«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2006-07-01 | #123, 2006-07-04 | #124, 2006-07-05


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Հայաստանում խոսքի ազատության իրավունքի կիրառելիության իմաստով անհանգստության տեղիք է տալիս: Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է այս գործը ներկայացնել որպես ժամկետային զինվորական զինծառայությունից խուսափելու փաստի առիթով վարվող հերթական քննություն, հիմքեր կան կարծելու, որ այս պարագայում էլ իրականացվում է ցուցադրական վարույթ: Ընդ որում, այդ «ցուցադրման» իրական հասցեատերերը ոչ թե ժամկետային զինվորական ծառայությունից խուսափածներն են, այլ իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների ղեկավարները: Նման եզրակացություն անելու հիմք է այն փաստը, որ դատախազությունը Արման Բաբաջանյանի կալանավորումը անհրաժեշտություն է համարել, ըստ էության անհնար համարելով նրա նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց ընտրելը: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս այլոց շարքում հաշվի է առնվում նաեւ կասկածյալի կամ մեղադրյալի զբաղմունքի տեսակը: Փաստորեն, ՀՀ գլխավոր դատախազության համար թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը վստահություն չներշնչող զբաղմունք է, եւ այդպիսի գործով զբաղվողները կարող են թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, անօրինական ազդեցություն գործել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, կատարել քրեական օրենքով արգելված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից, խոչընդոտել դատավճռի կատարմանը: Սրանք ՔԴՕ-ում մատնանշված այն հիմքերն են, որ նախաքննություն իրականացնող մարմնին խափանման միջոց կիրառելու իրավունք են տալիս: Անգամ պաշտոնական տեղեկատվությունը հուշում է, որ կոնկրետ Բաբաջանյան անձի դեպքում այս հիմքերը կիրառելի չեն, քանի որ, ըստ այդ հաղորդագրությունների, նա տվել է խոստովանական ցուցմունքներ: Այսուհանդերձ, նպատակ չունենալով միջամտել քննության ընթացքին, դատապարտելով անմեղության կանխավարկածի խախտմանն ուղղված յուրաքանչյուր դրսեւորում, մենք` հայաստանյան լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս պահանջում ենք օրենքով սահմանված կարգով փոխել «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խափանման միջոցը, կալանքը փոխարինելով գրավով, կամ ստորագրությամբ չհեռանալու մասին:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4