«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2005-12-23 | #236, 2005-12-24 | #237, 2005-12-27


ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀԻ ԱՌԱՋ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ»

Խոսրով Հարությունյան. «Բաց թողնված հնարավորությունների փուլ»

«Եթե դու Ազգային ժողովի պատգամավոր ես, դա դեռ չի նշանակում, որ դու քաղաքական գործիչ ես». «Եթե դու քաղաքական գործիչ չես` դու իրավունք չունես ԱԺ պատգամավոր լինելու»: Առաջին միտքը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանինն է, երկրորդը` ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանինը, որոնք երկուսն էլ համամիտ էին այն հարցում, թե չեն կարող հանրային կյանքի կարեւորագույն խնդիրներում որոշում կայացնելու մեջ ներգրավված լինել մարդիկ, որոնք կենսափորձ, գիտելիք, հմտություն եւ ունակություն չունեն: Ուղերձը, որ ենթադրում էր, թե հիմա այդպիսիք շատ են, եկող տարի սպասվող քաղաքական վերադասավորումներին արվում էր «Կոնգրես» հյուրանոցում, քաղաքական բանավեճի ակումբի` երեւի տարեվերջի եզրափակիչ քաղաքական քննարկմանը, երեկ:

Բավական ծավալուն բանախոսություններից մենք կառանձնացնենք միայն այն տեսակետները, որոնք միտված են ապագային, եւ նկատի ունենալով դրանք ներկայացնողների` ամենավերին շրջանակներից իրազեկված լինելու հնարավորությունները, դրանցից սպասվող գործընթացների մասին բավական եզրահանգումներ կարելի է անել:

Գ. Սահակյանը կոալիցիայի մասին կրկնեց իր ավելի վաղ ասած միտքը. դրականորեն իր առաքելությունը կատարել է թե՛ համակարգային փոփոխությունների առումով, թե՛ տնտեսության: «Բայց երբեք ու երբեք այն կարծիքին չեմ, որ հենց վաղը-մյուս օրը կոալիցիան լուծարվելու է, եւ կարծում եմ` ոչ միայն կոալիցիոն շրջանակներում, այլեւ ընդհանրապես քաղաքական ուժերը նորովի իրենց ուժերը համադրելու խնդիր ունեն, այսինքն` մենք մի նոր քաղաքական պահի առջեւ ենք կանգնած»: Ինչպիսի՞ վտանգներ, ինչպիսի՞ ազդակներ կլինեն առաջիկայում եւ ի՞նչ ճանապարհ է հարկ գնալ: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարիՙ վտանգը հետեւյալն է. եթե 1999 թվականից հետո կուսակցությունները պակասեցին մեր երկրում, որովհետեւ բավականին ուժեղ քաղաքական համակարգ ապահովեց այդ թվականը, ապա մեր ժամանակներում քաղաքական դաշտի սնանկության պատճառով մինչեւ 2007 թվականի ընտրությունները բազմաթիվ կուսակցություններ են առաջանալու: Եվ դա երբեմն-երբեմն խճանկարը դարձնելու է նաեւ հասարակության համար անտանելի: Դա է պատճառը, որ առաջիկայում պետք է ջատագովը լինել, որպեսզի երկիրը հնարավորինս քիչ ցնցումներով գնա համապետական ընտրությունների: Խորհրդարանը օրենսդրական աշխատանքում իրեն դրական է դրսեւորել, միաժամանակՙ որպես ժողովրդի ներկայացուցիչ չի կատարել իր գործառույթները, որովհետեւ քաղաքական գործիչների ինստիտուտ ապահովող անձինք այսօր մեծ մասամբ խորհրդարանում չեն: Ընդդիմությունը բոյկոտել է քաղաքական մարմինը, մինչդեռ կան քաղաքական գործիչներ, որոնք բավական երկար ճանապարհ են անցել. ա՛յդ դպրոցը պիտի կարողանար զարգացնել Ազգային ժողովը: Գ. Սահակյանը խոտելի համարեց խորհրդարանում առկա այն մտայնությունը, որ եթե պատգամավոր ես, ուրեմն քաղաքական գործիչ ես` երեւույթը շատ վտանգավոր անվանելով. «Կան ուրախացած պատգամավորներ (կապ չունի` որ թիմից կամ խմբակցությունից են), որ հորջորջում են, թե իրենք արդեն ամեն ինչ գիտեն, զանգվածներն իրենց հետեւից պիտի գան եւ հաղթողի թիկնոցով փորձ են անում առաջ գնալ. դա խորհրդարանի թուլությունն է: Ընդդիմությունը բոյկոտեց, չեկավ, դրանով ինքը թուլացավ: Հիմա, ինչպես ասում են` հերթը իշխանական դաշտինն է, եւ կարծում եմ 2006 թվականին հարվածների տեղատարափ կլինի նաեւ իշխանական կուսակցությունների կամ իշխանություններին հարող կուսակցությունների դաշտում», կանխատեսում արեց Գ. Սահակյանը:

Խ. Հարությունյանը քաղաքական-տնտեսական տարվա հիմնական խորհուրդները համարեց «Արմենալի» գործարկումը եւ սահմանադրական բարեփոխումները. «Քաղաքական առումով անկասկած 2005-ը կմտնի պատմության մեջ` որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տարի», ասաց, մինչդեռ սահմանադրությունից, ավելի ճիշտ` բուն քվեարկության ընթացքից հանրության ակնկալիքները նա գնահատեց որպես կորցրած հնարավորությունների փուլ: «Մենք` հասարակությունը, նաեւ քաղաքական մեծամասնությունը եւ փոքրամասնությունը, լուրջ հնարավորություն ունեինք ընդհանրապես ընտրության գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու. այդ հնարավորությունն ուղղակի բաց թողնվեց. ինչպես ուռճացված ստացվեցին մասնակցության վերաբերյալ պաշտոնական տվյալներն, այնպես էլ ուռճացված էին, ես համոզված եմ, 300 000 մասնակցության վերաբերյալ ընդդիմության տվյալները»: Եվ քաղաքական մեծամասնությունը, եւ քաղաքական փոքրամասնությունը առանձնապես պատասխանատու դիրքորոշում եւ վարքագիծ հանրային բավականին պատասխանատու գործընթացում չդրսեւորեցին, չնայած դրան, ըստ Խ. Հարությունյանի, սահմանադրական հանրաքվեի արդյունքները մեծ իմաստով հանրային կամքի արտահայտությանը համընկնում են: Փոքրամասնության համար` հանրաքվեի հանձնաժողովներից իր ներկայացուցիչներին հետ կանչելը քաղաքական պատասխանատվության անտեսում էր: Կեղծիքներ եղել են` ոչ այնքան, որ ազդեին արդյունքների վրա, բայց եղել են, իսկ քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ չէ այդ կեղծիքներն անողներին պատժել: Խ. Հարությունյանն ասում է, որ այս իրավիճակը թուլացնում է թե՛ քաղաքական իշխանության ազդեցությունը եւ թե՛ քաղաքական փոքրամասնության հնարավորությունների կիրառումը:

Նոր կուսակցությունների ստեղծումը խոսում է այն մասին, որ քաղաքական հարաբերակցությունն ու քաղաքական ուժերի որակը, ներուժը ինչ-որ բանի ակնհայտ չեն բավարարում, դրա համար էլ օրակարգ է մտել նոր քաղաքական կուսակցություններ ձեւավորելու անհրաժեշտությունը. սա խոսում է այն մասին, որ քաղաքական համակարգը հիվանդ է, եւ հանրային հետաքրքրություններին համարժեք արձագանքելու, դրան համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն չունի, մեր հասարակության սպասելիքները քաղաքական համակարգից դեռեւս բավարարված չեն: «2007 թվականը լինելու է ուղղակի փորձաքար` մեր հանրային հետագա զարգացումների համար. կունենա՞նք մեծ պատասխանատվություն` 2007-ի ընտրություններն անցկացնելու առավելագույնս թափանցիկ, հանրության նպատակներին համապատասխանող, ուրեմն հաջողություն կունենանք ապագայում, եթե չէ` մեզ սպասում են հերթական մի շարք հիասթափություններ», եզրակացրեց Խ. Հարությունյանը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4