«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2006-07-20 | #136, 2006-07-21 | #137, 2006-07-22


ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵՎՈՐ ՏՈՒՆԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Երեւանի Էրեբունի համայնքը երբեք եկեղեցի չի ունեցել: Դրա համար էլ այստեղ եւս բույն են դրել աղանդավորական կառույցներ, իրենց ճանկը գցելով Աստծու խոսքին կարոտ շատ-շատերին: Սակայն մխիթարական նորությունը հույս է ներշնչում, որ աղանդավորական հոգեորսությունը կնվազի այս համայնքում, քանի որ մոտ երկու եւ կես տարի անց համայնքում կղողանջեն կառուցվող Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու զանգերը:

Եկեղեցու հիմքի շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարվանից, իսկ հիմքը օծվեց երեկ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ: «Էրեբունի համայնքը կունենա իր եկեղեցին, ուր հավատավոր մեր զավակները կգան իրենց ուխտը վերանորոգելու, Աստծո հետ հաղորդակցվելու», իր ողջույնի խոսքում նշեց Ամենայն հայոց կաթողիկոսը, որ նաեւ գովաբանական խոսքեր հղեց եկեղեցու կառուցման բարերարներ Սարգիս եւ Բոբի Հակոբյանների հասցեին (ի դեպ, նրանց բարերարությամբ Հայաստանում կառուցվել է եւս մեկՙ Գյումրիի Սբ. Հակոբ եկեղեցին), ինչպես նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, եկեղեցու ճարտարապետին ու շինարարներին:

«Եկեղեցին երկնային քաղաքի` վերին Երուսաղեմի երկրային արտապատկերն է, ասում է եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը: Ե՛վ նախագծման, ե՛ւ օծման դեպքերում այդ խորհրդանշական տարրերը ավանդաբար կիրառվել են: Ես նախագծող լինելուց առաջ երկար տարիներ պատմության տեսությամբ եմ զբաղվել եւ փորձել եմ իմ ճարտարապետության մեջ ներդնել եւ ցույց տալ այդ գաղափարները»: Ճարտարապետը նկարագրում է եկեղեցու տեսքը. «Ունի 28 մետր լայնություն եւ 34 մետր երկարություն, 39 մետր բարձրությամբ: Գմբեթը կունենա 20 մետր տրամագիծ, որին կհետեւեն կառուցվելիք խոշորագմբեթ մյուս կառույցները Արաբկիր թաղամասում եւ Աբովյան քաղաքում: Սբ. Մեսրոպ եկեղեցին արտաքուստ կառուցապատվում է Սիսիանի բազալտ քարով, ներսի պատերի մեջ նախատեսված են մոմավառության հատուկ խորշեր, որոշակի կանոնակարգված դասավորությամբ, ինչպես նաեւ երգչախմբի համար պատշգամբ, մուտքի առջեւ` գավիթ եւ երկու բացօթյա զանգակատներ: Ընդհանրապես կառուցապատվող մասշտաբի մեջ պետք է պահել եկեղեցու ակնառու դերը, որովհետեւ բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում պաշտամունքային կառույցը եղել է քաղաքի ամենակարեւոր ճարտարապետական կետը, բնորոշելով նրա կերպարը, բնութագիրը եւ ամբողջական պատկերը», նշում է զրուցակիցս:

Սամվել Մարգարյանը Էրեբունի համայնքի ղեկավարի տեղակալն է: Նույն համայնքում է բնակվում արդեն 59 տարի: «Անցյալ տարի վերջապես Վեհափառի միջնորդությամբ ընտրվեց մեր համայնքի այս գեղեցիկ վայրը` անտառի այգին: Այսօր, ինչպես տեսնում եք, շինարարական աշխատանքների հիմնական ծանր մասը կատարված է: Եկեղեցին ունի նկուղային մեծ ու ընդարձակ հարկաբաժին, որ երեւի հարկ եղած դեպքում կարող է ծառայել որպես ռմբապաստարան ուղղակի եւ փոխաբերական իմաստներով», ասում է նա:

Եկեղեցու հիմնարկեքը նշանավորվեց նաեւ մատաղով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4