես տեղահանվածների վերադարձից հետո միայն:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, նման հայտարարություն էր արել Ճգնաժամային միջազգային խմբի (ՃՄԽ) կովկասյան տարածաշրջանի տնօրեն Սաբինա Ֆրեյզերըՙ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցի արդյունքները:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում փոփոխությունների վերաբերյալ Սաբինա Ֆրեյզերի նշված հայտարարությունները բազմաթիվ հարցեր առաջացրին:

«Ազգի» հետ երեկվա զրույցում Սաբինա Ֆրեյզերը Թբիլիսիից տեղեկացրեց, որ 2005 թ. իսկապես օգտակար տարի էր բանակցային գործընթացում, քանի որ երկու կողմերի միջեւ որոշակի զարգացում եղավ: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշման փոփոխությանը, ապա Սաբինա Ֆրեյզերը կրկնեց «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում իր արտահայտությունները: Մասնավորապես «կարծես թե Հայաստանն ընդունել է, որ զինված ուժերի դուրսբերումը ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներից սկսվի մինչեւ կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»: Սաբինա Ֆրեյզերը հատկապես ընդգծեց որոշ տարածքներից զինված ուժերի դուրսբերման հանգամանքը:

Սաբինա Ֆրեյզերն «Ազգին» տեղեկացրեց նաեւ, որ այս որակումները տրվում են կառավարական որոշ աղբյուրների հիման վրա, որոնք հավանաբար համաձայն են քննարկել զինված ուժերի դուրսբերումը նախքան կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ըստ Ֆրեյզերի, փոքր փոփոխություն կա Հայաստանի դիրքորոշման մեջ, նման փոփոխություն կա նաեւ Ադրբեջանի դիրքորոշման մեջ: Մասնավորապես, ըստ «Ազգին» տված պարզաբանման, Ֆրեյզերը նշել է. «Ադրբեջանում հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ հստակեցման կարիք ունի եւ հնարավոր է, որ դա իրականացվի հանրաքեի միջոցով»: Ֆրեյզերի խոսքերով, սա եւս նոր մոտեցում է, որ Ադրբեջանի կառավարությունն սկսում է ընդունել:

Ինչ վերաբերում է 2006 թ.-իՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նշանակալի տարեթիվ դառնալու հավանականությանը, ապա «Ազգի» հետ զրույցում Սաբինա Ֆրեյզերը կրկնեց, որ 2006 թ. կարեւոր հնարավորություն է այս առումով, քանի որ 2006 թ. տարածաշրջանում ընտրություններ չկան: Դրանք կլինեն 2007-ին եւ 2008-ին, երբ քաղաքական էլիտայի համար դժվար ժամանակաշրջան կլինի փոխզիջումների գնալու: Դրա համար էլ 2006 թ.-ից պետք է օգտվել:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4