«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2006-09-05 | #169, 2006-09-06 | #170, 2006-09-07


ՆՇՎԵՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՇՄԱՎՈՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԸ

Հայրենի Ոսկեհասկ գյուղում բացվեց նրա կիսանդրին

Սեպտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում բազմամարդ հանդիսությամբ նշվեց խորհրդահայ բանաստեղծ, 1984 թ. 58 տարեկանում կյանքից հեռացած Շմավոն Թորոսյանի ծննդյան 80-ամյակը: Գյումրիում ապրողների այսօրվա ավագ ու միջին սերնդի ներկայացուցիչները, եւ ոչ միայն նրանք, լավ են հիշում տաղանդաշատ Լենինականի հատկապես 1960-70-ական թթ. գրական կյանքում իր արժանի տեղն ունեցած քնարաշունչ բանաստեղծին, որը նաեւ որպես Հայաստանի գրողների միության բաժանմունքի քարտուղար շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է քաղաքի աշխույժ ու բազմամարդ գրական ընտանիքը:

Գյումրուց ոչ հեռու գտնվող Ոսկեհասկը Շմավոն Թորոսյանի հայրենի գյուղն է, որտեղ նա ծնվել է Տարոնի մեսրոպահուշ Հացեկաց գյուղից եղեռնապուրծ Առաքել շինականի ընտանիքում` արյամբ ժառանգելով պապերի երկրի կարոտը: Անցյալ տարի նրա անվամբ է կոչվել գյուղի իր հաճախած միջնակարգ դպրոցը: Իսկ 80-ամյակի այս հանդիսությունը նաեւ նշանավորվեց դպրոցի բակում բանաստեղծի կիսանդրու բացմամբ (գործ` Զավեն Կոշտոյանի): Ոսկեհասկցիների, Գյումրուց, Երեւանից եկած մեծաթիվ հյուրերի առջեւ այս առիթով սրտի խոսք ասացին գյուղապետ Ջեմս Մուրադյանը, գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Կարապետյանը, բանաստեղծի այրին` Լիդա Ադամյանը, Շիրակի փոխմարզպետ Աշոտ Պետրոսյանը եւ ուրիշներ: Դպրոցականները, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Պողոս Սուքիասյանը ներկայացրին Թորոսյանի ստեղծագործություններից, երգահան Աշոտ Մինասյանը կատարեց նրա խոսքերով իր գրած երգը:

Հաջորդ օրը բանաստեղծին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպվել Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4