«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2006-08-30 | #165, 2006-08-31 | #166, 2006-09-01


ԷԿՈՒՄԵՆԻԶՄԻ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ ՀԱՆՔԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

Ամռանը Հանքավանն ու նրա հարակից տարածքները հյուրընկալ օջախներ են դառնում հովեկների համար: Այստեղ գալիս են ոչ միայն հրաշալի բնության, առողջարար օդի, այլեւ հանքային ջրի համար: Հանքավան գյուղում մի ժամանակ շատ հույներ, նաեւ թուրքեր էին ապրում: Այնտեղ մի եկեղեցի կա, որ հայկական չէ: Սակայն ի տարբերություն հայկական կիսավեր ու խոնարհված շատ եկեղեցիների, այս եկեղեցին, չնայած խոնարհված է (այստեղ հոգեւորական ու ծիսակատար քահանա չկա), բայց մաս- մաքուր է եւ ճաշակով ձեւավորված:

«Այոս Գեորգիոս եկեղեցին սովետի գալուց հետո մի անգամ քանդվել է: Ստալինյան հաշվեհարդարի ժամանակներում եկեղեցու քահանային աքսորել են, իսկ եկեղեցին պանրի պահեստ են սարքել: Բարեպաշտ հույները այն դժնդակ տարիներին եկեղեցու դռները ցելոֆանով փաթեթավորել են ու պահել», պատմում է եկեղեցու պահապան հրեշտակը` Եփրեմովա Նատալյա Լազարովնան: Նա ապրում է եկեղեցուն ամենամոտ տանը: Իսկ դա նշանակում է, որ ըստ գյուղերում ընդունված կարգի, նրա մոտ են եկեղեցու բանալիները եւ ինքն է խնամում եկեղեցին:

Նատալյա մայրիկի վաղ մանկական հիշողություններից է գյուղի քահանային աքսորելու տեսարանը: «Միլիցիոներները տարան ոչ միայն քահանային, այլեւ եկեղեցու թանկարժեք ունեցվածքը: Կարծեմ, Էջմիածնի վանքում այս եկեղեցու սրբապատկերներից կա», ենթադրում է նա: Հետո Նատալյա մայրիկը հիշում է հետստալինյան տարիները: 1966-ին, երբ նա աշխատում էր Հանքավանի «լեչկոմիսիայի» հանգստյան տանը, հանգստացողներից մի քանիսն իմացել են, որ գյուղի միակ եկեղեցին ավերված է: Առաջարկել են հանքավանցիներին դիմում գրել կառավարության համապատասխան կառույցին` իրենց եկեղեցին վերականգնելու խնդրանքով: Հանգստացողները դիմումը տարել են Երեւան եւ հանձնել հասցեատիրոջը: Մեկ ամիս անց վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Ավելի ուշ Նատալյա մայրիկը հանգանակություն է կազմակերպել թե՛ հավատացյալ հայերից, թե՛ հույներից եկեղեցու ներքին հարդարման աշխատանքների, ինչպես նաեւ սրբապատկեր ու ծիսական պարագաներ գնելու համար: Գյուղացիները տներում եղած հին սրբապատկերներն էլ են բերել: Հիմա հանգանակությունն իրականացնողների մեծ մասը չկան. մահացել են կամ հեռացել գյուղից: Ըստ Նատալյա մայրիկի, նախկին Դարաչիչակ կամ ներկայիս Հանքավան գյուղում մի 10-15 հույն ընտանիքներ են մնացել:

Վերջերս Հանքավան գյուղն ու նրա այոս Գեորգիոս եկեղեցին հունական դեսպանատնից հյուրեր են ունեցել: Հյուրերը շատ են հավանել եկեղեցին, իսկ գյուղի հույն մեծահասակներին գումար են հատկացրել: Նատալյա մայրիկն այդ գումարով երկու պարկ ալյուր է գնել ու շատ գոհ է: «Մեր գյուղում ամեն բան էլ կա, միայն հեռախոս չկա», ասում է նա: Երբ հիշեցնում ենք, որ, ախր, հայկական կապը հունական պատկանելություն ունի, կատակում էՙ հետո՞ ինչ, չէ՞որ հույները մի քիչ էլ պինդ ձեռք ունեն: Նա ասում է, որ այստեղ այցելած հույներին շատ է ասվել այդ մասին, սակայն արդյունք չկա:

Մեր այցելության պահին եկեղեցի մտած մի հովեկ տիկին պատմում է, որ գյուղում երիտասարդներ շատ քիչ են մնացել, եւ հարսանիք այս եկեղեցին վաղուց չի տեսել: Վերջինն էլ մի քանի տարի առաջ էր` հայկական հարսանիք էր, որի մասնակիցները եկան մոմ վառեցին: Իսկ հիմա մոմ էլ չկա, վերջացել է, մեղավոր ժպիտով ասում է Նատալյա մայրիկը: Հետո շրջում ենք եկեղեցին շրջապատած գերեզմանաքարերի միջով: Նատալյա մայրիկն ասում է, որ այս գերեզմանոցում հայեր էլ կան թաղված, բայց գերեզմանոցի հիմնական տապանաքարերը ռուսալեզու են եւ խոսում են հույն հանգուցյալների մասին:

«Սա հունական եկեղեցի է, բայց հայերն էլ են օգնել մեզ վերականգնելու եւ բաց պահելու եկեղեցին, ասում է Նատալյա մայրիկը: Չէ՞ որ մենք` հույներս էլ, հայերն էլ մի խաչապաշտ ենք», համոզված է Նատալյա մայրիկը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4