«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2005-12-21 | #234, 2005-12-22 | #235, 2005-12-23


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՕՏՏԱՎԱՅԻ ԿԱՐԵԼՏՈՆ ԿԱԹՈԼԻԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Հայոց ցեղասպանությունը որպես դասավանդման առարկա ներառվել է Օտտավայի (Կանադա) Կարելտոն կաթոլիկական դպրոցի ուսումնական ծրագրերում, տեղեկանում ենք այդ առթիվ խմբագրությանն ուղարկված հաղորդագրությունից:

Դպրոցի կրոնական գծով տնօրեն Ջոն Պոդգորսկին հայտարարել է. «ցեղասպանությունը շատ կարեւոր ուսումնական եւ դաստիարակչական թեմա է կաթոլիկ դպրոցների համար: Այժմ դպրոցի վարչակազմը մշակում է մի ծրագիր, որն ուսանողներին եւ դասախոսներին առավել խոր գիտելիքներ կտա ցեղասպանության` որպես սոցիալական անարդարության խնդրի մասին: Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական տվյալներ ներառվելու են 12-րդ դասարանի կրոնական դաստիարակության անհատական ուսուցման եւ սեմինար պարապմունքների համար»:

Ծրագրին օժանդակելու են Հակոբ սարկավագ Արսլանյանն ու տիկին Անի Մարտյանը:

Հաղորդագրությունը հիշեցնում է, որ Կանադայի հայոց թեմը անցյալ ապրիլի 15-ին մեծ հաջողությամբ էկումենիկ եւ միջդավանանքային աղոթքների արարողություն էր կազմակերպել Օտտավայի «Նոթր Դամ» կաթոլիկական բազիլիկայում նշելու համար Հայոց ցեղասպանության 90-ամյակը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4