«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2006-11-23 | #225, 2006-11-24 | #226, 2006-11-25


ՇՈՍՏԱԿՈՎԻՉԻ ՋՈՒԹԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿՈՆՑԵՐՏՆԵՐԸՙ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Կիրակիՙ նոյեմբերի 26-ին, ժամը 20-ին Բեռլինի ֆիլհարմոնիայի բեմում հանդես կգա Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբըՙ գլխավոր դիրիժոր Մարեկ Յանովսկու ղեկավարմամբ: Համերգը հոբելյանական էՙ նվիրված է գերմանացի ժամանակակից առաջատար երգահաններից Արիբերտ Ռայմաննի 70 եւ ռուս Դմիտրի Շոստակովիչի 100-ամյակին: Համերգը կսկսվի Արիբերտ Ռայմաննի «Անամպ քրիստոնեական տոն» ռեքվիեմով, որի մենակատարները կլինեն հունգար աշխարհահռչակ թավջութակահար Միկլոշ Պերենյին (Miklo՛s Pere՛nyi) եւ բասս Դեթլեֆ Ռոթը:

Մյուս հոբելյարիՙ Շոստակովիչի Ջութակի առաջին կոնցերտը բեռլինյան բեմում կկատարի 2005-ին Բրյուսելում Էլիզաբեթ թագուհու միջազգային մրցույթի հաղթող Սերգեյ Խաչատրյանը: Շոստակովիչիՙ 1948-ին գրած հիշյալ ստեղծագործությունը ջութակի եւ նվագախմբի համար սիմֆոնիա է, ձոնված ջութակահար Դավիթ Օյստրախին, ով առաջին անգամ այն կատարել է 1955-ինՙ Ստալինի մահից հետո:

Հոկտեմբերի վերջին արդեն լույս է տեսել Շոստակովիչի Ջութակի առաջին եւ 2-րդ կոնցերտների նոր մի ձայնագրությունՙ Կուրտ Մազուրի ղեկավարմամբ, Ֆրանսիայի ազգային նվագախմբի եւ մենակատար Սերգեյ Խաչատրյանի համագործակցությամբ:

Դեկտեմբերի սկզբին Մայնի Ֆրանկֆուրտում ապրող հայ երիտասարդ երաժիշտը Շոստակովիչի Ջութակի 2-րդ կոնցերտը կհնչեցնի նաեւ Բրյուսելումՙ տեղի ազգային ֆիլհարմոնիկի հետ:

Նոյեմբերի 29-ին, 30-ին, դեկտեմբերի 1-ին Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Մյունխենումՙ տեղի ֆիլհարմոնիկի հետ կատարելով Սիբելիուսի Կոնցերտը: Դիրիժորական վահանակի առջեւ հայտնի Ջեյմս Կոնլոնն է կանգնելու:

Դասական երաժշտության եւ ջազի «Ֆոնո ֆորում» ամսագրի վերջին համարն անդրադարձել է Սերգեյ Խաչատրյանի կատարողական արվեստին:

Ինչ վերաբերում է Սերգեյի քրոջըՙ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանին, ծանուցենք, որ նա Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային թատրոնում դեկտեմբերի 17-ին ելույթ կունենա մենահամերգով: Ծրագրումՙ Մոցարտ, Շուբերտ, Լիստ, Դեբյուսսի, Շուման:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4