«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2006-12-01 | #231, 2006-12-02 | #232, 2006-12-05


ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ, ԲԱՅՑ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎՈՒՄ Է

Այսօր խճանկարչությունը Հայաստանում ոչ միայն չի զարգանում, այլեւ անտեսվում է, այնինչ հայկական խճանկարչությունը թողել է մեկը մյուսից ինքնատիպ նմուշներ: Հայկական խճանկարչության առաջին եւ համեմատաբար ամբողջական նմուշը Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակի խճանկարն է, որը համարվում է 3-րդ դարի գործ: Խճանկարչության մեջ պատկերները նկարվում, զարդանկարները կերտվում են իրար նման կամ տարբեր նյութերի մասնիկներից` «խճերից», որոնք ամրացվում են կրի, ցեմենտի, խեժի կամ մեղրամոմի շերտի մեջ: Խճանկարի հավաքման եղանակները լինում են, օրինակ, «ուղղակի», երբ պատկերազարդվող մակերեսին փակցվող մասնիկները ներսեղմվում են ամրացնող զանգվածում, եւ կա «հակադարձ» եղանակը, երբ մասնիկները երեսի կողմից դեպի ցած սոսնձվում են ստվարաթղթի կամ գործվածքի վրա արված գծագրին, ապա մասնիկները հետեւի կողմից ծեփվում են ամրացնող բաղադրությամբ, ժամանակավոր հիմքը հեռացվում է, եւ ստացված աղյուսը փակցվում է համապատասխան տեղում: Այս յուրատեսակ արվեստը մեր երկրում կարողացել է ձեւավորել որոշակի դպրոց, սակայն վերջին 10-15 տարիներին այն անուշադրության է մատնված:

Ըստ նկարիչ, մոնումենտալիստ Էդվարդ Կարսյանի, ներկայումս խճանկարչության զրոյական վիճակի հիմնական պատճառն այս արվեստի խիստ թանկ լինելն է:

Նկարիչ Զոհրապ Միրզոյանն էլ ավելացնում է, որ փոխվել է հասարակության վերաբերմունքը խճանկարչության հանդեպ, փոխվել է հասարակության ճաշակը, մարդիկ մի տեսակ շփոթված են, ինչպես նաեւ խճանկարչության զարգացման համար պետք է լինի պետական հովանավորություն, ինչը հիմա չկա:

Հայաստանում արվեստի այս տեսակը հատկապես զարգացել է 1960-80-ական թվականներին: Այդ շրջանում կերտված աշխատանքներից են Հանրապետական հիվանդանոցի ճակատամասի «Վերածնունդ» կոչվող խճանկարային բարձրաքանդակը, Երեւանի Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ճակատամասի «Արեւ» կոչվող խճանկարը: Այս երկու գործերն էլ ստեղծվել են հայկական բնաշխարհի բնական քարերից: Սրանք հենց առաջին հայացքից դիտողին կլանում են իրենց բնական գույներով, եւ գույների ներդաշնակ համադրությամբ: Մեծածավալ ու մոնումենտալ այս գործերը միաժամանակ շատ նուրբ ու խորիմաստ են, եւ յուրաքանչյուրի թեման համահունչ է իր տեղին ու վայրին: Այս աշխատանքները նաեւ դրվատում են հայկական քարերի գեղեցկությունը:

Զրուցակիցներս, ովքեր վերոհիշյալ գործերի հեղինակներից են, ասում են, որ Հայաստանը հարուստ է այնպիսի բնական քարերով, որոնցից կարելի է ստանալ հրաշալի խճանկարներ, ասում են` կա քարերի պալիտրա, որի միջոցով էլ որոշվում է, թե այս կամ այն մարզում ինչպիսի քար կա:

Խճանկարը հավաքվում է բնական ու արհեստական քարերից. բնական քարերը լինում են տուֆ, բազալտ, մարմար, գրանիտ, իսկ արհեստականը` գունախճիկ (անթափանցիկ գունավոր ապակի), կերամիկական սալիկ:

Վերը խոսելով «Վերածնունդ» խճանկարի մասին` անհնար է չնշել, թե հիմա ինչպիսի վիճակում է սրա շրջակայքը: Շրջակա ծառերի ճյուղերն աճել ու փակել են խճանկարի շատ հատվածները, երբեմն հեռվից չի էլ երեւում, որ ծառերի հետեւում խճանկար կա: Մոտիկից էլ վիճակը բարվոք չէ. ամբողջական խճանկարը դարձյալ չես տեսնում, որովհետեւ ցաքուցրիվ ճյուղերը փակել են այն, շրջակա խորդուբորդ գետինն էլ ծածկվել է աղբով, մոխրով, չորացած, կոտրատված ճյուղերով ու քարերով, իսկ բաց լյուկի տհաճ հոտը տարածվել է մերձակայքում: Դեմքդ ճյուղերից պաշտպանելով` ամբողջ մարմնով երկարում ու կարճանում ես, որպեսզի տեսնես խճանկարը, եւ այս ամենն էլ դեռ բավական չէ. շենքի վրա` հենց խճանկարի ներքեւում, գրված է Գոռ+Գոհար=Սեր: Մի՞թե խճանկարի շրջակայքի բարեկարգումը նույնքան թանկ է, որքան նոր խճանկարների ստեղծումը:

Խճանկարների մոտով անցնելիս սակավաթիվ մարդիկ են նայում դրանք, հետաքրքրվում դրանցով, քիչ մարդիկ գիտեն` որտեղ ինչ խճանկարներ կան: Երիտասարդներն անտարբեր են այս արվեստի նկատմամբ: Երիտասարդության անտարբերությունն ու անտեղյակությունը գալիս է ուսումնական հաստատություններից: Ապագա արվեստասեր եւ արվեստը գնահատող երիտասարդության դաստիարակությունն առաջին հերթին հենց հանրակրթական դպրոցի գործն է, ինչում մեր դպրոցը խիստ թերանում է:

Խճանկարչությունը մոնումենտալ-դեկորատիվ արվեստի տեսակներից է, այն սերտորեն կապված է նաեւ ճարտարապետության հետ:

Ըստ Զոհրապ Միրզոյանի, ճարտարապետները պետք է նախագծեն այնպիսի շինություններ, որոնցում տեղ կունենան խճանկարները, եւ անպայման պետք լինեն պատվիրատուներ, ովքեր կուզենան պատվիրել այդ խճանկարները:

Հիմա Երեւանում ճարտարապետական ու շինարարական եռուզեռ է, որը բնավ չի օգնում խճանկարչությանը:

Խճանկարը յուրահատուկ հնչեղություն է տալիս շինությանը: Յուղանկարը կարող ես տեղափոխել, ինչ-որ մեկին նվիրել կամ վաճառել, բայց խճանկարը կապակցվում է շինությանը, վերջինիս հետ էլ ապրում ու մահանում է:

Ըստ Էդվարդ Կարսյանի այսօր սրճարաններն ու ռեստորանները մասնակիորեն դեպի իրենց են ներքաշում խճանկարչությունը, ցավոք, մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ոչ մի ճյուղ իր իսկական տեղը չի գտնում:

Իսկ որքանո՞վ է շահութաբեր խճանկարչի մասնագիտությունը:

-Կան անհատներ, ովքեր ի վիճակի են իրենց առանձնատների, ոչ մշակութային ժամանցային վայրերի համար պատվիրել խճանկարներ, սակայն նրանցից շատերն էլ չգիտեն` թե ինչ է խճանկարչությունը,- ասում է Էդվարդ Կարսյանը,- մասնագիտությունն ամենեւին էլ շահութաբեր չէ:

Զրուցակիցներս իրենց մասնագիտական կրթությունը ստացել են Մոսկվայում 60-70-ական թվականներին, բայց խճանկարչի իրենց մասնագիտական գիտելիքներն ու վարպետությունը ոչ մեկին չեն սովորեցնում. չկան ուսուցման համար համապատասխան պայմաններ, չկան սովորել ցանկացողներ: Խնդրին մոտենանք նաեւ մի այլ կողմից` ի՞նչ են անելու խճանկարչությանը տիրապետող երիտասարդներն այն պայմաններում, երբ չկա այդ արվեստի պահանջարկը, եւ նոր գործեր գրեթե չեն ստեղծվում:

Խճանկարչության հանդեպ անտարբեր եւ անուշադիր վերաբերմունքը, անտեղյակության մթնոլորտն ակնհայտ են, այս արվեստի, արդեն ստեղծված արժեքների մասին հասարակությանը իրազեկելը` հրատապ:

Զոհրապ Միրզոյանն ասում է, որ հիմա մի անցողիկ շրջան է, բայց անպայման կգա մի պահ, երբ խճանկարչությունն ու մեր հայկական քարը կրկին ուշադրության կարժանանան եւ արժանի կերպով կգնահատվեն:

Դժվար է ասել` արդյոք կլինի՞ խճանկարչության վերածնունդ, գուցե լինե՞ն բարեգործներ, ովքեր կուզենան խթանել նրա զարգացումը, ինչեւէ, գոնե արդեն ստեղծված նմուշների միջոցով սերունդները կարող են ծանոթանալ արվեստի այս բացառիկ տեսակին:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4