«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2006-11-17 | #221, 2006-11-18 | #222, 2006-11-21


«ԱՆԿԱՐԱՆ ՓԱՐԻԶԻՑ ՇԱՏ ԻՐԵՆ Է ՎՆԱՍՈՒՄ»

Ասել է Ռոբերտ Քոչարյանը «Die Welt»-ին

Թեեւ 130 երկրներում տարածվող 32 էջանոց գերմանական «Die Welt»-ի նոյեմբերի 17-ի համարում պակասում էր օնլայն տարբերակում զետեղված «Հայկական հարց» խորագիրը, բայց առաջին իսկ էջից, այնուհետեւ 7-րդ, 8-րդ էջերում զետեղված «հայկական» նյութերն այդ բացթողումը «տեխնիկական սխալի» հետեւանք էին որակում:

Թերթն առաջին էջում տպագրել է «Թուրքիան խզում է ռազմական հարաբերությունները Ֆրանսիայի հետ» լուրը (այս թեման արծարծեցին նաեւ գերմանական ռադիոնՙ WDR-ը եւ ARD հեռուստաալիքը մեկ օր առաջ արդեն, լսարանին նորից հակիրճ տեղեկացնելով Հայոց ցեղասպանության մասին):

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի եղեռնի վերաբերյալ վեճը Անկարային խզել տվեց ռազմական հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկերոջ հետ, բացառվում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը», գրում է գերմանական թերթն իր առաջին էջումՙ հավելելով, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Die Welt»-ին ասել է, թե դրանով Թուրքիան ավելի շատ իրեն, քան Ֆրանսիային է վնասում: Վեճի հիմքում Հայոց ցեղասպանության ուրացմանը հետեւող պատժիչ օրինագծի ընդունումն է Ֆրանսիայի Ազգային ժողովում, ծանուցում է թերթըՙ հիշեցնելով, թե տեքստը դեռ պիտի հաստատի Սենատը, իսկ նախագահ Շիրակը վավերացնի:

7-րդ էջի ձախ սյունակում «Die Welt»-ը տպագրել է ՀՀ նախագահի լուսանկարը, Քիրստին Վենքի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ «Անկարան Փարիզից շատ իրեն է վնասում» վերնագրով եւ «Հայաստանի նախագահը պահանջում է բացել թուրքական սահմանը» ենթավերնագրով: Աջ կողմում զետեղված է առաջին էջում համառոտ ներկայացված «Թուրքիան խզում է ռազմական կապերը Ֆրանսիայի հետ» լուրըՙ մանրամասներով:

Հակիրճ անդրադառնալով նախագահ Քոչարյանի հարցազրույցին, իրազեկենք, որ այնտեղ որեւէ նշում չկա, թե ՀՀ նախագահը նոյեմբերի 15, 16-ին ԳԴՀ-ում էր աշխատանքային այցով: Հարցազրույցը, որն արդեն հասցրել է հետաքրքրական որակումը ստանալ մեզ իրենց կարծիքը հաղորդած ընթերցողներից, ներառում է հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի, ռուսական տնտեսական հսկաների կողմից Հայաստանի «գաղութացման», Իրանի միջուկային ծրագրերի դեմ պատժամիջոցների կիրառմամբՙ Հայաստանին ծանրաբեռնելու, Հայաստանի ժողովրդավարական բացթողումների վերաբերյալ Եվրոխորհրդի քննադատության եւ այլնի մասին:

Ընդհանուր առմամբ հարցազրույցում առկա պատասխանները հայաստանյան ընթերցողին անծանոթ չեն, նախագահն իր տարբեր ելույթներում արտահայտել է դրանք, մեր կարծիքով նորություն կարելի է դիտարկել լրագրողիՙ «Ինչո՞ւ եք դեմ Հայաստանիՙ ՆԱՏՕ-ին անդամակցության» հարցին ՀՀ նախագահի ձեւակերպումները: «Դա իմաստ կունենար այն ժամանակ, երբ մեր անվտանգությունը բարձրացներ: Մեր հարեւան Վրաստանի, Իրանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Հոգատար ենք Ռուսաստանի հետ մեր շատ լավ կապերի (դրանց թվում նաեւ ռազմական) առումով: ՆԱՏՕ-ին անդամակցումը հիշյալ կապերը կվնասի: Վտանգը միայն ՆԱՏՕ-ի անդամներից մեկիցՙ Թուրքիայից է գալիս», «Die Welt»-ին պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը:

8-րդ էջում Ժակ Շուստերի «Ֆրանսիական վարժապետություն» վերնագրյալ մեկնաբանությունն է, որը ոչ այլ ինչ է, քան հեգնանք ֆրանսիական պատժիչ օրինագծին: Ջանալով դուր գալ հայկական փոքրամասնությանը, Թուրքիան Եվրոպայից հեռու պահելու նպատակով, Փարիզը կարծիքի ազատությունն է սանձում եւ թուրքական պատումը Ֆրանսիայում պատժում, գրում է մեկնաբանը: Անցյալով զբաղվել չի նշանակում ճշմարտության պաշտպանությունը օրենքի միջոցով բռնադատել: Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր ուժերի չափով իր պատմության մռայլ էջերը բացահայտի: Գրող, նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը (եւ ոչ միայն նա) հոգ է տանում դրա մասին: Փամուքը միայն պայմանական հաջողություն կարող է ունենալ, բայց վստահ ավելի, քան Ֆրանսիայի սադրանքը, կարծիք է հայտնում Ժակ Շուստերը:

Այս մեկնաբանությանը մեր խնդրանքով իր հակափաստարկները ներկայացրեց Բոխումի «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի հիմնադիր տնօրեն դոկտոր Միհրան Դաբաղը (ում հետ գերմանացի լրագրողները վերջերս հարցազրույց էին վարելՙ ֆրանսիական պատժիչ օրինագծի վերաբերյալ: Մեր հայրենակցի նույն թեմայով հոդվածը լույս էր տեսել նաեւ «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթում): «Երկրորդ աշխարհամարտեն վերջ ցեղասպանական արարքին ուրացումը պատժելի տեսնել, ինչ որ Ֆրանսիան կկատարե, նոր քայլ մը չէ: Եվրոպական երկիրներուն մեջ, Գերմանիայեն սկսյալ, ընդհանուր համաձայնությամբ այդպիսի արարքների ուրացումը պատժելի համարելու հետեւողականություն կա, իրազեկեց ինստիտուտի տնօրենը: Կարծիքի ազատությունը սուբյեկտիվ մոտեցում է: Կարծիքի ազատության սահմանափակման մասին չէ խոսքը, այլ մարդկության դեմ գործված ոճրիՙ պատմական ճշմարտության պաշտպանության, որի պարտականությունը պետություններն իրենց գործառույթը կնկատեն: Պատմականացած արարք տեսնել այն չի կարելի, ուստի ոչ թե մոռացումն իբրեւ հաշտության նախապայման, այլ ժողովուրդի հիշողությունն իբրեւ հաշտության նախադրյալ: Երբ Հայոց ցեղասպանությունը հարցական կդարձնեն, հարցական կդարձնեն նաեւ Հոլոքոսթի ուրացումը պատժող օրինագիծը եվրոպական երկիրներուն մեջ: Աշխարհում չկա ցեղասպանություն, որ ուրացված ըլլա, հայկականը միակն է, ասաց գիտնականը պնդելովՙ բոլոր ցեղասպանություններու ուրացմանն հակազդող պատժիչ ընդհանուր օրենքի անհրաժեշտություն կա»: Ժակ Շուստերի վերոբերյալ մեկնաբանությունը օպորտունիստ որակելով «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի տնօրենը նկատել տվեց, թե Ֆրանսիան ռազմական, տնտեսական իր շահերը չէր վտանգի հայերի մի քանի հազար քվեների դիմաց: Պարզապես «Ֆրանսիան հետեւողական է իր սկզբունքներուն», եզրափակեց ինստիտուտի տնօրենը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4