«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2006-02-10 | #25, 2006-02-11 | #26, 2006-02-14


ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆԸ

Հայաստանի գյուղատնտեսության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների, այդ թվումՙ պետության անհրաժեշտ քայլերի վերաբերյալ հետաքրքրական տեսակետներ արտահայտեց կենսաբանական գիտությունների դոկտոր, ագրարային համալսարանի դասախոս Անդրեաս Մելիքյանը:

Հայաստանում ներկայումս արտադրվում է մեծաքանակ գյուղատնտեսական մթերք, որն անհնար է ամբողջովին իրացնել ներքին շուկայում: Իրացման առումով որոշակի կարգավորիչ դեր պետք է կատարի պետությունը, ինչը, մեր զրուցակցի կարծիքով, «պետական այրերը» դեռ չեն ընկալում: Այս առումով մեր երկրի համար կիրառելի կարող է լինել Եգիպտոսի փորձը: Այդ երկրում յուրաքանչյուր գյուղատնտեսական տարվա սկզբին պետությունը որոշում է ռազմավարական նշանակություն ունեցող գյուղմթերքների ցանկը եւ այդ մասին պաշտոնապես հայտարարում գյուղատնտեսության ոլորտում ընդգրկվածներին: Պետությունը սահմանում է տվյալ պահին միջազգային շուկայի գներին մոտ գին եւ հայտարարում, որ եթե գյուղացին չկարողանա իրացնել տվյալ տարում ռազմավարական համարված բերքը, ապա պետությունը պատրաստ է գնել եւ արտահանել միջազգային շուկա: Բնականաբար դա պետք է արվի որոշակի շահույթ ստանալով: Դրանով շահում են երկու կողմերն էլՙ իրացվում է գյուղացու բերքը եւ երկրից ապրանք է արտահանվում պետության համար շահույթով: Ընդ որում, Եգիպտոսում պետությունը կարող է վճարել կամ կանխիկ, եթե գյուղացին ցանկանում է, կամ սերմացուի, պարարտանյութերի, գյուղմեքենաների տեսքով: Փաստորեն պետական միջամտությամբ, կենսաբանական գիտությունների դոկտորի հավաստմամբ, հնարավոր է լուրջ խնդիրներ լուծել:

Հայաստանում եթե նման քաղաքականություն որդեգրվի, որպես սկիզբ կարելի է վերցնել մեկ կամ երկու մթերք, որոնք մեզ մոտ արտադրվում են մեծ քանակով: Օրինակՙ կարտոֆիլը կամ ծիրանը: Իհարկե, պետական աջակցությունն այնպիսին չպետք է լինի, ինչպիսին խորհրդային տարիներին էր: Խոսքը զուտ որոշակի ռազմավարություն մշակելու եւ պետական աջակցության որոշ տարրեր ներդնելու մասին է: Պետությանը հանձնվելիք բերքի մեջ կարեւոր են որակական ցուցանիշները: Գյուղացին արտադրանք է համարում այն, ինչ ստացվում է ծառից, առանց որոշակի որակական գնահատականների: Սա մեր գյուղատնտեսության ամենամեծ թերություններից մեկն է: Եթե համեմատենք արտասահմանցի ֆերմերի արտադրանքը մեր գյուղացու արտադրանքի հետ, հսկայական տարբերություններ կտեսնենք: Հետեւաբար անհրաժեշտ է, որ պետությունը սահմանի այն որակական չափանիշները, որոնք կհստակեցնեն ապրանք հասկացությունը: Այլապես, այսօր գյուղացին ծառից թափված ամբողջ միրգը բերում է շուկա եւ բողոքում, որ չի սպառվում: Դրանում կա որոշակի չափաքանակ, որը պետք է խոտանվի: Սա պետք է գյուղացուն բացատրել:

Անդրեաս Մելիքյանի հավաստմամբ, գյուղացին ընդհանրապես իրացմանն առնչություն չպետք է ունենա: Խնդիրը պետք է լուծվի մեծ շուկաների ստեղծման եւ բորսայական առեւտրի սկզբունքներով: Գյուղացին պետք է ոչ թե անմիջականորեն ծառից քաղած իր արտադրանքը բերի շուկա, այլ իր արտադրանքիՙ պետության սահմանած որոշակի որակական ցուցանիշներին համպատասխանող չափաքանակը: Մթերք հանձնելու գործընթացին պետք է մասնակցեն վերամշակող ձեռնարկության, արտահանող կազմակերպության ներկայացուցիչները եւ մանրածախ առեւտրի կազմակերպիչները: Հասկանալի է, որ միանգամից դրան հասնելը շատ դժվար է: Այսօր մեր գյուղացին կարող է արտադրել, ենթադրենք, ընդամենը կես տոննա ծիրան: Պարզ է, որ այդ քանակը հնարավոր չէ վաճառքի հանել բորսայական առեւտրում: Գյուղացուն ձեռնտու կլինի իրացնել որոշակի սպառման կետերում, ինչը նույնպես ընդունելի տարբերակ է: Աշխարհի շատ երկրներում այդ մեթոդը գործում է: Մեծածախ շուկայի ստեղծման կարեւորությունը միանշանակ է հատկապես մեծաքանակ ծավալներ ունեցող որոշակի մթերքների համար: Մեծածախ առեւտրի կազմակերպման մասին շատ է խոսվում, բայց փաստորեն առայժմ ոչինչ չի արվում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4