«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


ՕԵԿ-Ը ԼՔԱԾՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԵՎ «ԳՈՐԾԱՐԱՐ» ԿՈՉԵԼ

«Օրինաց երկիր» կուսակցությունը լքած գործարարները պատգամավորական խումբ ստեղծելու մտադրության մասին վաղուց էին հայտնել ու տեղեկացրել, որ անվանման փնտրտուքի մեջ են: Այդ փնտրտուքը երեկ հրապարակավ ավարտվեց ու հայտարարվեց «Գործարար» պատգամավորական խմբի գոյությունը: Տասը նախկին ՕԵ-ականների ստորագրությամբ վավերացված հայտարարությունը, որ ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ոչ միայն խմբի ստեղծման տեղեկացում էր. «Ունենալով ընդհանուր պատկերացումներ մեր երկրի զարգացման վերաբերյալ, մեր երկրի քաղաքական կյանքի, ազատ տնտեսական հարաբերությունների զարգացման ու ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար առավել ակտիվ եւ կազմակերպված մասնակցելու նպատակով, մեր հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու մղումով ստեղծում ենք «Գործարար» անունով պատգամավորական խումբ»: Իրենց նախկին գործարար համարող, նախկին ՕԵ-ական պատգամավորները նպատակ ու մղումներ էլ սահմանել են թե՛ հայտարարությունում, թե՛ խմբի ղեկավար Գրիգոր Մարգարյանի խոսքում. «Եթե մարդիկ երեք տարի եղել են իշխանության դաշտում եւ այսօր չեն ուզում լքել ու գնալ ընդդիմությունՙ ինչի մասին է խոսքը»: Սա ի պատասխան ՕԵԿ-ը լքելու ճնշում-պարտադրանքի մասին հարցի, որը հավելվեց Գրիգոր Մարգարյանի եւս երկու նախադասությամբ. «Խմբի անդամները ոչ մեկի առջեւ ոչ մի հարցով պարտավորվածություն չունեն: Ոչ վախեցել եմ, ոչ էլ վախենալու մտադրություն ունեմ»: Բայց առկա է 2007-ի խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու Գրիգոր Մարգարյանի մտադրությունը: Իսկ խմբի քարտուղյար Մեխակ Մխիթարյանն ու մնացյալ ութ անդամներըՙ Սայաթ Զախարյանը, Էդուարդ Գաբրիելյանը, Արկադի Համբարձումյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Շահգալդյանը, Արշակ Մխիթարյանը, Ալեքսան Պետրոսյանն ու Տիգրան Եգանյանը բարիդրացիական հարաբերություններ են շարունակելու քաղաքական կոալիցիայում մնացած կուսակցությունների հետ: Սա էլ խմբի ղեկավարի վստահեցումն է:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4