«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2005-12-23 | #236, 2005-12-24 | #237, 2005-12-27


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քաղաքական տարվա ամենակարեւոր հանգուցային զարգացումները, որքան էլ զարմանալի թվա, վերջին օրերին տեղի ունեցան, դրանք ողջ տարին ճանապարհ ընկած գործընթացների տեղ հասնելն են արձանագրում: Բոլորը, վերջապես հասան մի տեղ, որտեղ պիտի կանգ առնեն ու վճռեն` ո՞ր ուղղությամբ գնան եւ ո՞ւմ հետ: Թվում է` հանրաքվեից հետո ոչ մի առանցքային իրադարձություն տեղի չի ունեցել, սակայն հենց վերջին օրերին համարյա բոլոր քաղաքական ուժերը հարմար գտան բարձրաձայն արտաբերելու մտքեր, որոնք մամուլը շարունակ ջանում էր կորզել նրանցից, բայց դրանք չէին ասվում, ասվելու ժամանակը հիմա եկավ:

Մեկնարկը տվել էր Հանրապետականը` դեռ մի փոքր ավելի վաղ, նախՙ իր խորհրդարանական խմբակցության ղեկավարի շուրթերով, ապաՙ իր 9-րդ համագումարում հնչած ելույթների մեջ: Հաջորդեցին կոալիցիայի մյուս կողմերի արձագանքները: Մնացած բոլորը եւս խոսեցին: Վերջին 7-8 օրերին հնչած տեսակետները դրեք իրար կողք եւ ինքներդ համոզվեք, թե ո՞ւր է տանում դրանց տրամաբանությունը, բանալին որտե՞ղ պետք է փնտրել.

Գալուստ Սահակյան (ՀՀԿ). «Կոալիցիան պատմականորեն իր առաքելությունը փաստորեն կատարել է»: Տիգրան Թորոսյան (ՀՀԿ). «Կոալիցիայում երկու տարվա աշխատանքը ցույց տվեց, որ այն լուրջ վերանայումների կարիք ունի»: Վահան Հովհաննիսյան (ՀՅԴ). «Քանի որ նոր սահմանադրության ներքո ենք ապրում, առաջանալու են նոր նպատակներ, նոր խնդիրներ. այդ նոր խնդիրներին ի՞նչ ձեւով ենք հասնելու` նույն թե բարեփոխված ֆորմատով, փոփոխված իրավասություններով, թե՞ ինչպես, էստեղ իսկապես քննարկելու բան կա»: Արթուր Բաղդասարյան (ՕԵԿ). «Ասել, թե կոալիցիայում տարաձայնություններ, տարընթերցումներ չկան, իհարկե այդպես չէ...2006 թվականին անպայման տեղի կունենա քաղաքական լուրջ քննարկում կոալիցիայի ներսում` թե ինչպես ենք մենք աշխատելու հետագայում»:

Վիկտոր Դալլաքյան. «2006-ին զանազան դաշինքներ եւ միավորումներ կարող են ստեղծվել, քաղաքական դաշտը շատ անսպասելի ձեւափոխումների կենթարկվի. ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ը կգնա առանձին, առանձին կգնա նաեւ ՀՀԿ-ն, հնարավոր է, որ ՀՅԴ-ն փորձի համագործակցել ՀՀԿ-ի հետ, չեմ բացառում Դաշնակցություն-Սամվել Բաբայան համագործակցությունը... Միանգամայն ընդունելի եմ համարում այն սկզբունքները, որոնք դրված են նրա կողմից (Գագիկ Ծառուկյանի-Մ.Խ.) ստեղծված կուսակցության հիմքում»: Սամվել Բաբայան. «Հնարավոր է, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկը կամ մի քանիսն անցնեն իշխանական դաշտ, իսկ կոալիցիայի կուսակցություններից մեկն ընդդիմություն դառնա»: Շավարշ Քոչարյան. «Եթե «Արդարությունն» իր մեջ ուժ չգտնի` վերագնահատելու իր արածն ու չարածը, ընդունելու սեփական սխալները, եւ մեղավորներին փնտրի միայն իրենից դուրս, ապա դաշինքի ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացների վրա էլ ավելի է նվազելու», «Մոտ ժամանակներս «Արդարությունը» պառակտվելու է, քանի որ մթնոլորտն այնտեղ անսկզբունքային եւ անառողջ է»: Արամ Գ. Սարգսյան. «Եթե այսպես շարունակվի` 2007 թվականի ընտրությունները կդառնան գերեզմանոց քաղաքական դաշտի համար»:

Եթե այս բոլորին ավելացնենք տարբեր աղբյուրներից մամուլ ներթափանցող լուրերը մի քանի նոր կուսակցությունների ստեղծման կամ համագործակցելու առաջարկների մասին` գուցե եւ որոշ ջրեր պարզվեն. «Միկա Բաղդասարովը նույնպես կուսակցություն է ստեղծում»: «Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ` առաջարկելով համագործակցել»: «Գործարար Հրանտ Վարդանյանը հանդիպել է հանրապետականի հետ, սակայն համագործակցության նրա առաջարկը կարծես թե հանրապետականների սրտով չի եղել»: «Կարեն Կարապետյանը («Ժողպատգամավոր»), Արտաշես Թումանյանը նույնպես կուսակցաշինությամբ են ուզում զբաղվել»: «Ապարանցիների հայրենակցական միությունը եւս «սպառնում» է կուսակցություն դառնալ»: Երեկ Խոսրով Հարությունյանն էլ էր կանխատեսում, որ ընդդիմություն կդառնա կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկը: Այսինքն` կարծես իրականություն է դառնում շատ ավելի վաղ քաղաքական փորձագետների արած այն կանխատեսումը, որ կարող է իշխանական շրջանակների կողմից ընդդիմության նոր ձեւաչափ ձեւավորվել, քանի որ ներկա ընդդիմությունը, փաստորեն, հանրության պատվերին եւ նպատակներին ի վիճակի չէ արձագանքել: Թե որքան է ճշմարտությունն այսօրինակ կանխատեսումների մեջ` կապրենք-կտեսնենք:

Ավելացնենք միայն, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները նոր ընտրական օրենսգրքով տեղի կունենան ոչ թե մայիսին-հունիսին, ինչպես նախկինում էր, այլ մարտի վերջին-ապրիլի սկզբին, իսկ դրանից 100 օր առաջ նախընտրական գործընթացներ են սկսվում: Այսինքն` հերթական ընտրություններն ուղիղ մեկ տարի հետո են, քթի տակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4