«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2005-12-23 | #236, 2005-12-24 | #237, 2005-12-27


ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ 2005-Ը ԲԱՐԵՆՊԱՍՏ ՏԱՐԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը մամուլի տարեվերջյան ասուլիս էր հրավիրելՙ ներկայացնելու մարզում 2005 թվականին կատարված աշխատանքները, առկա հիմնախնդիրներն ու առաջիկա անելիքները: Ընդսմին մարզպետը տրամադրված էր տարեմուտի այս հանդիպմանը խոսակցությունը հիմնականում ծավալել եղած դրականի մասին:

2005-ը մարզի համար ընտրական, ավելի որոշակիՙ 93 համայնքներում համայնքապետի, 114-ումՙ ավագանու ընտրությունների տարի էր: Այս առումով մարզային ղեկավարությունը որեւէ խնդիր չի ունեցել, նորություն է եղել մեկ համայնքումՙ Արեգնադեմ գյուղում կին համայնքապետի ընտրությունը: Ընտրարշավը չի խանգարել նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքմանը, որում նախորդ տարվա համեմատությամբ նույնիսկ որոշակի աճ է եղել:

Արձանագրելով կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում կատարված դրականը, մասնավորապես այս տարի մարզի 11 դպրոցական շենքերի հիմնանորոգումը, առողջապահության մեջ ներդրված նորություններն ու այս ոլորտի ֆինանսավորման եկող տարի նախատեսվող 400 մլն դրամի ավելացումը, պրն. Մանուկյանը կանգ առավ շինարարության, երկրաշարժից անօթեւան ընտանիքների խնդրի լուծման հարցերի վրա: Ինչպես հայտնի է, արդեն երկու տարի Գյումրի քաղաքում նոր բնակարանաշինական ծրագրեր չեն իրականացվում: Փոխարենը այս տարի սկսել է իրականացվել անօթեւաններին բնակարանների գնման պետական վկայագրերի (ԲԳՎ-ների) տրամադրման ծրագիրը, որի համար հատկացված է եղել 1 մլրդ դրամ: ԲԳՎ ստացած 350-ից ավելի ընտանիքներից առ այսօր բնակարան են գտել 99-ը, նրանցից 72-ը արդեն կնքել են առուվաճառքի պայմանագիր, իսկ դրանցից 28-ը ավարտել են գործարքըՙ արդեն բնակարանատեր են դարձել: Եկող տարի այս նպատակով հատկացվելու է 870 մլն դրամ: Ինչպես տեղեկացրեց մարզպետը, առայժմ Գյումրիում նոր բնակարանների կառուցում չի նախատեսվում: Համենայն դեպս այդպես կլինիՙ քանի դեռ անշարժ գույքի շուկայում բնակարաններն էժան կլինեն դրանց կառուցման արժեքից:

Այս տարի Գյումրիում ՄԱԿ-ի ծրագրով ավարտի է հասցվել 18 բնակարանով մեկ բնակելի շենքի կառուցումը փախստական ընտանիքների համար: 17 փախստական ընտանիքների տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր: Մարզի գյուղական համայնքներում այս տարի առաջին անգամ պետական ֆինանսավորմամբ ավարտի է հասցվել 55 կիսակառույց բնակելի տների շինարարությունը: Տարբեր ֆինանսավորմամբ իրականացվել են նաեւ այլ շինարարական աշխատանքներ:

Անդրադառնալով տնտեսության ոլորտին, Շիրակի մարզպետը տեղեկացրեց, որ հիմնականում աճ կա սպասարկման ոլորտում: Նշվեց Գյումրու «Քարմշակմեքենա», Ազատանի եւ Ախուրյանի կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների դրական աշխատանքը:

Մարզպետը ընդհանուր առմամբ 2005 թվականը Շիրակի մարզի համար դրական է համարում բոլոր առումներով եւ լավատես է ու համոզված, որ գալիք տարի ավելի լավ է լինելու:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4