«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2006-10-11 | #194, 2006-10-12 | #195, 2006-10-13


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՐՋՈՐԵՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Քանի որ փոփոխությունը բխում է ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրից

Հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երկու շրջայց էր կատարել տարածաշրջան: Առաջինը տեղի էր ունեցել հուլիսի 24-26-ը, որի ընթացքում միջազգային հանրությունը, իսլամական աշխարհը, արաբական երկրները եւ հատկապես իսրայելական ագրեսիայի զոհ դարձած Լիբանանը սպասում էին, որ նա կարտահայտվի անհապաղ զինադադար հաստատելու օգտին: Սակայն Ռայսը Երուսաղեմում արտահայտվեց «Նոր Միջին Արեւելքի» ստեղծման մասին` հայտարարելով, թե եկել է ստեղծման ժամանակը, թերեւս դրանով գերազանցեց բոլոր ենթադրությունները: Մինչ տարածաշրջանի երկրները մտահոգ էին պետքարտուղարի արտահայտության առնչությամբ, իսկ վերլուծաբանները փորձում էին պարզել, թե ինչ է Կոնդոլիզա Ռայսի «Նոր Միջին Արեւելքը», ահա հրապարակ ելավ հունիսին անգլիական «Armed Forces Journal»-ի` «Զինյալ ուժերի հանդեսի» կայքէջում հրապարակված ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Ռալֆ Պիտերսի «Նոր Միջին Արեւելքին» առնչվող հոդվածը կից քարտեզով:

Այս քարտեզով լուրջ ձեւափոխությունների են ենթարկվում տարածաշրջանի երկրների սահմանները, եւ ձեւափոխումը հանգեցնում է «Ազատ Քուրդիստանի» ստեղծման` ընդ որում ոչ միայն քրդերի հետ առնչություն ունեցող տարածքում:

Օգոստոսի 25-ին «Ազգ»-ը թարգմանաբար ներկայացրել էր ամերիկացի գնդապետի հոդվածն ու քարտեզը: Օգոստոսի 30-ի համարում մեր թերթն անդրադարձել էր Թուրքիայի նախորդ արտգործնախարար Յաշար Յաքըշի ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցին: Թեեւ նա անհեթեթություն էր համարել Ռալֆ Պիտերսի հոդվածին կցված քարտեզը, այնուամենայնիվ խոստովանել էր, որ քարտեզի հարցն անձամբ շոշափել է ամերիկյան պատվիրակության հետ հանդիպմանը: Ավելին, օգոստոսի 16-ին, ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, Պիտերսի քարտեզին էր անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Սին Մկքորմակը: Նա նշել էր, որ բացի Պիտերսի քարտեզից, տեսել է տարածաշրջանում սահմանների փոփոխություն նախատեսող այլ քարտեզներ, Պիտերսի քարտեզը որեւէ առնչություն չունի Կոնդոլիզա Ռայսի արտահայտած «Նոր Միջին Արեւելքի» հետ, եւ Մ. Նահանգները տարածաշրջանային երկրների սահմանները ձեւափոխելու մտադրություն բացարձակապես չունի:

«CNN-Turk»-ը նշում է, որ ամերիկյան պատասխանատու այլ գործիչներ հավելել են պետքարտուղարության խոսնակին: Նրանք ընդգծել են, որ Պիտերսի հոդվածը կից քարտեզով հրապարակած «Armed Forces Journal»-ը Պենտագոնի պաշտոնական օրգանը չէ, հետեւաբար չի կարելի հոդվածագրի տեսակետները նույնացնել Վաշինգտոնի պաշտոնական տեսակետների հետ:

Սակայն սեպտեմբերի 1-ին անգլիական «Ինդիփենդենթում» Ադրիան Համիլթոնը վերստին արտահայտվեց անկախ Քրդստանի ստեղծման մասին` ընդ որում ոչ միայն Հյուսիսային Իրաքում, այլեւ Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի տարածքի զգալի հատվածում, հաստատելու համար օգոստոսի 8-ի Գիդեոն Ռախմանի ստորագրությամբ Թուրքիայի հարավարեւելյան շրջաններն իբրեւ «Քուրդիստան» ներկայացնող «Ֆայնենշըլ թայմսին»:

Մերձավոր եւ Միջին Արեւելքում սահմանների ձեւափոխման հավանականության պարագայում խնդիրը պետքարտուղարության խոսնակ Մկքորմակի կամ ամերիկացի պատասխանատու գործիչների պարզաբանումները չեն, ոչ էլ անգլիական թերթերի հրապարակումները, այլ ԱՄՆ-ի ռազմական ազգային ակադեմիայի աշխատակից Պիտեր Ֆաբերի դասախոսությունը Հռոմում գործող ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում, որը նա կարդացել է սեպտեմբերի 15-ին:

Սեպտեմբերի 25-ին թուրքական «Զաման» թերթը, անդրադառնալով դասախոսությանը, չի նշում այս աշխատակցի անունը: Սակայն ընդգծում է, որ նա ամերիկյան զինված ուժերի պահեստային գնդապետ է եւ դասախոսության ժամանակ բացատրությունների համար օգտագործել է Ռալֆ Պիտերսի քարտեզը, ինչին բուռն հակազդեցություն են ցուցաբերել դասախոսությանը ներկա թուրք սպաները:

Նրանք, ի նշան բողոքի, լքել են լսարանը, ապա դիմել քոլեջի բելգիացի հրամանատարին եւ քարտեզի մասին իսկույն իրազեկել են Անկարային: Թուրքիայի արտգործնախարարությունը դրա առնչությամբ դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը` ստանալով հետեւյալ պատասխանը. «Չենք կարողանում որեւէ իմաստ տալ քոլեջում կատարվածին, անհնար է, որ Վաշինգտոնի վարչակարգն ընդունի այդ քարտեզը»:

Այդ ընթացքում թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթը իր բողոքն է ներկայացրել ամերիկյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Փեյսին: Նրան վերջինի փոխարեն պատասխանել են զինվորական կառույցներից, պայմանավորելով քարտեզը թյուրիմացությամբ եւ ներողություն են խնդրել: Ի դեպ, «Զամանը» նշում է, որ Ռալֆ Պիտերսի քարտեզի առնչությամբ մինչ այդ բողոքել էր նաեւ պաշտոնական Անկարան:

Որքան էլ ԱՄՆ պետքարտուղարությունից եւ Պենտագոնից հայտարարեն, որ պաշտոնաթող գնդապետ Պիտերսի քարտեզը չի արտացոլում պետքարտուղարի արտահայտած «Նոր Միջին Արեւելքը» եւ բացառեն տարաշածաշրջանում սահմանների ձեւափոխման հավանականությունը, այնուամենայնիվ քարտեզի օգտագործումը ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում, այն էլ ամերիկյան ռազմական ազգային ակադեմիայի աշխատակցի կողմից, վկայում է դրա առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի լուրջ մտադրության մասին:

Ըստ երեւույթին, այդ մտադրությանը տեղյակ է նաեւ Թուրքիան, որ մտահոգություն է ապրում: Ակնհայտ է, որ պաշտոնաթող ամերիկացի գնդապետի երեւակայության արդյունք քարտեզի համար ո՛չ Թուրքիայի արտգործնախարարությունը կդիմեր ԱՄՆ պետքարտուղարությանը, ո՛չ պաշտոնական Անկարան կանհանգստացներ Վաշինգտոնին, ո՛չ էլ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր բողոքը կներկայացներ ամերիկյան զինված ուժերի շտաբի պետին: Պարզապես տարածաշրջանում սահմանների ձեւափոխման հարցը, որը բխում է ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրից, չափազանց նուրբ հարց է եւ ոչ միայն ԱՄՆ-ի համար: Հետեւաբար, թուրքական մամուլը զերծ է մնում դրա արծարծումից: Թերեւս պատահական չէ, որ քարտեզի հարցին թուրքական թերթերից արձագանքել են միայն «Զամանը» եւ «Միլիեթը», այն էլ սեպտեմբերի 29-ին, այսինքն` «Ազգ»-ից ավելի քան մեկ ամիս հետո:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4