«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2006-05-24 | #95, 2006-05-25 | #96, 2006-05-26


ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

Իր մահից քիչ առաջ Գուրգենն ինձ ասաց. «Հիշիր, Անտոնինա, իմ խոսքերը: Այս բռնությունը երկար չի տեւի, ԽՍՀՄ-ը լի է բանտերով եւ ճամբարներով, այն դատապարտված է կործանման: Չարության կայսրությունը վերջապես կքանդվի: Իշխանությունը, որը պահվում է դավաճանների միջոցով, գոյության իրավունք չունի: Կգա նոր դարաշրջան, եւ հայը նորից կդառնա իր երկրի տերը: Ճշմարտությունը կհաղթի, եւ ինձ վերջապես կհասկանան, բայց, ցավոք, ես արդեն չեմ լինի»: Սա մի հատված է Գուրգեն Մահարու կնոջՙ Անտոնինա Մահարու «Իմ ոդիսականը» գրքից: Անտոնինա Մահարին ասում է, որ գրողը ցանկանում էր, որ հենց ինքը գրի նրա դաժան ճակատագրի մասին: Մահարին գիտեր, որ միայն իր կյանքի ուղեկից Անտոնինան կարող է պատմել ողջ ճշմարտությունը: «Իմ ոդիսականը» գիրքը գրվել է 1972 թ.-ին: Այդ տարիներին գիրքը համարվում էր հակախորհրդային եւ վտանգավոր էր հեղինակի համար: Մեծ դժվարություններով Անտոնինա Մահարուն հաջողվում է գրքի մեկ օրինակ տեղափոխել հայրենի Լիտվա:

30 տարի անց միայնՙ 2003 թ.-ին, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի աջակցությամբ «Իմ ոդիսականը» լույս է տեսնում: «Ժողովրդի ծառան» գիրքը հրատարակվել է 2004 թ.-ին: 2005 թ.-ին լույս է տեսել Անտոնինա Մահարու «Հին ամրոցի գաղտնիքը» պատմվածքների ժողովածուն, որում նկարագրված բոլոր դեպքերը վերաբերում են Գուրգեն Մահարուն:

Մեծ գրողի կինն այսօր ապրում է ամսական 8000 դրամ թոշակով, Գրողների միությունն էլ ամսական հատկացնում է 5000 դրամ: 90-ական թթ. Ա. Մահարին հարկադրված էր վաճառել իր համար այնքան թանկ Գուրգեն Մահարու գրքերը, բայց ոչ ոքի դրանք չէին հետաքրքրում: Սակայն Մահարին երբեք չի կորցրել իր լավատեսությունը: «Երբ տեսնում եմ, թե ինչպես նախկին գիտնականն աղբամաններն է քրքրում, ես հասկանում եմ, որ դեռ լավ եմ ապրում», ասում է նա: Անտոնինա Պավիլատիյտեն եւ Գուրգեն Մահարին հանդիպել են 1952 թ.-ին, երբ երկուսն էլ աքսորված էին: Նախկին ուսանողուհու եւ խոզեր արածացնող գրողի մեջ ծագում է մեծ սեր, եւ 1954-ին նրանք վերադառնում են Երեւան որպես ամուսիններ:

- Բոլոր տաղանդավոր մարդիկ խենթ են, ընդունակ անսովոր արարքների: Երբ Թիֆլիսում էինք գտնվում, մեզ հրավիրել էին երեկույթի: Ես փոքր-ինչ շուտ գնացի: Երբ Գուրգենը ներս մտավ, բոլորը զարմացած նրան նայեցին, քանի որ նա եկել էր գիշերանոցով: Գուրգենը նայեց բոլորին եւ ասաց. «Զարմանալու ոչինչ չկա, ես Թիֆլիսում զգում եմ ինչպես տանը»: Դե էլ ով այդպիսի բան կաներ, պատմում է Ա. Մահարին:

Անտոնինա Մահարու կյանքը երբեք անամպ չի եղել, նույնիսկ աքսորից հետո: Սակայն դիմագրավելով բոլոր դժվարություններինՙ նա դարձավ հուսալի հենարան ու պահապան հրեշտակ հայ գրողի համար:

ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4