«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2006-01-24 | #12, 2006-01-25 | #13, 2006-01-26


ՀԵՆՐԻ ԷԼԻԲԵԿՅԱՆ-ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Երեւանի Գեւորգյան ցուցասրահում բացվել է նկարիչ Հենրի Էլիբեկյանի «Ինքնադիմանկարը իմ ժամանակակիցն է» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ հունվարի 31-ը:

«Այս ցուցահանդեսի մեկնակետը մարդն է, որը հանդիսանում է ժամանակի թիրախը,- ասում է Հենրի Էլիբեկյանը,- մարդկային կյանքը կեցություն է մահվան առջեւ: Մարտին Հայդեգերի այս խոսքերը շատ արդիական են նաեւ մեր ժամանակներում»:

Ցուցահանդեսում ներկայացված կտավները 38-ն են եւ վերնագրված են... «Անվերնագիր». ցուցահանդեսի խորագիրն էլ խոսուն էՙ հակադարձ համեմատական են հերոսըՙ իմա նկարիչը, ժամանակը եւ ժամանակակիցները:

Ըստ նկարչի, այս յուրօրինակ դիմանկարներում մարդիկ կարող են գտնել իրենց ժամանակակիցներին` Սեւակին, Մինասին, Փարաջանովին եւ այլոց:

«Ներկայացվող «Ինքնադիմանկարը իմ ժամանակակիցն է» հերթական նախագիծը շեշտված ծրագրային բնույթ է կրում: Այն էականորեն տարբերվում է նախորդ տարիներին մեծ հաջողությամբ իրականացված տարաբնույթ ակցիաներից...», բնորոշում է արվեստաբան Պողոս Հայթայանը:

Հայ նկարչական արվեստը 60-ական թվականներին էր, որ սկսեց որակական փոփոխությունների ենթարկվել, քանզի այս տարիներին թարմ, երիտասարդական ուժերը բազմաշերտ նորամուծություններով թափ ու ժամանակակից շունչ հաղորդեցին դասական հայկական նկարչությանը: Նորամուծությունների ֆոնի վրա էր Հենրի Էլիբեկյանըՙ իր ըմբոստ գաղափարներով ու մտահղացումներով, որի արմատները, ինչպես պարզվեց, կապված են իր ընտանիքի կենսակերպի հետ:

«Ինձ համար դժվար է ասել, թե որտեղից է իմ ըմբոստությունը, միշտ էլ ըմբոստ եմ եղել, ես զբաղվում եմ հոգեվերլուծությամբ, կարող եմ ասել, որ կապված է իմ ընտանիքի հետ: Ծնվել եմ Թիֆլիսում 1936 թ., հայրս եղել է թատրոնի տնօրեն, մայրս` նկարչուհի: Ապրել ենք մշտական սարսափի մեջ. կարող էին ամեն վայրկյան մեր ընտանիքը աքսորել: Եվ հայրս, եւ պապս` Երվանդը կատաղած էին այս երկրի վրա», ասում է նկարիչը:

30-40-ական թվականներին աքսոր ասածը սովորական էր հատկապես Արեւմտյան Հայաստանից գաղթածների համար, Էլիբեկյանը հիշում է հատկապես էրզրումցի տատին` Սիրանույշին, որի աչքերի առջեւ մորթվել են ծնողները: Ապրիլի 24-ին էլ նախատեսված է հաջորդ ցուցահանդեսը, որը նվիրված է տատի հիշատակին:

Նկարիչը նաեւ զբաղվում է արվեստաբանությամբ, գրում արվեստի մասին` հենվելով փիլիսոփայության, հոգեբանության վրա, նաեւ օգտագործում է բժշկական տերմիններ: Հետազոտությունները համարձակ վերլուծություններ են. գեղարվեստը յուրովի բացահայտելու եւ մեկնաբանելու հենաքար: Բժշկական տերմինները կապված են մարդու հետ եւ եթե կապված են, ապա նկարիչը աներկբայորեն օգտվում էՙ առավել ընդգծելու իր արվեստի կոնցեպտուալ բնույթը:

«Մարդու առաջին ճիչը դառնում է մարդու ազատության խորհրդանիշը, մանիֆեստ մարդու կեցության համար: Հենվում եմ իմ ինտուիցիայի վրա, այժմ էլ ինձ զգում եմ 17 տարեկան պատանու նման, համարձակորեն մտնում եմ այն ասպարեզ, որին անծանոթ եմ: Համեմատության համար ասեմ, որ 76 թ., երբ եկա Հայաստան, Ալիխանյանը մաթեմատիկոս Կալմագորովին բերեց իմ արվեստանոց, պարզեցի, որ Կալմագորովը լեզվաբան էր, ոչ թե մաթեմատիկոս: Այսինքն կողքից միշտ էլ սուր աչքը կարող է զարտորոշել. ավելի լավ է ամեն ինչ երեւում», բարձրաձայն մտորում է նկարիչը:

Խոսելու մեջ վարպետ չէ. գործը նկարելն ու գծելն է: Կրթություն է ստացել Երեւանում, Թիֆլիսում, Լվովում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, նաեւ անհատական, կազմակերպել է ակցիա-պերֆորմանսներ:

«Արվեստագետը ոչ թե բավարարվում է իր ներքին ազատությունը պարպելով կտավի վրա, այլ ձգտում է իր ներքին ազատությունը ապրել առարկայորեն եւ ձգտում ստեղծագործաբար վերափոխել իր իրականությունը, իրեն շրջապատող միջավայրին հոգեւոր լիցք հաղորդել», նկարչի մասին շարադրել է գրականության եւ արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը:

Հենրի Էլիբեկյանի ստեղծագործությունները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արեւելքի ժողովուրդների պետական թանգարանում, Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանում, Մոսկվայի Ա. Սախարովի անվան «Խաղաղություն, առաջընթաց եւ մարդու իրավունքներ» թանգարան-հասարակական կենտրոնում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում եւ այլ քաղաքների թանգարաններում եւ հավաքածուներում:

ԳՈՀԱՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4