«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2005-12-27 | #238, 2005-12-28 | #1, 2006-01-10


«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՆԱՎՍԵՐ», ԹԵ՞ «ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԹՌՉՆԱԳՐԻՊ»

Քաղաքական էլիտայի վայ-կուլտուրան

Հայաստանյան նոր տարին նշանավորվեց կուլտուրական այնպիսի սկանդալով, որ արդեն սովորական դառնալու միտում ունի մեր հասարակությունում: Խոսքը նախարարական մի հիվանդության մասին է, որի ախտանշաններն են սադրանքը կամ «հաբռգածություն» կոչվող վիրուսային վարակը, ապա` ներվային դիմադրողականության անկումը կամ ծովը ծնկից ներքեւ տեսնելու հալուցինացիան, ապա` բախումը: Այս ամենի արդյունքում գրանցվում է պաշտոնանկություն կամ «սեւ բիծ կամ աչոկ» գործող նախարարի ճակատին:

Ամանորյա վազքի եւ ապա խրախճանքի օրերին ցավոք ունեցանք մի նմանատիպ երեւույթ: Խոսքն այն մասին, է որ առաջին հայացքից անհարկի համարվող լրատվությունը տոնական օրերին աչքի զարնեց իր ողջ քաղաքական գեղագիտությամբ եւ խորիմաստությամբ: Մասնավորապես «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդումը նշանակալի դարձավ, պատմելով, թե ինչպես ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը որդու եւ մի խումբ հարեւանների հետ իրեն ամրագրված ատրճանակով հայտնվել է Հայկական էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի տարածքում, պարզաբանելու իրենց շենքում տեղի ունեցող էլեկտրականության պարբերական անջատումների պատճառները: Բռնկված ծեծկռտուքի արդյունքում ՓԲԸ-ի մեկ թե երկու աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ, ըստ այլ աղբյուրներիՙ վնասվածք է ստացել բողոքավորներից մեկը, իսկ Հովիկ Հովեյանն ավելի ուշ հրաժարական է տվել: Վերջին երեւույթը խիստ հակասական կոնտրաստի մեջ է «Հայլուրի» այն տեղեկության հետ, ըստ որի ՀՀ նախագահը ստորագրել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարի ազատման հրամանը: Ինչեւէ, երեւույթն այնքան տգեղ է ու մտահոգիչ, որ անկարեւոր են դառնում նախարարի պաշտոնանկության մանրամասները: Մասնավորապես, այդ ինչպե՞ս է լինում, որ մեր նախարարների ծեծկռտուքները, նրանց սիրասուն բալիկների դանակահարություններն ու փոխհրաձգությունների, վրաերթերի «պատահական» դեպքերը առնվազն եռամսյակը մեկ ցնցում են առանց այն էլ խեղճացած եւ անտարբերությունից ընդարմացած հասարակությանը:

Սակայն այս անգամ խիստ խորհրդանշական է, որ ծեծկռտուքի մեջ է մեղադրվում ոչ ավել, ոչ պակաս մշակույթի՛ նախարարը: Պաշտոն, որ կարծես նավսած լինի, չնայած այն բանին, որ մեր խիստ անտարբեր հասարակությունը զգայուն եւ քիչ թե շատ ուշադիր է հենց այս պաշտոնի նկատմամբ, քանի որ մշակույթը միշտ էլ եղել է մեր գենետիկ հիշողության ու զգացմունքային պոտենցիալի ամենալուրջ փողհարը: Իրապես, մշակույթի նախարարի պաշտոնն այդպես էլ «խեր» չբերեց ո՛չ Ռոլանդ Շառոյանին, ո՛չ Թամար Պողոսյանին, ո՛չ էլ խիստ կարճ ժամանակահատվածում «ՕԵԿ» պիտակը ստացած Հովիկ Հովեյանին: Ընդ որում, նշվածներից եւ ոչ մեկը (ինչու չէ, նրանց նախորդածները եւս) չարժանացավ հասարակության էլիտայի օրհնությանը կամ գոնե «արժանի է» արձագանքին: Սա բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ կուսակցական պորտֆելները «հորով-մորով» անելուց ղեկավարները մոռանում են, որ մշակույթի նախարար չի նշանակում բանաստեղծ, արվեստագետ կամ կուսակցական ակտիվիստ: «Մշակույթի նախարար» բառակապակցության մեջ գլխավորը գոյականն է, տվյալ դեպքում «նախարար»-ը, որ նախ եւ առաջ ենթադրում է պաշտոնյա, ով կարող է նախարարի գործունեությունն իրականացնել հավուր պատշաճի` լրջությամբ եւ պատասխանատվության գիտակցությամբ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4