«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2005-12-22 | #235, 2005-12-23 | #236, 2005-12-24


ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ. «ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՊԻՏԻ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔ ՈՒՆԵՆԱ»

Կենցաղումՙ պարզ, բեմումՙ արքայավայել: Առօրյա հարաբերություններումՙ անմիջական ու ճշտապահ: Չգիտեմՙ տարեկան քանի նամակ է հասցնում գրել, բայց դրանքՙ ուղարկված աշխարհի ամենատարբեր անկյուններից, միշտ հասնում են ճիշտ ժամանակին: Նամակները բացառիկ գրագետ են, ձեռագիրըՙ համաչափ, գեղեցիկ, մաքուր: Ժլատ ձեւակերպեմՙ արտաքինին համահունչ գեղեցիկ ձայնն ու օպերային 35 դերերգ ամեն վայրկյան երգելու կարողությունը թատրոնների տնօրեններին առիթ է տալիս միշտ փնտրել նրան: Իսկ հանդիսատեսի՞ն... պատասխանը ստորեւՙ ամերիկացի իմ գործընկերների խոշորացույցով:

Բայց նախՙ հպանցիկ հայացք նրա 2005-ի հետագծին. հունվար-փետրվարինՙ Դրեզդենի Զեմփերօպերումՙ Աբիգայլ («Նաբուկո»), այնուհետ Պալերմոյի Տեատրո Մասսիմոՙ Միմի («Լա Բոհեմ»), մարտինՙ Վարշավայի ազգային օպերաՙ Տոսկա, Ամստերդամի Նիդեռլանդական օպերայումՙ Նորմա, Բեռլինի Դոյչե օպերումՙ Տոսկա, ապրիլինՙ Ռոտերդամումՙ Վիոլետա («Լա Տրավիատա»), Լիեժի Թագավորական օպերայումՙ Քույր Անջելիկա («Քույր Անջելիկա»), մայիսինՙ Մանհայմումՙ Նորմա, մայիս-հունիսինՙ Փարիզի Լա Բաստիլ ազգային օպերայումՙ Լիզա («Պիկովայա դամա»), հունիսինՙ Դյուսելդորֆի Դոչյե օպեր ամ Ռայնումՙ Աիդա, հուլիսինՙ Երեւանի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահումՙ կոմիտասյան համերգ, սեպտեմբեր-հոկտեմբերինՙ Մոնրեալի օպերայումՙ Նորմա, հոկտեմբերին Դետրոյթի Միչիգան օպերայումՙ Նորմա, հոկտեմբեր-նոյեմբերինՙ Նյու Յորքի Մետրոպոլիտենումՙ Աիդա, դեկտեմբերին Ժնեւի Մեծ թատրոնումՙ Տոսկա:

Շունչ առնենք ու 2005-ի նոր թատերաշրջանի կանադական ու ամերիկյան մամուլը թերթենք:

Պապյանը սկսեց նոր թատերաշրջանը Մոնրեալի օպերային թատրոնում Բելլինիի «Նորմայով»: Թատրոնն այն բեմադրում էր 23 տարվա ընդմիջումից հետո: «Հաջողությունը Նորմայի պարզության մեջ է, նրա ձայնային հենքը ինքնավստահ է ու հարուստ», գրում է Տորոնտոյի «The Globe and Mail»-ը սեպտեմբերի 20-ի իր անդրադարձում, «Casta Diva»-ի եզրափակիչ հնչյունները լսելուն պես հանդիսասրահը թնդաց»: «Հայազգի սոպրանո Հասմիկ Պապյանը փայլուն ներկայացավ գլխավոր դերում... Նա քնարական հնչեցրեց իր հարուստ, սաստիկ գեղեցիկ սոպրանոնՙ ամեն մի ծալքին ավելացնելով զգայականություն եւ նրբագեղություն», սեպտեմբերի 19-ի համարում գրում է Մոնրեալի «Times Argus»-ը: «Պապյանն ու Միշուրան (Ադալջիզա) ձայնային հրաշք հյուսեցին», գրում է «Դետրոյթ նյուզը» հոկտեմբերի 12-ի համարումՙ իրազեկելով, թե 1989-իցՙ Ջոան Սազերլենդի Նորմայից հետո թատրոնի գլխավոր տնօրենը չէր խիզախում բեմադրել այս օպերան, մինչեւ գտավ Հասմիկ Պապյանինՙ մի երգչուհու, որի ստորագրությունն այսօր Նորմայի դերակատարումն է դարձել: «Պապյանն այս դերով միջազգային աղմուկ է հանել: Մեծ Նորմաներն այնքան հաճախ են հայտնվում, որքան Հալեի գիսաստղը, Պապյանը վիթխարի հույսեր է արթնացնում», գրում է «Դետրոյթ ֆրի փրեսը» հոկտեմբերի 12-ինՙ բնութագրելով այդ դերերգը կատարելու պայմաններըՙ հերկուլեսյան ուժ, շարժունակություն, երկարաշունչ մեղեդիներ երգելու դիմացկունություն, կոլորատուրայի պոռթկուն հրավառություն»: Պապյանը Բելլինիի սքանչելի մեղեդիներից քնարական մի կտավ հյուսեց, գրում է նույն աղբյուրը: Նրա ձայներանգը մաքուր էր ու ոսկյա, հրապուրիչ բարձր նոտաներն, որ նվազում էին բծախնդիր կառավարմամբ, ասես լողում էին ամպերի վրա: Նրա կոլորատուրան ճշգրիտ է, հաճելի, լեգատո եւ կանացի: Վերջում նա բավականաչափ թարմ էրՙ օպերան վերստին երգելու կարող: Նրա «Casta Diva»- ն ունկնդրելիս կարելի էր մեռնել, գրում է «Դետրոյթ ֆրի փրեսը»-ի հոդվածագիրըՙ հավելելովՙ Հասմիկ Պապյան-Նորմա, Իրինա Միշուրա-Ադալջիզա զուգերգից ստացած իր տպավորությունըՙ «10 տարի է Դետրոյթի օպերայում ավելի զգայացունց որեւէ բան չեմ լսել»:

Հոկտեմբերի 29-ին Պապյանը «Աիդայի» դերերգով վերադարձավ Նյու Յորք: (4 ելույթՙ 29-ին, նոյեմբեր 5-ին, 9-ին, 12-ին): Մետրոպոլիտենի բեմում նրա կերտած Աիդան արդեն երրորդ անգամ է արժանանում խանդավառ գնահատականների:

Հանգստյան, թե պարզապես ճամպրուկները փոխելու համար մի քանի օր տանըՙ Վիեննայում ու նորից փորձերիՙ այս անգամ Ժնեւՙ Մեծ թատրոնՙ Տոսկա:

Գնա՞նք նրա ետեւից: Բոլոր թատրոնները, ուր 2005-ին երգել է, չենք հասցնի մտնել, ուստի կարճատեւ կանգառներՙ հիշարժան վայրերում:

- Դեբյուտ Ամստերդամի Նիդեռլանդական, Լիեժի թագավորական, Մանհայմի, Մոնրեալի, Ժնեւի օպերային թատրոններում: Հասմիկ, 2005-ը դեբյուտների՞ տարի էր Ձեզ համար: Ո՞րն է ավելի հետաքրքրականՙ դեբյուտը, թե՞ վերադառնալ այնտեղ, ուր քեզ լսել են:

- Դեբյուտների տարի բնորոշումը 2005-ի համար կարծեմ ճիշտ չէ: Գրեթե ամեն տարի նույն թատրոն վերադառնում եմ նույն կամ ուրիշ դերերգով կամ թատրոնների ցանկն է ավելանում: Ամեն վերադարձ առաջնախաղ է: Նույն թատրոնում, նույն հանդիսատեսի համար, նույն դերերգը, բայց չէ՞ որ ամեն անգամ նորովի ես երգում: Եթե առաջնախաղի զգացողությունը չունենամ, ստեղծագործական կյանքն ինձ համար կանգնած կլինի: Մոնրեալում 75-րդ անգամ երգեցի Նորմա: Նույն նոտաներն ես երգում, բայց բոլորովին տարբեր բան էՙ զգեստները, բեմադրիչը, դիրիժորը, մթնոլորտը տարբեր են:

- Իսկ ձա՞յնը:

- Ձայնն էլ է փոխվում: Եվ կախում ունիՙ ինչպես ես այդ օրն արթնացել, որ քաղաքում ես, օդն ինչպիսին է, ինչպես են քեզ բարեւել, ամեն ինչից ձայնը կախում ունիՙ աճում է կամ նվազում:

- 2005-ի մայիսին Նիդեռլանդական օպերայում Ձեր դեբյուտն էր: Նորմայի դերակատարուհին բացակայում էր, ու Դուք, առանց փորձերի, երգեցիք բոլոր 7 ներկայացումներում: Քննադատներն այն անվանեցին «անկեղծ Նորմա... բարձր գնահատականի արժանի ներկայացում»: Սա Ձեր վարպետությա՞նը վերագրել, բախտի՞ն, թե՞ այն պատրաստվածությանը, որով ցանկացած դիրիժորի, բեմադրիչի ցանկությունը կարողանում եք բավարարել:

- Սա ինձ համար մի տեսակ ճակատագրական է: Այդպիսի երգիչները, երաժիշտ կատարողները շատ չեն, որոնք պատրաստ են վերջին րոպեին ցատկել, փրկել ներկայացումը կամ համերգը: Դրա համար յուրահատուկ հատկանիշներ են պետք .վերջին վայրկյանին կենտրոնանալու, ուժերը հավաքելու եւ ցուցադրելու ինչի ես ընդունակ: Նաեւ շատ վտանգավոր էՙ կարող ես տապալվել: Բայց մյուս կողմիցՙ կարող ես նաեւ հերոս դառնալ, որովհետեւ ինչ-որ ձեւով շատ մեծ պատասխանատվություն չես կրում , եւ բոլորըՙ տնօրենները, հանդիսատեսը շնորհակալ են քեզ: Իմ կյանքում այնպես է ստացվել, որ ուժերի եւ կարողությունների, ունակությունների կենտրոնացումն ինձ համար շատ դռներ է բաց արել: Երբ դա անում ես կարիերայի սկզբում, ուզում ես հաստատվել, ասել , թե ուրիշ որակների հետ սա էլ կարող եմ անել: Հիմա թվում էՙ ինչու՞ պիտի անեմ , լինելով բավականին հայտնի երգչուհի ինչու՞ պիտի ուրիշին փոխարինեմ: Կարելի է ասելՙ սա մի տեսակ սպորտային հետաքրքրություն է ինձ համարՙ ինքս ինձ ստուգելու, փորձելու, ինքս ինձ ապացուցելուՙ ո՞վ եմ ես , ինչ կարող եմ անել այսօր: Ստուգում եմ հիշողությունս, ադրենալինի ամենաբարձր չափաբաժնի դեպքում ինչպիսի՞ն է իմ մարմնի ռեակցիան, եթե կուզեք այսպիսի ծիծաղելի բաներ: Մի բան հայտնաբերեցիՙ բժշկի գնալու կարիք չունեմ: Ձեր ասած դեպքը միակը չէր. ասենք առավոտյան փորձել եմ «Տոսկա» Բեռլինում, երեկոյան երգել եմ Ամստերդամում, հաջորդ օրը նորից վերադարձել եմ Բրյուսել, փորձել եմ «Քույր Անջելիկա»: Կամ դեկտեմբերի 23-ին Ծննդյան տոների նախօրեին ժամը 12-ին ինձ զանգահարեցին Մյունխենից, կես ժամ հետո նստեցի ինքնաթիռ (օդանավն ուշացավ, ընդամենը ուշացման պահին կարողացա կարդալ նոտաներս, վերհիշել): Վիեննայից հասա Մյունխեն: Մյունխենում 1 մետր ձյուն կար, իսկ ես մոռացել էի կոշիկներս փոխել եւ չկարողացա վերջին 2 կմ հատվածը քայլել, վազել օպերային թատրոն: Հասա ժամը 18.10, ներկայացումը սկսվեց 19-ին, իսկ վերջին «Բոհեմը» երգել էի 1999-ին: Երեւի իմ կյանքի լավագույն «Բոհեմն» էր դա: Ներկայացումից հետո եկա հյուրանոցՙ Մյունխենում վերելակը չէր աշխատում, 5 հարկ ստիպված էի բարձրանալ: Դրանից հետո մի շաբաթ էր պետք հանգստանալու համար:

- Ապրիլին Վալլոնի թագավորական օպերայում հանդես եկաք Պուչչինիի «Քույր Անջելիկայում»: Մամուլի բնորոշմամբՙ «Պապյանն առաջնակարգ, հիանալի Անջելիկա է», այն ուղիղ եթեր սփռեց բելգիական ռադիոյի Muziq 3 դասական ալիքը: Հանդիսատեսը ծափերի հետ արտասվում էր: Ձեր կերտած կերպարներն ընդհանրապես ողբերգական են. Ձեր դեմքին խոր դրամատիզմ կա, իսկ ձայնը կայուն է, զգացմունքները չե՞ն խանգարում երգել:

- Բեմ դուրս գալիս դրանք պետք է կառավարել: Քույր Անջելիկան իհարկե մի քիչ տարբեր էր. մինչեւ բեմ դուրս գալն ամիսներ շարունակ աշխատում էի պատ կառուցել իմ եւ կերպարի միջեւ:Եթե կերպարին տրվեմ 100 տոկոսով, հնարավոր է բախումի պահեր լինեն, եւ չկարողանամ դրանից դուրս գալ:Առաջին անգամ, երբ միայն մեներգը կատարեցի, դահլիճում նստած աղջիկս հանկարծ սկսեց լաց լինելՙ մամա, խնդրում եմ, մի՛ երգիր: Սա իհարկե Պուչչինիի արվեստի ուժն է: Երբ մի ութ ամիս անց ամբողջ ներկայացումը երգեցի, ասացՙ գիտես, մամա, դու շատ մի տանջվիր, դա պատմություն է միայն:Սա ինձ համար դարձավ միջոց ՙ ստեղծագործությունը դիտել իբրեւ մի պատմություն:

- Ռոտերդամում Ձեր Վիոլետային («Լա Տրավիատա») հոտնկայս ողջունեց 3500 հանդիսատես, տեղական թերթերն ազդարարեցինՙ «Ռոտերդամի նոր դիվան»: Դիվա բնութագրումն առաջին անգամ չէ, որ Ձեր պարագայում հանդիպել եմ մամուլում: Սա որոշակի «պարտավորություններ» դնո՞ւմ է Ձեր առջեւ:

- Պիտի խոստովանեմ, որ Դիվա բնորոշումից խուսափում եմ, այդ կեցվածքից հեռու եմ: Դիվա նշանակում է աստվածային: Այդ բնորոշումները տրվել են Մարիա Կալլասին, քչերին: Հիմա, ցավոք սրտի, ավելի հաճախ կարելի է լսել: Ինձ համար կարող եմ այսպես ասելՙ Դիվա կարող եմ անվանվել, որովհետեւ երգում եմ Դիվա պարտիաներըՙ Տոսկա, Աիդա, Նորմա: Բայց Դիվա չեմ, որովհետեւ, երբ հավատամ, որ Դիվա եմ, կվերջանա, եւ կարելի է ծիծաղելի կամ ողբերգական վախճան ունենալ: Իսկ ընդհանրապես բեմում Դիվա ես թե չես, հանդիսատեսն է որոշում: Ես գիտեմՙ ինչի եմ ընդունակ: Աշխատում եմ միշտ անկեղծ լինելՙ հանդիսատեսն ամեն մի կեղծ երանգ զգում է:

- Հանդիսատե՞սն է Ձեր բարոմետրը:

- Այո:

- Իսկ թատերական, երաժշտական քննադատությո՞ւնը :

- Առողջ, ուսուցանող, գեղեցիկ, բարեկիրթ քննադատությունը շատ լավ եմ ընդունում, պատրաստ եմ սովորել, հարցնել: Քննադատական լավ հոդվածներն էլ ինձ շատ չեն շլացնում, դրանք ինձ միայն ուժ են տալիս:

- Հուլիսի 13-ին France Musique դասական ալիքը, ավելի ուշ հեռուստատեսությունը ցուցադրեցին Բաստիլ օպերայի «Պիկովայա դաման»: 2004-ին Մադրիդի Թագավորական օպերայում Ձեր Լիզայի Հերմանը Պլասիդո Դոմինգոն էր, Բաստիլի բեմումՙ Վլադիմիր Գալուզինը: Խաղընկերներով պայմանավորվածՙ Ձեր Լիզան, եւ մյուս կերպարներն արդյոք չե՞ն փոխվում:

- Անպայման փոխվում են: Պլասիդո Դոմինգոյին, որը փայլուն կատարեց իր դերը, եւ մեծ-մեծ երգիչ է, Գալուզինի հետ չեմ կարող համեմատել, որովհետեւ Գալուզինը ռուս է, նրա Հերմանի ոգին, ամեն մի բառը, երանգը տարբեր էր: Սա նույնն է, երբ ասենք, ռուս երգիչը երգում է իտալական օպերա, նույնը կարող եմ ասել, երբ Գալուզինը երգում է ասենք Օթելլո: Նրա հետ շատ եմ երգելՙ Աիդա, Տոսկա, նա փայլուն երգիչ է, մեծ արտիստ: Մայրենի լեզվի , հողի, ջրի ուժն է տարբեր դարձնում. նա Սիբիրում է ծնվել, նրա արմատներն այնտեղ են: Եվ դա շատ մեծ նշանակություն ունի: Ի դեպ, դիրիժորը Գենադի Ռոժդեստվենսկին էր: Երբ Բաստիլում առաջին անգամ փորձին հանդիպեցինք, եւ ասացի, թե պիտի Լիզա երգեմ, ինձ ասացՙ իսկ դուք, գիտեք, որքա՛ն նման եք նրան: 80-ը բոլորած Ռոժդեստվենսկու կոմպլիմենտի գեղեցությունը սիրտս ուղղակի հալեցրեց:

- Երեւանում օգոստոսին կայացած կոմիտասյան համերգը մասնագետները բարձր գնահատեցին: Ձեր կարծիքը:

- Այդպիսի լուռ եւ ուշադիր դահլիճ վաղուց չէի տեսել:Նաեւՙ արտասահմանում: Սա հիշողություն էր, աղոթք էր , նվիրում, եւ համերգից ամեն մեկն իր Կոմիտասը տարավ: Առաջինը Հայաստանում երգեցի, որովհետեւ առաջին հերթին ուզում էի իմանալ հայ ժողովրդի կարծիքը: Գերմաներեն երգաշարն ինձանից ուժերի լարում, կենտրոնացում էր պահանջում:Դրանք ստեղծումից կարծեմ 100 տարի հետո առաջին անգամ կատարվեցին:Ծրագրերը սիրով էի պատրաստել, շատ էի ուզում, որ ծափեր չլինեին, լիներ ամբողջական երգաշարի ձեւով, ցավոք սրտի, չհաջողվեց: Ուզեցի Կոմիտասի գեղջկական, սիրային, քնարական երգերը, նրա ամբողջ աշխարհը ներկայացնել Հայաստանինՙ օտար ունկնդրի ականջով, աչքով եւ... թագավորական: Ինձ ասացինՙ մենք այդպես չենք երգում Կոմիտաս, մեր ավանդույթներն ուրիշ են: Ուզեցի, որ տոնախմբություն լինի, այլեւս պետք չէ ողբալ Կոմիտասին, նրա երգն ինձ համար լավատեսություն էՙ այսօր կա հայ ժողովուրդը, եւ ես պիտի տանեմ կոմիտասյան երգը մինչեւ Նյու Յորք, մինչեւ Փարիզ, Կարնեգի Հոլլ: Մյունխենում ձայնագրվեց, հուսանք կհասնի մեծ ունկնդրին: Համերգը լավ չգովազդվեց: Ցավում եմ, որ օպերային երգիչներին ու տնօրենին չհետաքրքրեց այն: Նախաձեռնությունն իմն էր, մենք էինք կազմակերպել, ու ֆիլհարմոնիան ընդառաջեցՙ դահլիճ տրամադրեց: Լավ կլիներ, որ ասենք մշակույթի նախարարությունը հետաքրքրություն ցուցաբերեր, այնինչ բավական անտարբեր գտնվեց:

- Վարդան Մամիկոնյանի հետ առաջին համագործակցությունը կայացավ: Ապագայում համատեղ ծրագրեր կա՞ն:

- Վարդանի հետ առայժմ 2006-ի ապրիլի 16-ին Կահիրեում ՀԲԸՄ-ին նվիրված մի համերգ է ծրագրված :Բայց ընդհանրապես ես ավելի շատ զբաղված եմ օպերային գործունեությամբ, իսկ օպերային արիաներն ավելի գեղեցիկ է երգել նվագախմբի ուղեկցությամբ: Վարդանը մենակատար է, եւ երբեք ոչ մեկին չի նվագակցել, կոմիտասյան համերգը երգչուհուն նվագակցելու առաջին փորձն էր իր համար: Կոմիտասի դեպքում որոշեցինք պրակտիկան միավորել, ինչպես լինում է մեծ արտիստների դեպքում:

- Տիգրան Մանսուրյանն էլ համերգի ավարտին հենց նույն համեմատությունն արեց:

- Շատ շնորհակալ եմ: Մանսուրյանն ինձ գեղեցիկ ողջույն հղեցՙ բռավո, այդպես են տուն գալիս, ասաց: Սա ինձ համար իսկապես ամենամեծ գնահատականն էր:

- Տուն գալու մասին: Շատերն ասում են պալատական երգչուհի եք դարձելՙ նկատի առնելով վերջերս ստացած Ձեր շքանշանները: Օպերան բարձրաշխարհիկ երեւույթ է, Դուք երգում եք ոչ միայն գերժամանակակից, այլեւ պատմական Թագավորական թատրոններում: Այսինքնՙ արդեն «պալատական» եք: Հակասություն տեսնու՞մ եք:

- Նախՙ անկախ շքանշաններցՙ ամեն տարի եմ Հայաստան գալիս: Եթե շքանշաններ, կոչումներ ստանում եմ, նշանակում է ինչ-որ բան ցանել եմ: ՀՀ ժող. արտիստուհու կոչումն ինձ համար իմ ժողովրդին պատկանելու նշան էր, մի խոսք էր, որ ինձ ասվեց պետականորեն:Կիլիկիո Արամ եւ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսների ինձ շնորհած շքանշաններն ինձ համար օրհնություն են: Այսօր ոչնչի կարիք չունեմ, այդ օրհնության կարիքն ունեմ: Հաջողությունների հասած երգչուհին ուզում է, որ վերադարձն անփորձանք լինի. ինձ սպասում են: Ուզում եմ տուն վերադառնալ, ուզում եմ Հայաստան վերադառնալ, ուզում եմ երկար երգել: Չեմ թաքցնում, որովհետեւ դա ինձ համար ամենամեծ բերկրանքն է, եւ դրա համար իհարկե իմ հողի, իմ ժողովրդի, իմ արեւի օրհնության կարիքն ունեմ: Ինչ վերաբերում է թագավորականին, այո, հայ երգչուհին պիտի թագավորական կեցվածք ունենա, այլապես չի կարողանա դառնալ այդ բեմերի տիրուհին:

Լիչիա Ալբանեսը տարին մեկ անգամ իր մրցանակն է տալիս տարվա երգչուհուն. ինձ համար շատ հաճելի անակնկալ էր: Ցավոք սրտի, չկարողացա ինքս վերցնել մրցանակը, որովհետեւ նույն օրը Մետրոպոլիտենի «Աիդայի» առաջին ներկայացումն էր: Շատ մեծ պատասխանատվություն է Մետրոպոլիտենում երգելը, եւ ավելի կարեւոր էր դա: Ավելի ուշ Լիչիա Ալբանեսին հանդիպեցի, հրաշալի զրույց ունեցա: Նա ինձ համար ոչ միայն մեծ երգչուհի է, այլեւ մեծ անհատականություն: Այդ տարիքում գործունյա, անցյալի դափնիներով միայն չուրախացող եւ չհպարտացող, իսկական մեծություն, որից պիտի օրինակ վերցնել: Մարդը քանի տարեկան էլ լինի, պիտի կարողանա քաջալերել երիտասարդներին, գնահատի ուրիշների հաջողությունները: Եթե կարողանամ ես էլ մի օր շարունակել իմ կարիերան, այդպես կանեմ:

- Երեւանիցՙ Կանադա, ԱՄՆ, մի աշխարհամասից մյուսը, կլիմայական փոփոխություններին, գիշերվա, ցերեկվա տարբերություններին երաժշտական գործիքն անգամ ժամանակ է պահանջում հարմարվելու: Դժվա՞ր չէ արդյոք ձայնի համար:

- Այո, դժվար է: Բայց տարիների ընթացքում սովորում ես, կարգապահության խնդիր է, այն արդեն մշակվել է իմ ապրելակերպի մեջ:Երեւանից իհարկե ավելի դժվար է գնալը (ինձ համար զգացական աշխարհ է):

- 3-րդ անգամ Մետրոպոլիտենի բեմում Աիդա երգեցիք:

- Հրաշալի այդ բեմադրությունը նոր չէ, տարիներ շարունակ կա Մետրոպոլիտենի խաղացանկում, երրորդ անգամ բախտ ունեցա մասնակցելՙ ամեն անգամ իհարկե տարբեր խաղընկերներ ունենալով: Այս անգամ տենորը, ինչպես նրան «Նյու Յորք թայմսն» է գնահատումՙ «վաղվա տենոր» իտալացի Սալվատորե Լիչիտրան էր , մեցցոսոպրանոն շատ հայտնի Դոլորա Զայիկը, բազմիցս երգել եմ նրա հետ, դիրիժորն ինձ համար նոր էրՙ Ջեյմս Կոնլոնը, որը տարիներ շարունակ Բաստիլ օպերայի, դրանից առաջ Քյոլնի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն էր: Օպերան ամեն անգամ իհարկե նորովի էր ներկայացվում, ամեն անգամ իհարկե լեցուն էր դահլիճը, սա աշխարհի լավագույն բեմերից մեկն է (եթե ոչ լավագույնը): Երբ երգում ես մի դահլիճում, որը 4500-ից ավելի տեղ ունի, կարծես մեկ ներկայացումը հավասար է 3 ներկայացմանՙ հավելյալ ուժ, կենտրոնացում է պահանջում: Ինձ հետ կհամաձայնեն բոլոր երգիչ-երգչուհիներըՙ կարեւորը կա ցանկություն կրկին այդ բեմ վերադառնալու,իսկ դրա համար պիտի անել ամեն ինչ:

- Ժնեւի Մեծ թատրոնում Ձեր առաջնախաղն էՙ երգելու եք Տոսկա, որ տարբեր բեմերում բազմիցս արժանացել է քննադատների բարձր գնահատականին:

- Ժնեւի Մեծ թատրոնը Եվրոպայում հայտնի եւ կարեւորագույն թատրոններից է: Դեկտեմբերի 17-ին այստեղ առաջին անգամ պիտի երգեմ: («Պրեմիերան հաջող անցավ», մեր կարճ հեռախոսազրույցում տեղեկացրեց Հասմիկ Պապյանը): Այո, բազմիցս երգել եմ, բայց այս բեմադրությունը նորույթ է ինձ համար, դիրիժորըՙ իտալացի Էվելինո Պիդոն է, որի հետ երգել եմ Օրանժում ցնցող հաջողություն ունեցած իմ Նորման: Ուրախ եմ նրան նորից հանդիպել, ունեմ շատ հայտնի, հրաշալի խաղընկերներ: Նույնիսկ դեկտեմբերի 23-ինՙ եվրոպական ս. Ծննդից մեկ օր առաջ եւ դեկտեմբերի 31-ինՙ Նոր տարուց 1 ժամ առաջ բեմում պիտի լինեմ: Սա կյանքիս համար սովորական դարձած ռիթմ է: Աշխատանքով տարին ավարտել ու սկսել: Մաղթեմ, որ ստեղծագործական այսպիսի վիճակը շարունակվի:

- Երգչուհու համար երջանկություն է նույնիսկ դեկտեմբերի 31-ին հանդիսատեսին ուրախ տրամադրություն պարգեւելը, իսկ երգչուհու ընտանիքի՞ համար:

- Թե ընտանիքի, թե ինձ համար, ինչպես բոլոր մյուս դեպքերում, սա մեծագույն զոհաբերություն է, փորձում ենք համատեղել: Սիրանույշը 4 անգամ Մետրոպոլիտենի «Աիդան» լսեց ծայրից ծայր, արդեն կարող է իր մեկնաբանություններն անել: Հիմա արդեն ուրիշ տեսակ հպարտություն ունի իր երգչուհի մայրիկի հանդեպ:Հպարտություն, որ շոյում է իմ ինքնասիրությունը: Հիմա դահլիճում մի շատ կարեւոր հանդիսատես ունեմ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4