«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2006-05-17 | #90, 2006-05-18 | #91, 2006-05-19


ՍԱԴՐԱՆՔ ՎՐԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայ-վրացական հարաբերությունները լավագույն դեպքում կարելի է սահմանել սիրո եւ ատելության եզրագծում: Խորհրդային ժամանակահատվածում ներէթնիկական լարվածությունը մասամբ լռության էր մատնված, եւ Կովկասում ժողովուրդներն ապրում էին պարտադրյալ եղբայրության պայմաններում: Բայց թշնամանքը թաքուն բլթբլթում էր եւ Խորհրդային Միության անկումով սկսեց ուժգին եռալ:

Նույնիսկ խորհրդային իշխանության ներքո ադրբեջանցիները զուտ ազգայնամոլական քաղաքականություն էին վարումՙ Նախիջեւանը պարպելով իր հայ բնակչությունից, իսկ Ղարաբաղն ու այնտեղ բնակվող հայերին հետզհետե ավելի ճնշելով: Վրացիները, որոնք դավանակից են հայերին, ավելի լավ չէին վերաբերվում վերջիններիս: Ապացո՞ւյց: Այսօր Ջավախքը, որ մեծ մասամբ հայերով է բնակեցված, մնում է երկրի տնտեսապես ամենաթշվառ շրջանը:

Անցնող երկու դարերի ընթացքում երկու հարեւանների միջեւ սեր չի եղել: Նրանք նույնիսկ տարածքային խնդիրներ են ունեցել առաջին անկախության եւ հետագայում խորհրդայնացման տարիներին:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, որը նախքան խորհրդայնացումը մշակութային եւ այլ առումներով տարածքի ամենազարգացած կենտրոնն էր, հիմնադրել են հայերը, որոնք կազմում էին բնակչության մեծամասնությունը: Նույնիսկ քաղաքագլուխները մեծամասամբ հայ են եղել:

Հայերի գերակայությունը Թբիլիսիում միշտ էլ տեղացի վրացիների նախանձն է շարժել, եւ նրանք միշտ առիթ են փնտրել ձերբազատվելու նրանցից:

Իր «Վրաց ժողովրդի կերտումը» գրքում պրոֆ. Ռոնալդ Սյունին հայ-վրացական հարաբերություններին հետաքրքրական մեկնաբանություն է տալիս: Ամբողջ Կովկասում խորհրդային իշխանության հաստատումը դիտվում էր որպես պրոլետարիատի հաղթանակ բուրժուազիայի նկատմամբ: Բայց Վրաստանում դասակարգային այդ պայքարը կոմունիստական դիմակի տակ թաքնված վրացի ազգայնականների համար սոսկ հայերի դեմ կռվելու քող էր: Տարիների ընթացքում նրանք աստիճանաբար քանդեցին երկրում հայկական համայնքի բոլոր ենթակառույցները` գրավելով եկեղեցիներ, փակելով դպրոցներ, թատրոններ եւ թերթեր:

Ջավախքի մերօրյա հուսալքված վիճակը երկու էթնիկական խմբավորումների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների վառ օրինակ է:

Խորհրդային կայսրության անկումից ի վեր Վրաստանը երեք էթնիկական պատերազմ է մղել, չհաշված ազգայնականների եւ ծայրահեղ ազգայնամոլների միջեւ առաջացած բախումները: Այդ հակամարտությունների հիմքում ընկած են փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերված շովինիստական վերաբերմունքը, անհանդուրժողականությունը, որը երկիրը մասերի է բաժանել:

Անկախությունից հետո խորհրդային տարիների ժառանգությունը շարունակեց Շեւարդնաձեն, որին փոխարինելու եկավ Գամսախուրդիան` մի մոլեռանդ, որն ավելի քանդեց երկրի էթնիկական կառուցվածքը: Զավեշտական է, որ Շեւարդնաձեի ուժերի կողմից տապալվելուց հետո նա ապաստանեց Հայաստանում նախքան աքսորվելը եւ սպանվելը:

Վրաստանի անկախացումից ի վեր մահմեդական Աջարիան կիսաանկախ վիճակ էր վայելում Ասլան Աբաշիձեի ղեկավարության ներքո: Վերջինս չէր հնազանդվում Վրաստանի կենտրոնական կառավարությանը եւ մնում էր անպատիժ մինչեւ որ ռուսների կողմից դուրս մղվեց ասպարեզից: Ռուսները գնացին այդ քայլին, հույս ունենալով արժանանալ երկրի նոր ղեկավարության` «վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլու բարեհաճությանը:

Մյուս երկու թեժ կետերը դեռեւս մնում են չլուծված խնդիրներ: Աբխազիան, անկախություն է հռչակել: Աբխազա-վրացական հակամարտության ժամանակ հայերը երկու կրակի արանքում էին հայտնվել եւ տուժեցին կրկնակի, քանի որ կողմերից յուրաքանչյուրը հայերին մեղադրում էր հակառակորդին պաշտպանելու մեջ: Նախքան բախումները հայերն այնտեղ ամենամեծ փոքրամասնությունն էին կազմում: Պատերազմից հետո նրանց թիվը զգալիորեն նվազեց:

Խնդիրն ավելի է բարդացել այն հանգամանքով, որ աբխազները վերջին տարիներին ընդունել են ռուսական քաղաքացիություն, որպեսզի որեւէ վտանգի ժամանակ պաշտպանվեն Մոսկվայի կողմից:

Վրաստանի հյուսիսում Հարավային Օսիան նույնպես անկախություն է հռչակել: Բախումները դեռ շարունակվում են:

Սաակաշվիլին երկրի ղեկն ստանձնեց ամերիկյան քաղաքականության «հենակներով», եւ Աջարիայում Աբաշիձեից ազատվելը սրել է նրա ախորժակը մյուս տարածքներում եւս հաղթանակի հասնելու: Ամերիկայի պաշտպանությունը այնքան է ոգեւորել Սաակաշվիլուն, որ անգամ իր հյուսիսային հարեւան Ռուսաստանին է մարտի հրավիրում:

Վրաստանի խնդիրները արդյունք են նրա ղեկավարների եւ դժբախտաբար նաեւ նրա բնակչության օտարատյացության: Ուստի հայերի ներկայությունն այնտեղ անհրաժեշտ է դիտարկել այս շատ բարդ քաղաքական իրավիճակի տեսանկյունից:

Ջավախքը, ի տարբերություն Ղարաբաղի, սահմանակից է Հայաստանին: Վրաստանի իրարահաջորդ կառավարությունները դիտավորյալ այդ տարածքը պահել են թերզարգացած վիճակում: Ոչ մի ճանապարհ չի կառուցվել կամ վերակառուցվել: Հասարակական ոչ մի ծառայություն չի մատուցվել: Ո՛չ աշխատանք կա, ո՛չ տնտեսական ծրագիր:

Հայերն այդ տարածքում ցարդ կարողացել են դիմանալ եւ ապրել միայն շնորհիվ ռուսական զինվորական բազայի գոյության, որը նրանց աշխատանքի եւ ֆիզիկական անվտանգության երաշխիքն է եղել թշնամական միջավայրում:

Այժմ ռուսական այդ բազան դարձել է կռվախնձոր Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Վրացական կառավարությունը ցանկանում է ազատվել բազայից, խոստանալով հայերին ցուցաբերել տնտեսական օժանդակություն, ապահովել նրանց անվտանգությունը եւ աշխատանքի տեղավորվելը: Խոստումներ, որոնք երբեք չեն իրականացվել եւ երեւի երբեք էլ չեն իրականացվի: Միայն ռուսական բազայի ներկայությունը կարող էր ապահով եւ կանգուն պահել հայերին այդ տարածքում:

Հատկանշական է, որ իբր ժողովրդավարություն ձեռք բերած երկիրը օգտագործում է էթնիկական լարվածության եւ էթնիկական զտումների սպառնալիքներըՙ հասնելու իր քաղաքական նպատակներին: Թբիլիսին հայերին աշխատանք չի տալիս պատճառաբանելով, որ վրացերենին լավ չեն տիրապետում: Բայց, մյուս կողմից, վրացի կառավարիչ է նշանակում, որին ներելի է հայերեն չիմանալը: Ավելին, կառավարությունը սպառնում է այդ շրջան վերադարձնել ծագումով թուրք մահմեդական մեսխեթներին, որոնց Ստալինը երկրորդ համաշխարհայինի տարիներին քշել էր Կենտրոնական Ասիա եւ խորհրդային այլ տարածքներ:

Վերաբնակեցման այս քաղաքականությունը միջազգային հանրության աչքին կարող է թվալ մարդու իրավունքների վերականգնման դրսեւորում, բայց իրականում ոչ մի բանով չի տարբերվում «դասակարգային պայքարի այն քողից», որ վրացիները ավելի վաղ մղել էին հայերի դեմ: Նման քաղաքականության նպատակն է Ջավախքը բեռնաթափել իր հայ ազգաբնակչությունից:

Վերջին ամիսներին Վրաստանի ներքին եւ արտաքին գործերի նախարարները այցելեցին Հայաստան եւ հավուր պատշաճի եղբայրական սիրո քաղցր խոսքեր փոխանակեցին, խոստանալով Հայաստանի շահերին խանգարող որեւէ քաղաքական գործարքի մեջ չմտնել: Այդուհանդերձ Վրաստանի հայերի նկատմամբ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հետապնդումները շարունակվում են: Չմոռանանք, որ Վրաստանը օժանդակեց Թուրքիային եւ Ադրբեջանին շրջանցելու Հայաստանը Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության գործում: Խոսք կա, որ Վրաստանում ցանկանում են վերականգնել գնացքների ծառայությունը դարձյալ շրջանցելով Հայաստանը:

Սաակաշվիլու կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը դիմակայում է նույն իրավիճակին, ինչ առաջին անկախության տարիներին, նա չի կարող երկրորդ ճակատում արդյունավետ պայքարել, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը:

Հայաստանից ակնկալվում է մեղմել լարվածությունը, մինչդեռ Վրաստանը շարունակում է զլանալ իր պարտականությունները:

Վրաստանի ղեկավարները համոզված են, որ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու միակ միջոցը դաշնային համակարգի ստեղծումն է, որպեսզի Աբխազիան եւ Օսիան հրաժարվեն իրենց անկախության մտադրություններից: Սա հիանալի առիթ է ջավախեցիների համար, որ պահանջեն ինքնավարության նույն մակարդակը, որ մյուս տարածքներին է տրվելու: Երեւանն, իհարկե, պաշտոնապես եւ բացահայտորեն չի կարող խրախուսել այդ պահանջը, չխաթարելու համար հայ-վրացական հարաբերությունները:

Ամերիկյան քաղաքականությունը այս հարցերի վերաբերյալ մնում է միակողմանի: Նրա նպատակն է ռուսական զորքերի դուրսբերումն այդ տարածքից` անկախ հետեւանքներից: Շարունակելով սառըպատերազմյան մտածելակերպը, ամերիկացների նպատակն է սահմանափակել Ռուսաստանի լիազորություններն ու ազդեցությունը տարածաշրջանում:

Կարծես այս բոլորը բավական չէր, վրացական ուղղափառ եկեղեցին էլ իր հերթին է նոր սադրանքներ բանեցնում, վստահաբար կառավարության գիտությամբ եւ թույլտվությամբ, ստեղծելով լարվածության մի նոր ալիք երկու երկրների հարաբերություններում:

Վրացական եկեղեցին տարիներ շարունակ զավթել է Վրաստանի հայկական եկեղեցիները: Խնդրանքները, կոչերն ու բողոքները ոչ մի արդյունք չեն տվել: Այժմ ավելի առաջ գնալով Վրաստանի ուղղափառ եկեղեցին մի հատուկ հանձնախումբ է կազմել, որը պահանջում է որպես վրացական ճանաչել Հայաստանի հյուսիսային շրջաններում` Տավուշում եւ Լոռիում գտնվող վեց եկեղեցիներ: Այդ վայրերում ոչ մի վրացի չի ապրում:

Սա կարծես նոր յուղ է լցնում կրակին: «Հատուկ հանձնախմբի» հայտարարությունը ուղեկցվում էր մեկ ուրիշ սադրանքով: Վրաստանի ուղղափառ եկեղեցու գերագույն խորհուրդը որոշել է Հայաստանում հաստատել վրացական եկեղեցական մի թեմ, առանց այդ մասին տեղյակ պահելու կառավարությանը կամ Հայաստանյայց եկեղեցուն: Նրանց ղեկավարների ասելով, իբր ցանկանում են վերականգնել «Ագարակ-Տաշիր, Դմանիսի աթոռի» պատմական գոյությունը:

Այս ամենի հետեւում հստակ թաքնված է որոշակի մի ծրագիր, որովհետեւՙ

ա) այդ վայրերում ոչ մի վրացի չկա, որ հաճախի այդ եկեղեցիները: Չկան նաեւ համապատասխան կրոնական կառույցներ.

բ) առավել ծանրակշիռը` այդ տարածքը նշված է 1918-ի քարտեզի վրա եւ վրացի մենշեւիկները դա համարել են իրենցը:

Ի՞նչ է ստացվում: Հայաստանում ապրող վրացիները կարող են օգտվել եկեղեցիներից, շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու թույլտվության, իսկ Վրաստանի հայկական եկեղեցիները «մահանում են», քանի որ պետություն-եկեղեցի անջատվածության հետեւանքով նրանք որոշակի կարգավիճակ չունեն: Սա չափազանց հարմար իրավիճակ է վրացիների համար. մի կողմից նրանք կարող են անտեսել հայերի պահանջները, մյուս կողմից թույլ տալ, որ վրացական եկեղեցին զավթի հայկական եկեղեցիները:

Սա ըստ երեւույթին հակահարված է Ջավախքի հայկական համայնքի ներկայացրած պահանջներին: Դաշնակցությունը ջավախահայությանը մղում է նման քայլերի: Որոշ մարդիկ քննադատում են այս քաղաքականությունը, որը հղի է տարածաշրջանում լարվածությունը սրելու վտանգով:

Ժամանակն է, որ Հայաստանը վարի չափազանց նուրբ մի քաղաքականություն: Որեւէ չհաշվարկված հակադարձ քայլ կարող է ցնցել օվկիանոսում հայտնված նավակի հավասարակշռությունը եւ առաջ բերել մի նոր ճգնաժամ, որն առավել անտանելի կդարձնի ջավախահայերի վիճակը:

Մյուս կողմից, իհարկե, Հայաստանը չի կարող թույլ տալ, որ Վրաստանը շարունակի վարել իր ամբարտավան քաղաքականությունը:

Երեւի լավագույն տարբերակը «մի ձեռքում ախորժաբեր խայծ, մյուսում պաշտպանողական փայտիկ» պահելու քաղաքականությունն է, որ պետք է գործադրվի, մինչեւ կայունություն հաստատվի տարածաշրջանում:

The Armenian Mirror-Spectator, Բոստոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4