«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2006-02-15 | #28, 2006-02-16 | #29, 2006-02-17


ԵՐԵԿ Ո՞ՒՐ ԱՆՀԵՏԱՑԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԵՎ ՁՅՈՒՆԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ 100 ՄԼՆ ԴՐԱՄԸ

Երեկ առավոտյան մայրաքաղաքում դարձյալ առատ ձյուն տեղաց, հերթական անգամ անակնկալի բերելով քաղաքային եւ համայնքային իշխանություններին: Չնայած ձմեռն արդեն վերջանում է, բայց ձմռանը ձյան գալը նրանց համար այդպես էլ անակնկալ երեւույթ մնաց, քանի որ այս անգամ Երեւանը մի քանի ժամ կաթվածահար վիճակում հայտնվեց: Եթե նախկինում որոշ փողոցներում գոնե ձեռնարկվում էին կիսատ-պռատ միջոցառումներ ձյունը մաքրելու ուղղությամբ, ապա այս անգամ դա էլ չարվեց: Առավոտյան ժամը 9-12-ը մայրաքաղաքի բոլոր փողոցները դարձան դժվարանցանելի, եւ քաղաքային տրանսպորտը պարզապես անհետացավ մայրաքաղաքից: Մեր համաքաղաքացիներից նրանք, ովքեր աշխատավայր հասան 40-50 րոպեի ընթացքում 15-20-ի փոխարեն, իրենց երջանիկ համարեցին, քանի որ մյուսները այդ նույն ճանապարհը զանազան շրջանցող տարբերակներ օգտագործելով, կարողացան հաղթահարել 1,5-2 ժամում:

Պետք չէ հանճար լինել կանխատեսելու համար, որ շուտով համայնքապետները կսկսեն զանազան հայտարարություններ անել, թե քանի տոննա աղ որ փողոցներում է ցանվել, իսկ քաղաքապետարանն էլ կհայտարարի, թե քանի տասնյակ ավտոբուս, տրոլեյբուս եւ միկրոավտոբուս է դուրս եկել երթուղի: Ընդհանրապես ցինիզմը դարձել է տեղական եւ ոչ միայն տեղական իշխանությունների գործունեության անբաժանելի մասնիկը, բայց տվյալ դեպքում գործ ունենք այդ երեւույթի կատարելագործված տեսակի հետ:

Վերջում, երեկ առավոտյան ժամերով տրանսպորտի սպասող երեւանցիների անունից կցանկանայինք նախագահի վերահսկողական ծառայությանն ու նախագահին կից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդին առաջարկել քննարկելու այն հարցը, թե պետական բյուջեից կառավարության որոշմամբ ձյուն մաքրելու եւ տեղափոխելու նպատակով Երեւանի համայնքապետարաններին լրացուցիչ հատկացված 100 մլն դրամն ինչպես է ծախսվել: Ընդ որում, հարկ է օպերատիվ ուսումնասիրություններ կատարել, այլապես փողոցներում կուտակված ձյունը կհալվի, ինչից չեն հապաղի օգտվել նույն թաղապետները, հայտարարելով, որ այն մաքրվել եւ տեղափոխվել է իրենց ջանքերով:

Կցանկանայինք նաեւ քաղաքապետին հարցնել, թե ինչպե՞ս է պատահում, որ նույն քանակի շարժակազմ երթուղիներ դուրս գալու դեպքում, երբեմն, ինչպես երեկ, այդ շարժակազմը ինչ-որ տեղ անհետանում է, եւ մարդիկ ժամերով չեն կարողանում որեւէ տեղ մեկնել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4