«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2006-01-25 | #13, 2006-01-26 | #14, 2006-01-27


ԱՅՍ ՏԱՐԻ ԿՆՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ 85-ԱՄՅԱԿԸ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի կնշվի Հայաստանի ազգային պատկերասրահի 85-ամյակը, ինչի կապակցությամբ պատկերասրահում կկազմակերպվեն հոբելյանական միջոցառումներ: Պատկերասրահի ցուցասրահներից մեկում կտեղադրվի պատկերասրահի առաջին տնօրեն Ռուբեն Դրամբյանի կիսանդրին, առանձին ցուցահանդեսով կներկայացվեն նաեւ վերջին 2 տարվա ընթացքում վերանորոգված գործերը:

Ինչպես տեղեկացրեց պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, պատկերասրահում սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ֆրանսիական արվեստի ցուցահանդես, որի վերաբերյալ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ արդեն բանակցություններ են տարվում: Մինչ այդ նախատեսվում է բացել նաեւ առանձին սրահ` ճապոնական եւ չինական դեկորատիվ արվեստի, նկարների ներկայացմամբ:

«Այս տարի կանցկացվի նաեւ երաժշտական փառատոն, որն անցյալ տարվա նման կունենա դասական ուղղվածություն», տեղեկացրեց պատկերասրահի տնօրենը:

Նախատեսված միջոցառումների շարքում առանձին տեղ է գրավելու «Ապարանք» հայրենակցական միության հովանավորությամբ «Հայաստանի ազգային պատկերասրահի գանձերն» ալբոմի տպագրությունը, կհրատարակվեն նաեւ Եղիշե Թադեւոսյանի, Վանո Խոջաբեկյանի նկարների եւ «Ռուս արվեստն ազգային պատկերասրահում» խորագրով ալբոմները:

Փ. Միրզոյանը նշեց, որ անցած տարի պատկերասրահն ունեցել է շուրջ 65 հազար այցելու, իսկ կազմակերպված ցուցահանդեսներից ամենանշանավորները եղել են ֆրանսիական «Երկիրը` երկնքից» ֆոտոցուցահանդեսը, «Իտալիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացված «Վենետիկի գանձերը», Հայոց եղեռնի` 90 եւ Գրերի գյուտի 1600-ամյակներին նվիրված ցուցահանդեսները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4