«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2005-12-24 | #237, 2005-12-27 | #238, 2005-12-28


2005 ԹՎԱԿԱՆՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՉԷՐ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Արյունահեղություն, ահաբեկչություն ու բնական աղետներ

Սառը պատերազմի ավարտին ԱՄՆ-ը ձեռնամուխ եղավ «նոր աշխարհակարգի» կառուցմանը: Քանի որ դրա հիմքում համաշխարհային գերիշխանության նկրտումներն էին, ուստի դա ոչ թե նպաստեց ժողովուրդների բարեկամությանը, աշխարհի խաղաղությանն ու կայունությանը, այլ նորանոր փորձությունների պատճառ դարձավ մարդկության համար: Այդ փորձություններից թերեւս ամենասարսափելին միջազգային ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի գլոբալ պատերազմն էր, որի հետեւանքով ահաբեկչությունը նախ օրինականացավ, ապա եւ ձեռք բերեց գլոբալ բնույթ:

Սակայն դա չխանգարեց, որ ԱՄՆ-ը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատրվակով պատերազմ սանձազերծի Աֆղանստանի եւ Իրաքի դեմ: Հակաաֆղանական պատերազմն ընդամենը հանգեցրեց ամերիկյան ռազմական ներկայությանը Միջին Ասիայում եւ Վրաստանում, իսկ հակաիրաքյանը պատուհաս դարձավ իրաքցիների համար: Իրաքում հրահրվեցին միջէթնիկ, միջդավանանքային բախումներ, երկիրը վերածվեց ահաբեկչությունների թատերաբեմի: Միջէթնիկ բախումները տարածվեցին նաեւ Սիրիայում ու Իրանում: ԱՄՆ-ն սկսեց ռազմական ներխուժման սպառնալիքի տակ պահել այս երկրներին:

Վերոհիշյալ բախումների եւ ահաբեկչության հետեւանքով զոհվեցին քաղաքական, հասարակական, կրոնական գործիչներ, նրանց հետՙ հազարավոր խաղաղ բնակիչներ. Արյունահեղությունը դեռեւս շարունակվում է, ընդ որումՙ երեխաների: Ամեն օր Իրաքում առ այսօր միջին հաշվով 30 երեխա է սպանվում: «Ժողովրդինՙ ազատություն, երկրինՙ ժողովրդավարություն» նշանաբանով սկսված հակաիրաքյան պատերազմը երկիրը ներքաշեց կատարյալ քաոսի մեջ: Իրաքի հետ քաոսի մեջ է ներքաշվում ողջ տարածաշրջանը:

Ահաբեկչական պայթյուններից չեն խուսափել նաեւ եվրոպական երկրները, այսինքնՙ ահաբեկչությունը տարածվել է Եվրոպայում նմանապես: Բացահայտվել են այս երկրներում ԱՄՆ-ի ստեղծած համակենտրոնացման ճամբարներն ու խոշտանգման կենտրոնները, ինչպես նաեւ Կենտրոնական հետախուզական վարչության ինքնաթիռները, որոնք աշխարհի տարբեր ծայրերից այս ճամբարներ եւ կենտրոններ են փոխադրում ահաբեկչության մեջ մեղադրվող առեւանգված կասկածյալներին:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայում մաղրիբցիների անկարգություններով ուղեկցվող խժդժություններին, ապա դրանք էլ ցույց են տալիս, որ միանգամայն հնարավոր է կյանքի կոչել Հանդինգտոնին վերագրվող «Քաղաքակրթությունների հակամարտության» տեսությունը: Այս ամենի առումով, ցավոք, բացառություն չէր 2005 թվականը: Եթե դրան գումարենք բնական աղետները, ապա կարող ենք փաստել ե՛ւ աղետների, ե՛ւ արյունահեղության ու ահաբեկչության համատարած բնույթը գրեթե ողջ աշխարհում:

Հունվարի 10-ին Ուկրաինայում տեղի ունեցավ «նարնջագույն հեղափոխություն», նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվեց Վիկտոր Յուշչենկոն:

Հունվարի 30-ին Իրաքում անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրություններըՙ հետսադդամյան շրջանում:

Փետրվարի 9-ին Արաֆաթի մահից հետո պաղեստինյան վարչակարգի ղեկավար ընտրվեց Մահմուդ Աբբասը:

Փետրվարի 14-ին Բեյրութում սպանվեց Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին:

Փետրվարի 27-ին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը Քոլին Փաուելից ստանձնեց Կոնդոլիզա Ռայսը:

Մարտի 31-ին Համաշխարհային բանկի նախագահ դարձավ Պոլ Վոլֆովիցը:

Ապրիլի 2-ին մահացավ Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը:

Ապրիլի 9-ին Իրաքի նախագահի պաշտոնում ընտրվեց քուրդ առաջնորդ Ջալալ Թալաբանին:

Ապրիլի 19-ին հանգուցյալ պապին փոխարինեց գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռայցինգերը:

Ապրիլի 26-ին Սիրիան իր զորքերը դուրս բերեց Լիբանանից, այսպիսով վերջ գտավ նրա 29-ամյա ռազմական ներկայությունն այդ երկրում:

Մայիսի 5-ին Անգլիայում անցկացված ընտրություններն ավարտվեցին վարչապետիՙ Թոնի Բլերի կուսակցության հաղթանակով: Վերջինս 3-րդ անընդմեջ կառավարությունը կազմելու իրավունք ստացավ:

Մայիսի 23-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ահաբեկչական պայթյունի հետեւանքով զոհվեց 88 մարդ, 200-ը վիրավորվեց:

Մայիսի 25-ին Բաքվում կատարվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկման պաշտոնական արարողությունը:

Մայիսի 29-ին Ֆրանսիայում մերժվեց Եվրոսահմանադրությունը:

Հունիսի 24-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվեց Մահմուդ Ահմեդինեժադը:

Հուլիսի 7-ին Լոնդոնումՙ մետրոյի երեք կայարաններում եւ ավտոբուսում տեղի ունեցան միաժամանակյա պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվեց 56 մարդ, 700-ը վիրավորվեց:

Օգոստոսի 1-ին մահացավ Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆահդը, նրա գահին բազմեց Աբդալլան:

Օգոստոսի 23-ին Իսրայելն իր զորքերը դուրս բերեց Գազայի հատվածից: Այսպիսով, վերացավ հատվածի 38 տարվա օկուպացումը:

Օգոստոսի 28-ին Ֆլորիդայում եւ Նոր Օռլեանում «Կատրինա» մրրիկի պատճառած աղետից մահացավ ավելի քան հազար մարդ:

Սեպտեմբերի 9-ին Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթեց Հոսնի Մուբարաքը:

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձեւ:

Հոկտեմբերի 3-ին Եվրոմիությունն անդամակցության բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ:

Հոկտեմբերի 7-ին Նոբելյան խաղաղության մրցանակին արժանացավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Մոհամադ ալ Բարադեյը:

Հոկտեմբերի 8-ին Պակիստանի Քաշմիր նահանգում տեղի ունեցավ հուժկու երկրաշարժ, մահացավ ավելի քան 87 հազար մարդ, իսկ 3,5 միլիոնը մնաց անօթեւան:

Հոկտեմբերի 27-ին Փարիզում բռնկվեցին մաղրիբցիների անկարգությունները, որոնք շուտով տարածվեցին Ֆրանսիայի մյուս քաղաքներում, շուրջ մեկ ամսում այրվեցին 9 հազար ավտոմեքենաներ, մեծ թվով վարչական շենքեր, մանկապարտեզներ, սուպերմարկետներ, ձերբակալվեց աֆրիկյան եւ արաբական ծագումով 3 հազար ներգաղթյալ:

Նոյեմբերի 17-ին Սամսունում կատարվեց «Կապույտ հոսք» գազատարի պաշտոնական գործարկումը, մասնակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:

Նոյեմբերի 22-ին Գերմանիայի կանցլեր ընտրվեց Անգելա Մերկելը:

Դեկտեմբերի 15-ին Իրաքում անցկացվեցին խորհրդարանական համընդհանուր ընտրություններ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4