«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2005-12-22 | #235, 2005-12-23 | #236, 2005-12-24


«2006-Ը ԿԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ»

Համոզված է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը

«ԱԺ 2005 թվականի գործունեությունը կարելի է գնահատել բավարար, ինչ-որ մենք ծրագրել էինք, դա կատարել ենք». այսպես գնահատեց երեկ ԱԺ աշխատանքը Արթուր Բաղդասարյանը:

Օրենսդրականը. 223 օրենք, 61 վավերացված միջազգային պայմանագիր, մոտ 70 նորմատիվային բնույթի որոշում` ահա 2006-ի պատկերը: ԱԺ նախագահը կարեւորեց հատկապես անցած տարի ընդունված սոցիալական ուղղվածության օրինագծերը, որոնք մասնավորապես վերաբերել են ավանդների վերադարձին, սոցիալական նպաստներին, սոցիալական անաշխատունակության համար նախատեսող պետական հոգածությանը, նոր ծնվող երեխայի համար յուրաքանչյուր ընտանիքի պետության կողմից ցուցաբերվող միանվագ օգնությանը: Ըստ նրա նախադպրոցական կրթության օրենքով ըստ էության այս տարի վերջ է դրվել մանկապարտեզների սեփականաշնորհման խայտառակ գործընթացին, մինչդեռ վերջին 15 տարում դրանց 1/3-ը ուղղակի վաճառվում էր. այս օրենքի ընդունմամբ ոչ միայն արգելվում է կրթական հաստատությունների շենքերի վաճառքը, այլ սահմանվում են նախադպրոցական կրթության գործունեության իրավական հիմքերը: Կարեւորվեցին նաեւ բուհական եւ հետբուհական կրթության օրենքի ընդունումը, առողջապահության ոլորտում առողջապահության մայր օրենքի ընդունմանն ուղղված աշխատանքը:

Քաղաքական իմաստով առանձնացվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի, ընտրական օրենսգրքի ընդունումը ԱԺ-ում:

Միջազգային գործունեությունը եւս ակտիվ է եղել, այս տարի Հայաստանի Ազգային ժողովը նոր կապեր է ստեղծել աշխարհի 30 երկրների խորհրդարանների հետ, նշվել է ԱԺ 15-ամյակը, որտեղ մի քանի տասնյակ երկրներից եւ միջազգային կառույցներից պատվիրակություններ են մասնակցել, ինչը նպաստել է պառլամենտարիզմի զարգացմանը Հայաստանում եւ նոր միջազգային կապեր ստեղծելուն: 2007 թվականի հունվարի մեկից կգործի հարավկովկասյան երեք երկրների միջխորհրդարանական վեհաժողովը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), որը կարող է կարեւոր գործոն դառնալ տարածաշրջանում առկա, ճշգրտման կարոտ խնդիրների քննարկման ու լուծման համար:

ԱԺ քաղաքական գործունեությունը. Քաղաքական երկխոսությունն արդյունավետ լուծման ճանապարհ համարելով` ԱԺ նախագահը դրական գնահատեց այն փաստը, որ 2005 թվականին ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան տեւական բոյկոտից հետո. ըստ նրա ԱԺ-ն քաղաքական մարմին է, եւ եթե երկրում հանդուրժողականության մակարդակն ավելի բարձր լինի, մենք կունենանք ավելի բարձր արդյունքներ:

Հանրաքվեի ժամանակ արձանագրված կեղծիքների վերաբերյալ գլխավոր դատախազին ուղղված ԱԺ նախագահի դիմումի մասին հարցին արձագանքելով` Ա. Բաղդասարյանն առաջարկեց լրագրողներին ճիշտ մեջբերումներ կատարել քաղաքական գործիչների խոսքերից եւ ապա հիշեցրեց երկու օր առաջ ԱԺ մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության, այսինքն` հենց դատախազին ուղղված նամակի մասին` առաջարկելով կարդալ: «Եթե նամակի պատասխանը ստացվի` ես անպայման կտրամադրեմ ձեզ»: Իսկ թե ինչու հանրաքվեի մասին կոալիցիայի հայտարարությունը ստորագրած ուժը կոալիցիայի տեսակետից տարբեր տեսակետ է հայտնել` ՀՀԿ համագումարում հնչած այս տեսակետի, որպես հարց վերաուղղմանը, Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «Նախ ես հայտարարությամբ հանդես չեմ եկել, այլ հարցազրույց եմ ունեցել, որտեղ արտահայտել եմ իմ հրապարակային դիրքորոշումը, եւ ճիշտ եմ արել, ես մնում եմ իմ համոզմունքին»: Վերջին 5 օրում կոալիցիայի երկու կուսակցությունները հայտարարում են ներկոալիցիոն վերաձեւումների, բանակցությունների եւ վերադասավորումների մասին, ինչ է մտածում այդ մասին կոալիցիայի երրորդ կողմի առաջնորդը. անկախ տարաձայնություններից, կոալիցիան կարողացել է լուծել իր առջեւ դրված խնդիրները` նպաստելով երկրի կայունությանը: 2006 թվականին կոալիցիայի ներսում անպայման տեղի կունենա լուրջ քննարկում` հետագա գործունեության խնդիրները հստակեցնելու վերաբերյալ, քանի որ 2007-ը նախընտրական տարի է:

Մեծ աղմուկ հանելու անհրաժեշտություն չկա, նորմալ, սովորական աշխատանքային գործընթաց է: Ըստ նրա` «Օրինաց երկիրն» այսօր ամենակազմակերպված քաղաքական ուժերից մեկն է, պաշտոնական տվյալներով` ամենախոշոր քաղաքական կազմակերպությունը: «Դժվար իրավիճակները թույլերին բաժանում, ուժեղներին միավորում են` ես կողմնակից եմ քաղաքական խաղաղ մրցակցության: ՕԵԿ-ը այսօր պատրաստ է մասնակցել ընտրություններին եւ ունենալ լավ արդյունքներ: Կլինի պայքար` բնական է», ասաց ՕԵԿ առաջնորդը:

Քաղաքական դաշտի վերադասավորումների մասին. 2006-ը, ըստ ԱԺ նախագահի, լինելու է քաղաքական հստակեցումների տարի: «Ես ինքս որեւէ արհեստական գործընթացի դեմ եմ` կողմ եմ հրապարակային, ոչ թե ստվերային գործունեության: Չեմ բացառում, այլեւ անհրաժեշտություն եմ համարում 2006-ին տարբեր տեսակի քաղաքական վերադասավորումները, համագործակցությունները իշխանության կամ ընդդիմության դաշտում. այսինքնՙ ոչինչ բացառված չէ, եւ դրան պետք է հանգիստ մոտենալ»:

Նախագահական ընտրություններ. «Այսօրվանից եզրակացություններ անել պետք չէ` ամեն ինչ իր ժամանակին, պետք չէ առուն չթռած` հոպ ասել», նկատեց ԱԺ նախագահը:

Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը նախապայման չհամարելով գրավյալ տարածքները թողնելու` Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան տարածաշրջանի պատասխանատուի հայտարարության վերաբերյալ «Ազգի» հարցին Ա. Բաղդասարյանի պատասխանն այսպիսին էր. պաշտոնական դիրքորոշումները հրապարակի վրա են, եւ պետք է սահմանափակվել դրանցով: Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի երկու ժողովուրդների շահերի հաշվառումով, չպետք է լինի որեւէ ժողովրդի ազգային արժանապատվության հաշվին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4