«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2006-02-16 | #29, 2006-02-17 | #30, 2006-02-18


ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴԵՊԻ ՄԻԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Մրցունակության եւ արտադրողականության բարձրացումը պետության ու գործարարների համատեղ գերխնդիրն է

«Արտադրողականություն եւ մրցունակություն»: Այս թեմայով երեկ ազգային առաջին սիմպոզիումն էին կազմակերպել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն (ՀԱԳՄ) ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ): Բավականին ներկայացուցչական սիմպոզիումին մասնակցում էին պետական կառույցների, գործարար աշխարհի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին այս ոլորտին վերաբերող զանազան ուսումնասիրություններ եւ հարցումների արդյունքներ:

Ըստ միջոցառման առաջին զեկուցող, «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանի, մի շարք ցուցանիշներով եւ ինդեքսներով Հայաստանը շատ համեստ դիրքեր է զբաղեցնում: Եթե, օրինակ, մակրոտնտեսական եւ հանրային ինստիտուտների ինդեքսներով առջեւում ենք, ապա աճի մրցունակության ինդեքսով 117 երկրների թվում գտնվում ենք 79-րդ, բիզնեսի մրցունակության ինդեքսով` 88-րդ, մարկետինգի օգտագործման ինդեքսովՙ 107-րդ տեղերում: Տեխնոլոգիաների ինստիտուտով եւս Հայաստանը հետ է մնում, քանի որ հեռահաղորդակցության տվյալներն են հիմք վերցված, իսկ բջջային հեռախոսների հասանելիության տեսակետից վերջին տեղում ենք (այստեղ հավանաբար հիմք է ընդունվել մինչ երկրորդ օպերատորի շուկա մուտք գործելու ժամանակահատվածը-Ա. Մ.): Ելույթ ունեցողն ամփոփելով նշեց, որ մակրոտնտեսական լավ ցուցանիշներից բացի, մեր տնտեսության համար կարեւորվում է միկրոտնտեսական աճը, այսինքն արտադրողականության ավելացումը:

«Գործատուների կազմակերպությունների արտադրողականության եւ մրցունակության հնարավորությունների բարձրացման ծրագրի» ղեկավար Գագիկ Մակարյանը ներկայացրեց 58 տարբեր ոլորտի ձեռնարկությունների մեջ անցկացված հարցման արդյունքները, որոնք արտացոլում էին գործարարների տեսակետները իրենց գործունեությանը խոչընդոտող հանգամանքների մասին: Այդ ձեռնարկությունների ներկայացուցիչները իրենց գործունեության երկու հիմնական խոչընդոտներն են համարել պետական մարմինների վարչարարությունն ու բյուրոկրատական քաշքշուկները եւ օրենսդրական հաճախակի փոփոխությունները: Նշվեց, որ գործարարների 72 տոկոսը պետությանն է վերագրում իրենց խոչընդոտող խնդիրների լուծումը եւ միայն 28 տոկոսն է ինքնաքննադատական մոտեցում ցուցաբերում, գտնելով, որ իրենց իսկ կողմից լուծելիք խնդիրներ ունեն:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցի ժամանակ Գագիկ Մակարյանը նշեց նաեւ, որ ըստ վերոնշյալ ուսումնասիրության, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում որակյալ աշխատուժ ունենալու մեր ավանդական տեսակետը, եւ եթե աշխատուժի կրթվածության բնագավառում լուրջ քայլեր չարվեն, ապա առաջիկայում այդտեղ նույնպես խնդիրներ կունենանք:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նույնպես այն կարծիքին էր, որ մակրոտնտեսական առումով լավ պայմաններ ապահովելով, միկրոտնտեսական առումով լուրջ խնդիրներ ունենք: Դրանք են ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան: Նրա համոզմամբ, Հայաստանում պետք է բացահայտվեն այն շահագրգիռ սուբյեկտները, որոնց շահերը պահանջում են պայքարել կոռուպցիայի դեմ: ԿԲ նախագահի համոզմամբ, այս առումով Հայաստանը պետք է ավելի գրավիչ լինի, քան հարեւան երկրները, որոնցից մեկի առավելությունը նավթային ռեսուրսներն են, մյուսինըՙ տարանցման հնարավորությունները:

Սիմպոզիումի ժամանակ արծարծված հարցերին լրագրողների հետ զրույցի ժամանակ առավել հանգամանորեն անդրադարձավ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը: Նա պատահական չհամարեց, որ քննարկման են դրված արտադրողականության եւ մրցունակության հարցերը: Դա նշանակում է, որ այս ոլորտներում խնդիրներ կան, որոնց լուծմանը պետք է մասնակցեն պետությունը, գործարարները, հասարակության ներկայացուցիչները: Որքանո՞վ է իրավիճակն այս ոլորտներում բարենպաստ, որքանո՞վ է պետությունը կարողանում աջակցել, եւ ի՞նչ խոչընդոտներ կան, որքանո՞վ են դրանք կախված պետական կառավարման օղակներից, որքանո՞վՙ մասնավոր ձեռնարկատերերի մենեջմենտից: Սրանք են, ըստ Արսեն Ղազարյանի, քննարկման առարկա դարձած հիմնական հարցերը: Նա ընդգծեց, որ այսօրվա ձեռքբերումները բավարար չեն ապագա զարգացում ապահովելու, տարածաշրջանում մրցունակ տնտեսություն ունեցող պետություն մնալու եւ այդ մրցակցության մեջ տարածաշրջանային գերակայություն ապահովելու համար: Դրա համար պետք է մշակվեն մեթոդներ եւ առաջարկներ մրցունակությունն ու արտադրողականությունը երկրում բարձրացնելու համար: ՀԱԳՄ նախագահի համոզմամբ, դա միայն պետության խնդիրը չէ: Նաեւ ձեռնարկատերերն իրենք պետք է կարողանան գիտակցել իրենց ընկերություններում մրցունակությունն ու արտադրողականությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:

«Ազգի» այն հարցին, թե «ինչպե՞ս է ՀԱԳՄ նախագահը վերաբերվում գործարարների գերակշիռ մասի` բոլոր խնդիրների լուծումը, առանց սեփական գործունեության բարելավումը կարեւորելու, բացառապես պետությունից պահանջելուն», նա պատասխանեց, որ հեշտ է բոլոր խնդիրները բարդել միայն դիմացինի վրաՙ դա կլինի պետությունը, մրցակիցը, հասարակությունը կամ անգամ շուկան: «Մեր խնդիրն է գործարարների այդ գիտակցությունը փոխել», նշեց Արսեն Ղազարյանը, ավելացնելով, որ այն խնդիրները, որոնց լուծումը պետությունից է կախված, իրենք շարունակելու են պահանջել նրանից, բայց գործարարները նաեւ պետք է սկսեն իրենց առջեւ պահանջներ դնել: «Լինել առաջին հերթին ինքնաքննադատ, որ յուրաքանչյուր ընկերության զարգացման հիմքն է», ընդգծեց միության նախագահը, ասելով, որ միջազգային շուկայում ներկայումս մրցունակ ձեռնարկությունները հենց այդ մոտեցումն են որդեգրել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4