«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2006-09-28 | #185, 2006-09-29 | #186, 2006-09-30


ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՇԻՐԱԿԸ

Թուրքական լրատվամիջոցները մտահոգ են

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ

Երեկ երեկոյան ժամը 19:40-ի շրջանում «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի ինքնաթիռը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորեց հայկական պատվիրակությունըՙ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Հայկական պատվիրակության կազմում էին Ազգային ժողովի, կառավարության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք: Ֆրանսիայի Հանրապետության նախագահին ուղեկցում էին տրանսպորտի, զբոսաշրջության եւ ծովագնացության, պետական ծառայության, մշակույթի եւ հաղորդակցության նախարարները, գործարարներ: «Զվարթնոց» օդանավակայանում ի պատիվ երկու երկրների նախագահների հնչեցին պետական օրհներգերը:

Ժակ Շիրակի այցից շուրջ 30 րոպե առաջ Երեւան ժամանեց Ֆրանսիայի Հանրապետության առաջին տիկնոջ ինքնաթիռը, ապա եւս մեկ ինքնաթիռՙ հիմնականում ֆրանսիացի լրագրողներով:

Ժակ Շիրակի այցը Հայաստան թուրքական մի շարք լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել: Պարզ է, որ մեր հարեւանների հիմնական մտահոգության պատճառը Ժակ Շիրակի այցն է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Թուրքական «Հյուրիեթը» երեկվա համարում գրում է. «Ժակ Շիրակն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան, որի պարտեզում էլ ծառ է տնկելու: Հետաքրքրական է տեսնել, թե արդյոք Հայաստան այցելող Ֆրանսիայի նախագահը կարտասանի՞ Հայոց ցեղասպանություն բառը»:

Ժակ Շիրակն այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան այցելելուց զատ, կմասնակցի Հայաստանում Ֆրանսիական հրապարակի բացման արարողությանը, կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, իսկ երեկոյան կմասնակցի «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը կրող Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառման մեկնարկինՙ Շառլ Ազնավուրի եւ ընկերների բացօթյա համերգին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4