«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2006-11-15 | #219, 2006-11-16 | #220, 2006-11-17


ՃԱՌԱԽՈՍԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այն պահից, իսկ դա շուրջ մեկ տարի առաջ էր, երբ «Ազգ»-ը մերժեց նույնիսկ վճարովի հիմունքներով հրատարակել «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդի ճառերն ու ելույթները, վերջինս իր խնկարկու ընկերների հետ սպասում էր վրեժխնդիր լինելու հարմար առիթի: Խոստովանենք, այդ առիթը տվեց հենց «Ազգ»-ը, հոկտեմբերի 9-ին «Սուր գրչով» խորագրի ներքո հրատարակելով Արմինե Պետրոսյանի «Գեղամյանական շմոլ գազեր» վերնագրով հոդվածը: Իրականության մեջ այդ հոդվածում չկար մեզ համար որեւէ նորություն Արտաշես Գեղամյանի եւ Ազգային ժողովում նրա բուրվառակիրների քաղաքական վարքագծի վերաբերյալ: Ամեն բան հայտնի էր վաղուց: «Ազգային միաբանության» ղեկավարը գիտի միայն ճառ ասել, իր հռետորական անուրանալի ձիրքով, Ավետարանից կամ դասական որեւէ մտածողից մեջբերումներով գիտի զարմացնել իր դպիրների խմբին եւ այդ զարմանքից ոգեւորվել ու նույն զարմանքն ակնկալել, ասենք, Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներից նաեւ: Այլ խոսքով, ինչպես վերոհիշյալ հոդվածում էր ասվում, պրն Գեղամյանն արդեն քանի տարի այրում է իր սեփական թթվածինըՙ առաջացնելով շմոլ գազ: Պե՞տք էր որեւիցե մեկը նրան զգուշացներ, որ այդ գազն արդեն վտանգավոր է դառնում հասարակության եւ իր իսկ շրջապատի համար: Պե՛տք էր:

Եվ ինչպես յուրաքանչյուր ինքնասիրահարվածի համար, այդ նախազգուշացումը դարձավ նոր առիթՙ նորից... ճառ արտասանելու: Միեւնույն օրը, հոկտեմբերի 9-ին, պրն Գեղամյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում նորից հանդես եկավ ինքնաոգեւորիչ ճառով եւ հիշեց ու հիշատակեց վերջին շրջանում իր արտասանած մյուս բոլոր... ճառերը: Յուրօրինակ մի հատընտիր: Էլ Քոչարյան-Սարգսյան զույգի ճնշմամբ եւ հովանավորությամբ կատարված անօրինականություններ ու թալան, էլ Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների դեմ չարագործություններ, էլ «ֆիրդուսնոցի» ժողովրդի վրա կախված վտանգ, էլ հարկային եկամուտների յուրացում, էլ դոլար-դրամ մեքենայություններ, էլ հարկային մարմինների կուսակցականացում, էլ... Այսինքնՙ բոլոր այն հարցերն ու խժդժությունները, որոնց ամեն օր եւ անընդհատ անդրադառնում է հատկապես մեր տպագիր մամուլը, այդ թվում նաեւ մեր թերթը, առանց պրն Գեղամյանի հուշարարության, առանց նրա նման ազգափրկչական հավակնությունների եւ կուրծք ծեծելու:

Այսուհանդերձ, «Ազգային միաբանության» ղեկավարի այդ ճառում, գոնե դրա տպագիր տարբերակում կար մի նորություն, որը կարող է հետաքրքրել նաեւ պարանոյակ մտածողության եւ շիզոֆրենիայի հարցերով զբաղվող հոգեբույժներին եւս: Իշխանությունները եւ նրանց գործիք դարձած «Ազգ»-ը, ըստ պրն Գեղամյանի, փորձում են լարվածություն առաջացնել «Ազգային միաբանություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների եւ անձամբ դրանց լիդերներիՙ Ա. Գեղամյանի եւ Գ. Ծառուկյանի միջեւ, որպեսզի, այստե՛ղ է գլուխգործոցը, Ռ. Քոչարյանը կամ Ս. Սարգսյանը (թերեւս միասին, խմբակային դավադրությամբ) «քիլլեր» ուղարկեն Գեղամյանի դեմՙ հետագայում վերջինիս սպանության պատվիրատու ներկայացնելով Գ. Ծառուկյանին, դրանով իսկ միանգամից լուծելով երկուսի հարցն էլ...

Ես չգիտեմ, նյութական եւ կամ այլ ինչ ակնկալություններ ունի պրն Գեղամյանն այս անգամ էլ պրն Ծառուկյանից, դա իր գործն է, սակայն անձամբ ես մեծ թեթեւություն զգացի, որ շնորհիվ աստվածատուր իր ուշիմության պրն Գեղամյանին հաջողվեց կանխել իր դեմ նյութվող մեծ դավադրությունը, որին ակամա կարող էր մեղսակից դառնալ նաեւ մեր թերթը: Փա՛ռք Ալլահին, էժան պրծանք:

Պարզվում է, որ պրն Գեղամյանի խոշոր բացահայտումների առաջին դեպքը չէ սա: Շնորհիվ իր խորաթափանցության, նրան հաջողվել է կանխել մի այլ դավադրություն, դեռեւս 2003 թ.-ին: Այս անգամ, բարեբախտաբար, դավադրության գործիքը եղել է ոչ թե «Ազգ»-ը, այլ, դժբախտաբար, արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վերջինս, տարաբախտ լրագրող Տիգրան Նաղդալյանի անարգ սպանությունից հետո «Հանրային եւ գրեթե բոլոր հեռուստաալիքներով», ինչպես բարբառում է պրն Գեղամյանն իր հիշյալ ճառում, հայտարարել է, «որ այդ սպանությունը տանում է այն մարդկանց ուղղությամբ, ովքեր վերջերս ռուսաստանյան մամուլում հանդես են եկել հոդվածներով»: Իսկ ո՞վ է հանդես եկել, ուրիշ էլ ո՞վ կարող է հանդես գալ եւ հանդիսանալ ռուսաստանյան մամուլի հոդվածագիր եթե ոչ, այո, ինքըՙ Ա. Գեղամյանը: Նպատա՞կը Վ. Օսկանյանի եւ «մյուս տղերքի»ՙ նորից կրքեր բորբոքել, որպեսզի Տ. Նաղդալյանի հարազատները «քիլլեր» ուղարկեն իր դեմ եւ վրեժխնդիր լինեն «սպանության կազմակերպիչի», այսինքն նույն Գեղամյանի նկատմամբ: Ահա՛ թե ինչու այդ օրերին «Ազգային միաբանության» առաջնորդը հագնելիս է եղել «բրոնեժիլետ», իսկ, ինչպես գիտենք, «քիլլերները» սովորաբար չեն հանդգնում մոտենալ «բրոնեժիլետ» հագնողներին: Մառա՛զմ, պիտի գոչեր «Հայոց աշխարհի» խմբագրապետը:

Այսուամենայնիվ, «Ազգ»-ը, ինչպես կարդում ենք պրն Գեղամյանի հիշյալ ելույթը 14 նոյեմբերի իրենց համարներում վճարովի հիմունքներով տպած «Հայկական ժամանակ», «Իրավունք» եւ «Առավոտ» թերթերում (վերջինս, ի նշան լրագրողական համերաշխության, տեքստից խնամքով հանել է մեր թերթին վերաբերող անվանարկիչ տողերը), զուգահեռաբար փորձել է նաեւ «լարվածություն ստեղծել «Ազգային միաբանության» եւ Ռուսաստանի հայերի միության միջեւ, հաշվի առնելով այն, որ այդ կառույցի ղեկավար Աբրահամյանի գույքը դարձած «Ազգ» թերթը վաղուց ի վեր դարձել է Սերժ Սարգսյանի կողմից նյութվող դավերի կատարածուն»: Ավելինՙ ելույթի նախաբանը մտահոգիչ է համարում, որ «Կրեմլի մարդ» ներկայացող Արա Աբրահամյանը,- շարունակում ենք կարդալ նույն տեղում,- բացահայտ պաշտպանում է Հայաստանի կոռումպացված իշխանություններինՙ աջակցելով Քոչարյան-Սարգսյան զույգի քաղաքականության իրագործմանը», որը, ոչ ավելի եւ ոչ էլ պակաս, Հայաստան-Արցախ միասնական ժողովրդին պառակտելն ու երկրի քաղաքական ուժերի շրջանում թշնամանք սերմանելն է:

Նախ ասեմ, որ իմ տպավորությամբ ոչ թե լարվածություն, այլ լիակատար խզումն է առկա Ռուսաստանի հայերի միության ու Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի եւ «Ազգային միաբանության» ղեկավարի միջեւ դեռեւս այն ժամանակներից ի վեր, երբ վերջինս, մուրացիկի կարգավիճակով պրն Արա Աբրահամյանի շուրջ իր պտտվելը մոռացածՙ երախտամոռ գտնվեց եւ մամուլում սկսեց բամբասել նրան: Ահա այդ օրվանից «Ազգ»-ի բաժնետերերի խորհրդի որոշմամբ, որի անդամը, ի դեպ, ոչ թե Արա, այլ նրա կրտսեր եղբայր Արմեն Աբրահամյանն է, մեր թերթը մերժել եւ մերժում է տպագրել պրն Գեղամյանի ազգափրկի՜չ ելույթները, հակառակ առատաձեռն վճարելու խոստումներին:

Երկրորդՙ ես չէ եւ այստեղ չէ, որ պիտի թվարկեմ այն տիտանական աշխատանքն ու ջանքերը, որ պրն Արա Աբրահամյանը տանում է ի խնդիր ազգի միավորմանը եւ միասնականությանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, այլեւ ողջ աշխարհի հայության շարքերում, դեռ չհաշված այն մեծագումար օգնությունները, որ այդ անձնավորությունը ցուցաբերում է մեր բանակին, մեր դպրոցներին, ազգային մեր եկեղեցուն եւ ժողովրդի սոցիալական ու մշակութային կարիքներին: Ազգային միաբանություն դավանող կուսակցության համար, թվում էր, այդ բոլորը գերիվեր պիտի լինեին սեփական նկրտումներից, նույնիսկ եթե այդ օգնություններից զրկվել է այդ կուսակցության առաջնորդը:

Ինչ վերաբերում է «Արա Աբրահամյանի գույքը» արտահայտությանը, ապա ընդունենք, որ դրանից սովետական մտայնության մգլահոտ է գալիս, եւ դա հատուկ չէ միայն պրն Գեղամյանին: Ստիպված եմ բացատրել: Թերթը, ինչպես յուրաքանչյուր լրատվամիջոց, բիզնես է նաեւ, ձեռնարկատիրություն: Այսօր ոչ ոք, եթե սովետական մտածողությունից ձերբազատ է, չի զարմանա, թե ինչու է, օրինակ, ամերիկահայ ձեռնարկատեր եւ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը Հայաստանում թե սփյուռքում հեռուստաընկերությունների ու թերթերի սեփականատեր կամ բաժնետեր դարձել, ինչպես որ Արեւմուտքում ոչ ոքի չի զարմացնում Մըրդոկի ստեղծած լրատվամիջոցների կայսրության գոյությունը: Հայաստանում, եթե ձեռնարկատիրության այս տեսակը տակավին դիվիդենտներ չի բերում իր բաժնետերերին, ապա չի նշանակում, որ ապագայում էլ չի բերելու:

Վերադառնալով մեր թերթում տպված Արմինե Պետրոսյանի հոդվածին ասեմ, որ մի հարցում համամիտ չեմ հոդվածագրի հետ: Նա փորձում է կանխատեսել, որ նոր հանգամանքների երեւան գալու հետեւանքով պրն Գեղամյանն ու նրա կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում չեն հաղթահարի անհրաժեշտ ձայների պատնեշը: Չարաչար սխալվում է: Այս իշխանությունները եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ կանեն, որպեսզի վերընտրվի Գեղամյանը: Նույնը չեմ կարող պնդել նրա դպիրների վերաբերյալ, սակայն հաստատ գիտեմ, որ իշխանություններին պետք են «Ազգային միաբանության» լիդերի նման մարդիկ, ովքեր վճռական պահերին, ինչպես մոտիկ անցյալում, volte-face, կտրուկ շրջադարձ կանեն, եւ իշխանություններին դեմ ըլլալով կօգնեն նույն իշխանություններին ընդդիմությանը պառակտելու, վարկաբեկելու, ընտրողներին շեղելու գործում: Բացի այդ, նրանց միշտ էլ հարկավոր են ճառ ասողներ, խորհրդարանում ժողովրդավարության պատրանք ստեղծողներ: Իսկ այդ գործում, ընդունենք բոլորս, պրն Գեղամյանն անգերազանցելի է:

Վերջում, նկատի ունենալով չորեքշաբթի գիշեր Հանրային հեռուստատեսությամբ «Խորհրդարանական ժամ» հաղորդման ընթացքում Արտաշես Գեղամյանի դպիրներից երկուսիՙ անձամբ իմ հասցեին թափած լուտանքները, ասեմ, որ չեմ պատրաստվում պատասխանել նրանց, ելնելով հետեւյալ զույգ սկզբունքներիցՙ սովորություն չունեմ իմ խմբագրած թերթերի էջերն օգտագործել իմ անձի պաշտպանության համար եւ երկրորդՙ ամեն մարդու հետ չեմ սիրում բանավիճել: Հետեւաբար, նրանց թողնում եմ, որ շարունակեն «երկիր արարել» ու «շենացնել Երեւանը, Իջեւանն ու Ալավերդին», անշուշտ... սովետական փողերով:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4