«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2006-11-24 | #226, 2006-11-25 | #227, 2006-11-28


ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հայաստանում շուրջ ութ տարի գործող գերմանական ProSME փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրի գրասենյակը արդեն երկու տարուց ավելի ձեռնամուխ է եղել հանրապետությունում տեղական (համայնքային) տնտեսական զարգացման ծրագրի իրականացմանը: Տեղական առավելությունների մասնակցային գնահատման (PACA) ծրագիրը, որի մեթոդաբանությունը մշակվել է հայտնի տնտեսագետների եւ սոցիոլոգների կողմից, կազմակերպիչների հավաստմամբ ներդրվել է աշխարհի տարբեր երկրներում, իսկ Հայաստանում տարբեր հաջողությամբ իրականացվել է Գավառ, Սեւան, Դիլիջան, Իջեւան, Արարատ, Գորիս, Վանաձոր, Նոյեմբերյան համայնքներում: Այս ամսվա սկզբից PACA-ն տեղական մի շարք համագործակից կազմակերպությունների հետ սկսել է իրականացվել նաեւ Գյումրիում: Ծրագրի շնորհանդեսը երեկ կազմակերպվել էր «Արաքս» հյուրանոցային համալիրի կոնֆերանսների սրահում:

PACA-ն կոչված է օգնելու, համայնքի ակտիվ դերակատարների միջոցով վեր հանելու համայնքի մրցակցային առավելությունները եւ ներուժը, բացահայտել առկա եւ բացակայող կապերը, ստանալ համայնքի ներկա եւ զարգացման ընդհանուր պատկերը, որոնց հիման վրա համայնքին կառաջարկվեն տեղական ռեսուրսների վրա հիմնվող, շատ կարճ ժամանակահատվածում իրականացվող եւ շոշափելի արդյունքներ տվող բիզնես գաղափարներ: Ինչպես նշվեց շնորհանդեսում, այս կարճ ժամանակամիջոցում տեղական եւ միջազգային փորձագետների կողմից վերլուծվել են քաղաքի տնտեսության հիմնական ոլորտները, տեղի 100 գործարարների շրջանում կատարված հարցման հիման վրա վեր են հանվել Գյումրու մրցակցային առավելությունները, որոնց հիման վրա, աշխատանքային խմբի կարծիքով, քաղաքի տնտեսությունը կարող է զարգանալ: Առաջարկվող մոտեցումների հիմքում ընկած է փոքր քայլերով առաջ գնալու տրամաբանությունը: Կատարված վերլուծության հիման վրա ներկայացված կարճաժամկետ ծրագրերի առաջարկները վերաբերում են թեթեւ եւ սննդի արդյունաբերության, արհեստագործության, տուրիզմի եւ սպասարկման ոլորտներին: Դրանցում, ինչպես հավաստվեց, PACA ծրագիրը պատրաստ է կանգնել շահագրգիռ գործարարների կողքին:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4