«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2006-01-10 | #2, 2006-01-11 | #3, 2006-01-12


ԱՍՏԾՈՒ ԲՆԱԿԱՏԵՂԻ` ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Անցած տարին մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան թաղամասի համար նշանավորվեց գեղեցիկ իրադարձությամբ: Վերջապես 20-30 տարվա պատմություն ունեցող թաղամասը ունեցավ իր եկեղեցինՙ հոյակերտ ու գեղատեսիլ: Եկեղեցու հոգեւոր հովիվ Գրիգոր քհն. Հովհաննիսյանը իր ծխի հավատացյալների հետ զրուցելիս կարեւորում է եկեղեցու իրական եւ հավերժական դերը:

Քանի որ «Ազգը» ներկա էր հավատացյալների եւ Տեր Գրիգորի զրույցին, այսօրվա «Խորան իմացությունը» կազմված է այդ հարցուպատասխանի արձանագրությունից:

Իհարկե, գեղեցիկ եկեղեցի է, ամեն ինչ շատ ճոխ է, բայց ավելի լավ չէ՞ր լինի գոնե այս ծախսի մի մասը օգնության պես բաժանեին աղքատներին, թե չէ միայն շենքեր ենք կառուցում:

- Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է` որքան ժամանակ մարդը մնում է աշխարհի վրա, մեղավոր է, այդ պատճառով էլ կարոտ է Աստծո հետ հաշտության: Մեղավորները երկինք չեն ելնում, որովհետեւ սաստիկ բարձր է, Աստված էլ մարմնավոր տներ չի իջնում, որովհետեւ մեղավորների բնակատեղիներ են: Այս պատճառով էլ Աստծո անունով շինեցին այս տունըՙ եկեղեցին: Որովհետեւ եթե նյութեղեն չլիներ, մեզ համար բնակության վայր չէր կարող լինել, եւ եթե սրբված ու օրհնված չլիներ, Աստված չէր բնակվի այնտեղ: Քանի որ ամեն տեղ մեղավոր մարդ կա, ուստի ամենուր հարկավոր է եկեղեցի կառուցել: Այդ առումով, սխալ է սոցիալական խնդիրները հակադրել հոգեւոր կարիքների բավարարմանը: Թեեւ եկեղեցին իրականացնում է բազմաբնույթ սոցիալական եւ մարդասիրական ծրագրեր, սակայն չմոռանանք, որ եկեղեցու գլխավոր նպատակը մարդկային անմահ հոգիների փրկությունն է:

- Այնուամենայնիվ, շատ չէ՞ այսքան եկեղեցի կառուցելը:

- Իսկ փորձե՞լ ենք հաշվել, թե որքան է հոգեկործան հաստատությունների թիվը, որոնք բոլորը բացվել են վերջին 15 տարիներին: Հարյուրների կարող է հասնել, կառուցված ու գործող խաղատների, գիշերային ակումբների եւ նմանատիպ հաստատությունների քանակը: Որեւէ մեկը չի կասկածում, որ այդ չարքի որջերում սատանայի կամքն է կատարվում: Այդտեղ մեղք է գործվում, որ տանում է մարդկանց դեպի հավիտենական կործանում: Ո՞վ է դրա մասին մտահոգվում, հարց է: Փոխարենը մի քանի եկեղեցիները շատ են համարվում մեկ միլիոնանոց Երեւանի համար: Ըստ իս, Երեւանը պետք է ունենար ոչ պակաս, քան 1000 քահանա եւ մի քանի հարյուր եկեղեցի: Բայց այսօր արվարձաններով հանդերձ ունենք մոտ 15 եկեղեցի, որը շատ քիչ է:

- Տեր հայր, միշտ ասում եք, որ եկեղեցու ամենամեծ խնդիրը փրկագործությունն է, սակայն այս եկեղեցում մեծ դահլիճ կա, մի քանի կրոնական դասընթացներ: Մի՞թե դա եկեղեցու գործն է:

- Եկեղեցին ունի իր «մեթոդները», որոնցով մարդկանց տանում է փրկության: Նախ մկրտությամբ մարդը քրիստոնյա է դառնում, որդեգրվում է եկեղեցուն, ապա` եկեղեցին մարդուն առաջնորդում է քրիստոնեական ընթացքի մեջ, աստվածաճանաչողության եւ աստվածապաշտության: Դրա համար մարդիկ մասնակցում են քարոզների, դասերի, դասընթացների, բոլորի նպատակը մեկն է` մարդուն ծանոթացնել հավատքին, Սուրբ Գրքին, եկեղեցու կարգուկանոնին, պատվիրաններին, որպեսզի կարողանան իրենց քրիստոնեական ընթացքի մեջ ուղիղ եւ ճիշտ քայլել, չշեղվել, չընկնել: Շատ կարեւոր է եկեղեցու սուրբ Խորհուրդներին մարդկանց մասնակցությունը` մկրտության, դրոշմի, ապաշխարության, հաղորդության, պսակի, ձեռնադրության եւ կարգ հիվանդաց: Սրանք բոլորը մեկ բանի են միտված` մարդուն ընկած վիճակից բարձրացնել, գլխահակ վիճակից ուղղել դեպի երկինք եւ ի վերջո հասցնել խաղաղության նավահանգիստը:

- Շատերը գալիս են այստեղ առանց հաշվի առնելու ո՞ւր են գալիս, կարծես միայն մոմավառությունն է նրանց բերում այստեղ...

- Ցավոք, կա այդպիսի երեւույթ, երբ մարդը չասեմ չի գիտակցում ավելի ճիշտ` անգետ է: Եվ այստեղ էլ մեր` հոգեւորականներիս եւ եկեղեցու ծառայողներիս պարտականությունն է աշխատել ժողովրդի հետ, կրթել այս առումով, սովորեցնելով կարգը: Սա հոգեւորականի առաջին եւ ամենամեծ պարտականությունն է, որովհետեւ հոգեւորականը հովիվն է իր ժողովրդի: Իզուր չէ, որ ասում են` տեր: Պետք է հիշել, որ հոգեւորականը տեր է ոչ թե իշխանություն բանեցնելու իմաստով (այդպես են շահարկում աղանդավորները), այլ որպես տիրություն անող, խնամք տանող կամ խնամատար իմաստով:

- Կարո՞ղ է այս եկեղեցին դիմակայել աղանդավորականության մարտահրավերներին:

- Մեր մոտեցումը մի փոքր այլ է: Մենք խնդիր չունենք մարտի դուրս գալու, այլ քրիստոնեականացնելու մեր զավակներին, բառի բովանդակային իմաստով, ինչպես մեր հայրերն ու պապերը, որոնք շատ լավ գիտեին, որ ամեն կիրակի եկեղեցի պիտի գնայինՙ մասնակցելու պատարագի, հաղորդվեին տերունական մարմնին եւ արյանը, պահք պահեին, հետեւեին եկեղեցական կարգերին եւ այլն: Շատերն անգամ տառաճանաչ չէին, բայց աղոթում էին եւ գիտակցում էին նրա զորությունը: Այսօր մենք քաղաքակիրթ ենք համարվում, բայց չենք աղոթում: Այս առիթով ուզում եմ հիշատակել երջանկահիշատակ Գարեգին Ա-ի խոսքը, որը միգուցե կոպիտ հնչի, բայց բացարձակ ճշմարտություն է: Նա ասաց, այն մարդը, ով չի աղոթում, ով էլ լինի, ինչի էլ հասած լինի, ինչ պաշտոն կամ դիրք գրաված լինի, եթե չի աղոթում, կենդանուց չի տարբերվում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ձեր հարցերը «Խորան Իմացության» խորագրին կարող եք ուղարկել հետեւյալ հասցեներով` Երեւան, Հանրապետության 47 կամ column@azg.am :


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4