«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2005-12-21 | #234, 2005-12-22 | #235, 2005-12-23


ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Դիտողություններ աղմկալի քրեական գործի առթիվ

Դատավարության ժամանակ երկու կողմերին լսելը հռոմեական իրավունքի գլխավոր հիմնադրույթներից մեկն է: Բայց ինչպե՞ս վարվել, երբ «երկրորդ կողմը» ողջ չէ: Ահա նույն իրավունքի եւս մեկ հիմնարար սկզբունք. «Բոլոր կասկածները մեղադրյալի օգտին են»: Իսկ ի՞նչ անել, եթե մեղադրյալը զոհն է, որը մեռած է եւ չի կարող արդարանալ:

Մոսկվացի Ալեքսանդրա Իվաննիկովան սպանել է իրեն տեղափոխած ավտոմեքենայի վարորդին, որն իբր փորձել էր իրեն բռնաբարել: «Իբր» բառն օգտագործում եմ ոչ պատահաբար: Բանն այն է, որ սպանության փաստը քննությամբ ապացուցված է, իսկ բռնաբարության փորձըՙ ոչ:

Պարզություն մտցնենք: Երբ կինը պաշտպանում է իր պատիվը, եւ մենք նրան աջակցում ենք, հրաշալի է: Բայց վատ է, երբ պատրաստ ենք մարդասպանին ծափահարել լոկ այն պատճառով, որ սպանվածն «այլազգի» է:

Իվաննիկովայի նկատմամբ ենթադրաբար բռնության դիմած անձնավորության անունն էր Սերգեյ Բաղդասարյան: Նա հայ էր:

* * *

2003 թ. դեկտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 4-ին Մոսկվայի Դոնեցկայա փողոցով մի ջահել կին էր վազում: Նա չէր ճչում, օգնության չէր կանչում. պարզապես վազում էր: Պարեկային ավտոմեքենայի միլիցիոներները կանգնեցրին մեքենան եւ խնդրեցին ներկայացնել փաստաթղթերը: Նրանցից մեկըՙ սերժանտ Ուլյանովը, անձնագրում կարդաց. «Իվաննիկովա Ալեքսանդրա Միխայլովնա»:

Հետագայում Ուլյանովը, չգիտես ինչու, կդառնա պարեկախմբի 3 անդամներից միակը, որին կհարցաքննի քննիչը: Սերժանտի խոսքերով, ջահել կինն ավտոմեքենայում երկար ժամանակ չէր պատմում, թե ինչ էր պատահել: Մեքենան շարժվում էր դեպի այն կողմը, որտեղից վազելով եկել էր կինը: Քիչ անց Ուլյանովը նրա ձեռքերի եւ հագուստի վրա արյուն նկատեց: Թե որտեղիցՙ կինը չուզեց բացատրել: Բայց երբ մեքենան մտավ թիվ 4 շենքի բակը, Իվաննիկովան անսպասելիորեն հայտարարեց, որ դանակով սպանել է մոտակա «Ժիգուլիի» վարորդին, որն իբր փորձել էր իրեն բռնաբարել:

Ուլյանովը բացեց «Ժիգուլիի» դուռը եւ տեսավ վարորդի տեղում ընկած երիտասարդին: Նրա տաբատն ու վարտիքն իջեցված էին, աճուկից արյուն էր հոսում: Նա դեռ ողջ էր: «Շտապօգնության» բժիշկները չկարողացան փրկել վիրավորին, որը մահացավ անգիտակից վիճակում:

Սերգեյ Բաղդասարյանը 23 տարեկան էր: Իվաննիկովան այդ ժամանակ 28 տարեկան էր:

* * *

«Ջահել կինը տուն էր վերադառնում ամուսնու մոտ, բայց նրան փորձեցին բռնաբարել»ՙ այսպես մատուցվեց պատմությունը ԶԼՄ-ներում: Ոչ ոք չհետաքրքրվեց, թե որտեղից էր վերադառնում Իվաննիկովան առավոտյան ժամը 4-ին:

Քննությունից պարզվեց, որ նա երեկոյան վիճել էր ամուսնու հետ, որը «չէր կարողանում կտրվել համակարգչից»: Վեճի պատճառն, անշուշտ, հարգելի է:

Ճիշտ է, ամուսնու հետ վիճելուց առաջ Իվաննիկովան, իր իսկ խոսքերով, նրա հետ խմել էր: Դա եւս դատապարտելի չէ: Ընտանեկան նեղ շրջանակում մեկ-երկու բաժակ էին խմել, ապա վիճել: Պատահում է:

Սակայն ջահել կնոջ արձագանքը, մեղմ ասած, փոքր-ինչ տարօրինակ է. նա վերցնում է խոհանոցի դանակը, փաթաթում ինչ-որ շորի մեջ, դնում պայուսակը եւ ուշ գիշերով հեռանում տնից:

Սերժանտ Ուլյանովի ցուցմունքներում կա անչափ հետաքրքրական մի հատված, որին քչերն են ուշադրություն դարձրել. «Իվաննիկովան պատմեց, որ մեքենա է կանգնեցրել, կանգնել է մի երիտասարդ, ինքը նստել է մեքենան, նրանք խմել են»:

Եվս մեկ բան: Գործի նյութերից հետեւում է, որ Բաղդասարյանն առաջինը չէր, ում այդ գիշեր «բռնել» էր Իվաննիկովան: Նրա ավտոմեքենան նստելուց առաջ կնոջը «տեղափոխել էին» երկու ուրիշ վարորդներ: Նրանց մեքենաներում կինն անցկացրել էր ընդհանուր առմամբ մոտ 3 ժամ, բայց այդպես էլ տուն չէր հասել: Թե ինչ էր տեղի ունեցել այդ առաջին երկու ավտոմեքենաներում, մնում է անհայտ:

Փոխարենը հայտնի է այլ բան: Հանցագործությունից 9 ժամ անց փորձաքննությունը ցույց տվեց Իվաննիկովայի արյան մեջ 1,6 տոկոս էթիլային սպիրտի առկայություն: Իրավաբանների լեզվով դա նշանակում է «հարբածության միջին աստիճան»: Հիմա փորձենք պատկերացնել, թե փորձաքննությունն ինչ ցույց կտար 9 ժամ ավելի վաղ անցկացված լինելու դեպքում: Ի դեպ, ինչու այն ժամանակ չէին բարեհաճել անմիջապես փորձաքննություն անցկացնել:

Քննության եւ դատավարության նյութերում այս հարցի պատասխանը չկա: Չի բացատրվում նաեւ այն փաստը, որ Իվաննիկովայի մարմնի եւ հագուստի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել. պոկված կոճակ անգամ չկա: Այդ դեպքում ինչո՞վ էր վտանգավոր «բռնացողը»ՙ ուսանող Սերգեյ Բաղդասարյանը: Եվ ինչո՞ւ «Ժիգուլիի» նեղ սրահում դանակի հարվածը որեւէ դիմադրության չի հանդիպել: Մինչդեռ Իվաննիկովան պետք է հասներ հետեւի նստարանին, որտեղ իր պայուսակն էր, բացեր, հաներ դանակը եւ թափով հարվածեր: Մի՞թե Բաղդասարյանը հանգիստ հետեւել է այդ բոլոր գործողություններին...

Արդեն դատավարության ժամանակ պարզվեց, որ բոլոր իրեղեն ապացույցները (չարաբաստիկ դանակը, սպանվածի հագուստը) առեղծվածային կերպով անհետացել են: Ինչպե՞ս է դա պատահել եւ ո՞ւմ է պետք եղել: Այս բոլոր հարցերը հայտարարվեցին «ոչ էական»:

* * *

Ես դիմում եմ տղամարդ վարորդներին: Ղեկի մոտ նստած փորձեք ձեր տաբատն ու վարտիքն իջեցնել գոնե մինչեւ ծնկները: Վստահ եմ, մեկ ձեռքը չի բավականացնի. ստիպված կլինեք գործել երկու ձեռքով: Ինչպես եւ Բաղդասարյանը: Իսկ ի՞նչ էր անում Իվաննիկովան, մինչ ցանկասեր Բաղդասարյանը երկու ձեռքով հանում էր հագուստը. հանգիստ նայո՞ւմ էր...

Այստեղ մնում է լոկ ենթադրություններ անել: Բայց քանի որ ենթադրյալ բռնացողի ձեռքերն զբաղված են եղել, կինը կարող էր բացել ավտոմեքենայի դուռը եւ փախչել: Դրա փոխարեն նա հետեւի նստարանից վերցրել է իր պայուսակը, բացել, դանակը դուրս բերել, վրայի կտորը հանել եւ մահացու հարված հասցրել:

Բայց ամենահետաքրքրական դեպքերն առջեւում են: Իվաննիկովան դանակով հարվածել է մարդու աճուկին: Արդյոք միտումնավո՞ր է արել, թե ոչՙ անպատասխան մնացած եւս մեկ հարց է: Աճուկը երակների, անոթների եւ նյարդային վերջույթների կենտրոնակետ է: Սա նշանակում է, որ զոհի արյունը ժայթքել է, Բաղդասարյանը գոռացել է ահավոր ցավից: Հարվածից հետո նա վտանգ չէր ներկայացնում Իվաննիկովայի համար, որը կարող էր գոնե շտապօգնություն կանչել, մանավանդ որ ավտոմեքենայում երկու բջջային հեռախոս կար: Բժիշկների կարծիքով, Բաղդասարյանին հնարավոր կլիներ փրկել, եթե անմիջապես օգնություն կանչեին...

Հետագայում կինը կասի, թե չի հիշում դանակի տեղը (սպանության գործիքը հայտնաբերվեց ավտոմեքենայի հատակին, առջեւի եւ հետեւի նստարանների միջեւ): Իսկ սերժանտ Ուլյանովը հիշում է Իվաննիկովայի առեղծվածային արտահայտությունը. «Վերջապես դանակը պետք եկավ»:

Թե՛ քննիչը եւ թե՛ դատավորը հարցնում էին Իվաննիկովային, թե ինչու է հետը դանակ վերցրել: Երկու դեպքում էլ հնչեց միեւնույն պատասխանը: Երբ աղջիկը 16 տարեկան է եղել, նրան ոչ այն է բռնաբարել են, ոչ այն է փորձել են բռնաբարել: Իբր այն ժամանակվանից հետը դանակ է ման տալիս: Ճիշտ է, 16-ամյա Իվաննիկովայի բռնաբարության քրեական գործը ոչ ոք չի տեսել: Սակայն դա բնավ չի նշանակում, թե նա ստում է. գուցե նման դեպք պատահել է, բայց նա ամաչել կամ վախեցել է հայց ներկայացնել: Անբացատրելի է մեկ այլ բան, եթե դեռատի հասակում նման դեպք է պատահել, ինչո՞ւ այժմ, լինելով հասուն կին, նա իրեն այդքան անզգույշ է պահում: Գիշերով նստում է անծանոթ մարդու ավտոմեքենան, խմում է նրա հետ...

Բացի դրանից, մենք արդեն գիտենք, որ այդ գիշեր Բաղդասարյանն առաջինը չէր, ում ավտոմեքենան նստել էր Իվաննիկովան:

* * *

2003 թ. դեկտեմբերին Մոսկվայի Լյուբլինոյի շրջանի դատախազությունը Իվաննիկովային մեղադրանք ներկայացրեց ՌԴ քր. օր.-ի 111-րդ հոդվածովՙ «Տուժածի մահվանը հանգեցրած ծանր մարմնական վնասվածքի պատճառում»: Բայց արդեն 2004 թ. փետրվարին քննությունը որոշեց վերաորակել Իվաննիկովայի գործողությունները: Խոսքն այժմ 107-րդ հոդվածի մասին էՙ «Աֆեկտի վիճակում կատարված սպանություն»: Այդ որոշման մեջ քննիչ Վասիլեւսկին վկայակոչում է հոգեբանական-հոգեբուժական համալիր դատաքննության եզրակացությունը: Սակայն տարօրինակն այն է, որ տվյալ փորձագիտական փաստաթղթում որեւէ խոսք չկա «հանկարծակի ծագած հոգեկան հուզմունքի» կամ «աֆեկտի» մասին:

Առհասարակ աֆեկտի վիճակը բարդ եւ գրեթե անկանխատեսելի երեւույթ է: Հանցագործության պահին այդ վիճակը գուցե եւ եղել է, իսկ կարճ ժամանակ անց արդեն չի եղել, եւ հայտնի չէ, եղե՞լ է արդյոք առհասարակ: Ուստի փորձագետները չափազանց զգուշավոր են նման դեպքերում:

Բացի դրանից չկան նաեւ վկաներ, որոնք կկարողանային ինչ-որ բան պատմել ողբերգության պահին Իվաննիկովայի վիճակի մասին: Իսկ զոհը, որը նաեւ ենթադրյալ «բռնացողն» է, մեռած է: Ուրեմն ի՞նչն է դատախազությանը եւ դատարանին թույլ տվել եզրակացնել, որ դանակով կինը գործել է աֆեկտի վիճակում:

Այստեղ հարկավոր է վերստին անդրադառնալ այն վիճակին, որն արձանագրային չոր լեզվով կոչվում է «հարբածության վիճակ»: Ինչպես հիշում ենք, մահվամբ ավարտված գիշերային պատմությունից 9 ժամ անց Իվաննիկովայի արյան մեջ հայտնաբերվել է 1,6 տոկոս էթիլային սպիրտ: Նույն քանակությամբՙ 1,6 տոկոս հայտնաբերվել է Սերգեյ Բաղդասարյանի օրգանիզմում դիահերձման ժամանակ: Բայց նրա դեպքում խոսվեց «հարբածության միջին աստիճանի», իսկ Իվաննիկովայի դեպքումՙ «թեթեւ աստիճանի» մասին: Եվ սա այն դեպքում, երբ 1,5 տոկոսից հետո հարբածության աստիճանը (ըստ իրավական նորմերի) կարող է լինել միայն միջին:

«Հանելուկի» պատասխանը պարզ է: Իրավաբանական տեսակետից ալկոհոլային հարբածության վիճակը եւ աֆեկտի վիճակն անհամատեղելի, միմյանց բացառող են: Եվ եթե «թեթեւ աստիճանը» դեռ մի կերպ կարելի է կապել «հանկարծակի ծագած հոգեկան հուզմունքի հետ», ապա «միջին» կամ «ծանր» աստիճաններըՙ երբեք: Բանն այն է, որ արյան մեջ ալկոհոլի առկայությունը համարվում է ծանրացուցիչ հանգամանք, իսկ աֆեկտըՙ մեղմացուցիչ: Բայց վկաներ, կրկնում եմ, չկան: Բաղդասարյանը մեռած է, նրա համար միեւնույն է: Բացի դրանից «այլազգի» է, մինչդեռ դանակով կինը ջահել է եւ գրավիչ, եւ որ գլխավորն էՙ «բնիկ ազգության» ներկայացուցիչ է... Թեեւ անհնարին է ապացուցել, որ սպանության պահին Իվաննիկովան համակված է եղել «հանկարծակի ծագած հոգեկան հուզմունքով»: Ախր դրա բացակայությունը եւս անապացուցելի է...

* * *

2005 թ. հունվարին սկսվում է բարդ ու երկարատեւ դատավարություն: Մայրաքաղաքի դատարաններում նման գործերի թիվը, առանց չափազանցության, հասնում է տասնյակների: Միայն թե Իվաննիկովի պատմությանը հետեւում էին փաստորեն բոլոր կենտրոնական լրատվամիջոցները: Եվ միայն նաՙ այդ պատմության «հերոսուհին» գրեթե խորհրդանշան դարձավ ինչպես կանանց իրավունքների ռազմաշունչ ջատագովների, այնպես էլ ամեն տեսակ նացիստամետ անձնավորությունների ու խմբավորումների համար:

Լսումներից յուրաքանչյուրի ժամանակ դատարանի շենքի մոտ կանգնում էին պահախմբեր «Ազատություն Իվաննիկովային» եւ «Պաշտպանենք ռուսներին» պաստառներով: Հատկապես աչքի էր ընկնում բացահայտ ծայրահեղական «Ընդդեմ ընդհատակյա ներգաղթի» շարժումը (դրա որոշ առաջնորդներ միանգամայն ճանաչելի են, չնայած գաղտնապահությանը եւ ազգանունների փոփոխմանը): Շարժումն Իվաննիկովային նույնիսկ 50 հազար ռուբլի դրամական պարգեւ մատուցեց սպանության համար: Եվ Իվաննիկովան պարգեւավճարից չհրաժարվեց...

Ի դեպ, Բաղդասարյանն իրոք ներգաղթյալ էր, բայց ոչ անօրինական. նա ՌԴ քաղաքացի էր, Մոսկվայի պետական բաց համալսարանի 5-րդ կուրսի ուսանող, սերում էր լավ ընտանիքից: Երբեւէ դատական պատասխանատվության չէր ենթարկվել...

Կես տարի անց կայացվեց վճիռ. Իվաննիկովան մեղավոր ճանաչվեց աֆեկտի վիճակում կատարած սպանության համար: Պատիժըՙ 2 տարվա պայմանական բանտարկություն:

Բայց արդեն մի քանի օր անց Մոսկվայի դատախազի առաջին տեղակալ Բորիսովը Իվաննիկովային լիովին արդարացնելու հարց է առաջադրում: Նացիստական կայքէջերն անմիջապես արձագանքում են. «Մենք ողջունում ենք դատախազության որոշումը եւ սպասում դատարանում արդարացի պահանջի կատարմանը»: ՌԼԴԿ գործիչներից Կուրյանովիչը պատգամավորական բլանկի վրա պաշտոնական գրություն է ուղարկում Մոսկվայի Լյուբլինոյի դատարան. «Որպես ՌԴ Պետդումայի պատգամավոր պահանջում են արդարացման վճիռ կայացնել Ալեքսանդրա Իվաննիկովայի գործով»:

Նոյեմբերի վերջերին Իվաննիկովայի գործով տեղի ունեցավ Լյուբլինոյի դատարանի եւս մեկ նիստՙ հիմա արդեն ուրիշ կազմով: Այս անգամ այն տեւեց չորս օր: Առաջին երեք օրերին դատախազ Պոպովան անկեղծորեն պետական մեղադրողի դեր էր խաղում, իսկ չորրորդ օրը նույնքան անկեղծորեն հրաժարվեց մեղադրանքից: Ներկայումս գործող դատաքրեական օրենսգրքի համաձայն, դա նշանակում էր Ալեքսանդրա Իվաննիկովայի լիակատար արդարացում: Եվ ՌԼԴԿ խմբակցության գործիչ Կուրյանովիչը զինակիցների հետ ցուցադրաբար շամպայն էր խմում հենց դատարանի աստիճանների վրա...

Իվաննիկովայի դատավարությունն անցկացվում էր դռնփակ, ուստի Պոպովայի փաստարկները մնում են անհայտ:

* * *

Ես չեմ արդարացնում հանգուցյալ Սերգեյ Բաղդասարյանին եւ չեմ մեղադրում Ալեքսանդրա Իվաննիկովային, բայց համաձայնեք, որ վատ չէր լինի լսել նաեւ մյուս կողմին: Նույնիսկ եթե այդ մյուս կողմն այլեւս ոչինչ չի կարող ասել իր օգտին: Այո, Բաղդասարյանը մեռած է, բայց նրա ցուցմունքներին կարող էր փոխարինել իրավաբանորեն գրագետ դատավարությունը: Սակայն դրա փոխարեն ականատես եղանք պատգամավոր Կուրյանովիչի գլխավորած սակավամարդ, բայց համերաշխ ամբոխի ծանակումներին: Այդ ամբոխն ունի մեկ փաստարկՙ «այլազգի է»...

Եթե մենք, թեկուզ լռելյայն, պաշտպանում ենք այդ ստահակներին, ուրեմն գործերը վատ են: Էլ ավելի վատ է, եթե նրանց կողմն են դատախազությունն ու դատարանը:

«ՄՈՍԿՈՎՍԿԻ ԿՈՄՍՈՄՈԼԵՑ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4