«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2006-02-11 | #26, 2006-02-14 | #27, 2006-02-15


«ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ»

Կենտրոնական բանկը վերաշարադրում է իր մոտեցումը նախարարի խորհրդականի հայտարարության կապակցությամբ

Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրության մեջ վերստին շարադրվել է ԿԲ դիրքորոշումը արդյունաբերության զարգացման եւ արտահանման վրա դրամի արժեւորման ունեցած ազդեցության մասին: ԿԲ մամուլի ծառայությունն այդ հաղորդագրությամբ հանդես է եկել «հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարի 10-ին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի գլխավոր խորհրդական Մերուժան Հակոբյանի ասուլիսի ժամանակ արդյունաբերության զարգացման ու արտահանման աճի վրա դրամի արժեւորման ազդեցության մասին ԿԲ-ին վերագրվել է մի դիրքորոշում, որը երբեւէ չի հնչել ԿԲ-ի կողմից»,

Ըստ ԿԲ տեսակետի, կարճաժամկետ ժամանակահատվածում դրամի արժեւորումը ներքին արտադրողներին տալիս է էժան սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ ներմուծելու, հետեւաբար հետագայում արտադրողականության աճի հնարավորություն: Միաժամանակ կրճատվում են ներմուծված հումքով աշխատող ձեռնարկությունների ծախսերը: Սակայն, մյուս կողմից, դրամի արժեւորումը կարող է հանգեցնել արտահանողների համար եկամտի կարճաժամկետ կորստի: Արհեստականորեն արժեզրկված փոխարժեքի պահպանումն, ըստ էության, սուբսիդիայի տրամադրում է արտահանողներին, որը նրանց տալիս է արհեստական գնային մրցունակություն: Փաստորեն, ըստ ԿԲ-ի, փոխարժեքի պահպանման միջոցով կարճաժամկետ «տանիք» ստեղծելով արտահանողների համար, վտանգի տակ են դրվում նրանց երկարաժամկետ զարգացման հիմքերը, այսինքն արտադրողականության աճը: Կենտրոնական բանկը չի ենթադրում է, որ պետությունը կարող է ունենալ սուբսիդիաների եւ խթանների ծրագիր, սակայն նկատել է տալիս, որ դրամավարկային եւ արժութային քաղաքականությունները դրա լավագույն գործիքը չեն թե՛ թափանցիկության, թե՛ սուբսիդիաների կոնկրետ հասցեագրման եւ արդյունավետության տեսակետից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4