«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2006-12-05 | #233, 2006-12-06 | #234, 2006-12-07


ԱՆԿԱՏԱՐ ԵՐԱԶՆԵՐ ՓՈՔՐ ՈՒ ՄԵԾ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

Սպիտակն ու Երեւանը ռուս լրագրողի հայացքով

«Ես մի քաղաքում եմ, ուր 18 տարի առաջ 42 վայրկյանում անցյալը զոհվեց, ներկան պարզապես դադարեց գոյություն ունենալ, իսկ ապագան շատ հեռու է պատկերացրածից։ Քաղաքը Հայաստանում է, անունըՙ Սպիտակ, ուր 1988-ի դեկտեմբերի 7-ին 11.41-ին 10 բալ ուժգնության երկրաշարժն ավերակ դարձրեց այն, ինչ մարդու ձեռքով էր կառուցվել, իսկ մահացածները 4 հազարից ավելի են, գրում է ընթերցողների մեծ բանակ ունեցող Գերմանիայում լույս տեսնող ռուսալեզու «Ռուսսկայա Գերմանիա» շաբաթաթերթն իր նոյեմբերյան համարումՙ արտատպելով Վիկտորիա Իվլեւայի «Նովայա գազետայում» Սպիտակին նվիրված ծավալուն հոդվածը։«Ցիրուցան քարերի երկիրը» վերնագրին լրացնող «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ենթավերնագիրն դեռ ամեն ինչ չի ասում։Համառոտելով փոխանցենք ռուս լրագրողի գեղարվեստական հայացքը Սպիտակին ու Երեւանին։

Երկրաշարժից անմիջապես հետո Սպիտակի բախտը բերեց։ ԽՍՀՄ փլուզման արդյունքում սահմանները բացվեցին, եւ արտասահմանից փրկարարներ, շինարարներ, կամավորներ եկան, ամբողջ աշխարհը դրամ ու բեռներ էր ուղարկում, որեւէ մեկը չէր պատկերացնում, թե օգնության մի մասը Հայաստանի շուկաներում կարող էր վաճառվել ձեռներեց ճարպիկների կողմից։ Սրա մեջ ամենաքիչ մեղքն ունեն Սպիտակի բնակիչները, հենց նրանք, ովքեր մինչեւ հիմա ապրում են վագոններում։Հետո սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, Հայաստանն անկախացավ, արտասահմանյան հետաքրքրությունը հանդարտվեց, Ռուսաստանի հատկացրած ֆինանսական օգնությունն էլ վերջացավ։Հիմա Սպիտակն համարյա ամբողջովին մոռացված է։Նույնիսկ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը, որին կենդանության օրոք հավերժացրել ենՙ կիսանդրին կանգնեցնելով, այստեղ չի գալիս։ Ինչքան հասկանում եմ, կիսանդրի ունենալու արժանի մի պարոն կա ՙ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քրքորյանը։ Նրան պատկանող «Լինսի» հիմնադրամն այստեղ նորակառույցների մի ողջ թաղամաս է կառուցելՙ 524 շատ լավ բնակարաններ։

Առաջ Սպիտակը ծաղկում էր, գրում է հոդվածագիրըՙ հիշեցնելով, թե բազմաթիվ աշխատատեղեր էին ապահովում Կարի արտադրական միավորումը, Մոսկվայի ենթակայության տակ աշխատող վերելակաշինական գործարանը, որի արտադանքն ինչ-որ տեղ կարելի է տեսնել դեռ այսօր էլՙ «Պատրաստված է Հայաստանի ՍՍՀ Սպիտակ քաղաքում» մակագրությամբ։

Սպիտակը սիրված քաղաք էր նաեւ բանաստեղծների ու նկարիչների կողմից, տպագրում էր սեփական «Գրական թերթը», այստեղ գործում էր պատմաերկրագիտական թանգարանը, երկու գրադարան։ Սրանք այլեւս չկան, նույնիսկ կինո ոչ մի անգամ ցույց չեն տալիս։

Սպիտակում չկա ընտանիք, որ երկրաշարժի զոհ չունենա։ Այսօր այստեղ մշտական բնակություն ունեն 1012 հոգի։ Աշխատունակ բնակչության 70 տոկոսն աշխատանք չունի, այսինքնՙ 10-ից երեքը։

Երիտասարդ, գեղեցիկ, թախծոտ աչքերով մի կին ինձ ասացՙ այստեղ տխուր է ապրելը, որովհետեւ ոչ մի բանի մասին չենք երազում, միեւնույն էՙ չի կատարվի։ Իսկ բարի Թերեզա տատն էլ, որը Սպիտակի հավերժ դատարկՙ անհասկանալի փողերով աշխատող հյուրանոցի ադմինիստրատորն է, սուրճ հյուրասիրելով ասաց, գրում է ռուս հեղինակը, մեր ժողովուրդը լավն է, աշխատանքից հոգնելու փոխարեն հոգնել է անգործությունից։Հոդվածագիրն այնուհետ պատմում է 18 տարի երկաթե վագոնում ապրող Սիրանուշ տատի ու նրա թոռանՙ աշխատանք չունեցող Գարիկի ու հղի հարսի մասին։ Գարիկն ուրիշ սպիտակցիների նման Ռուսաստան չի կարող մեկնելՙ ճանապարհածախսի փող չկա։ Երբեմն Գարիկին բախտը ժպտում էՙ հաջողվում է փող աշխատելՙ բեռնակրությամբ։» Ամենաթանկ իրն այս ընտանիքում հին հեռուստացույցն է։ «Իսկ երբեւիցե միս ուտու՞մ եք», անտակտ հարց եմ տալիս ես, գրում է հեղինակը ։«Իհարկե, նեղացած պատասխանում է Գարիկը, Նոր տարուն»։ Այսպիսի վագոններում մոտավորապես 2000 մարդ է ապրում։

Սպիտակում աղքատներից բացի ուրիշներ էլ կան։ Ինձ հաջողվեց սպիտակցի օլիգարխ Նազելիի հետ զրուցել։ Նա դեղագործ է, դեղատների ցանց ունի, արդյունաբերական ապրանքների խանութ եւ տեղական հեռուստակայան։ Ամուսնու հետ 90-ականների սկզբին նավթարդյունաբերական ապրանքների առեւտրից են սկսել։ Երկու տուն են պահում ՙ երեխաները Երեւանում են ուսանում։ Նազելին իր հաջողության մասին այսպես է բանաձեւում.Ամեն մարդ ինքն է սեփական երջանկությունը ստեղծում։ Իմ Համլետը պարզապես բիզնես շատ է սիրում, բիզնեսն էլ նրան է սիրում։ Ահա այսպես զարմանալիորեն պարզ ու անպաճույճ է օլիգարխիկ կյանքը, հեգնում է ռուս լրագրողըՙ ակնարկելովՙ իսկ սուրճ Նազելին ինձ չգիտես ինչու չհյուրասիրեց։

Հաջորդ հանդիպումը լավաշի փուռ ունեցող մասնագիտությամբ շինարար-ինժեներ Ալբերտի հետ է։Նա երկար տարիներ Ռուսաստան է մեկնել աշխատելու։Ոչ ոք ինձ կարծես չէր նեղացրել, բայց ամեն րոպե իմ բոլոր բջջիջներով զգում էիՙ մեր երկիրը չէ սա, մեր հողը չէ, անկեղծանում է Ալբերտն ու ասում, որ ընտանիքի կարոտը հաղթող է դուրս եկել, վերադարձել է ու փուռ բացել։ Հիմա չորս կին է աշխատում նրա մոտ։ Նիհար, փոքրամարմին Ինգան խմորը ճկուն պտտացնում է ձեռքից ձեռք. 3 անգամՙ ու բարակ լավաշն արդեն պատրաստ է թխվելու։Ինգան կարող էր սա հրաշալի ցուցադրել Իտալիայի պիցցայանոցներից մեկի ճոխ ապակեպատ ցուցափեղկումՙ հատուկ անգործների համար։ Բայց նա ապրում է Հայաստանում, Սպիտակում, իսկ ես նրա միակ հանդիսատեսն եմ։

Սպիտակի դպրոցում ռուսերեն շաբաթը երեք անգամ են ուսուցանումՙ որպես առաջին օտար լեզու։Այսպես է ողջ Հայաստանում։Հինգերորդ դասարանում, ուր ներկա եղա, ամենալավը դատախազի ու բժշկի տղան գիտեին ռուսերեն։ Համենայնդեպս այստեղ ավելի լավ գիտեն ռուսերեն, քան ասենք հիգերորդ դասարանում անգլերեն գիտեն Ռուսաստանի փոքրիկ շրջկենտրոններից մեկում։

Սպիտակը Երեւանի հետ ասֆալտե ճանապարհից բացի ուրիշ ոչինչ չի կապում։ Նրանք կյանքի տարբեր թեմաներ ունեն, նպատակներն էլ տարբեր են։ Մեկը փորձում են գոյությունը պահպանել, մյուսնՙ ապրել։ Այս քարքարոտ երկրում ամեն մի բուռ հողը երկնքի պարգեւ է, գրում է հոդվածագիրըՙ Սպիտակի լռությունը այնուհետ ցուցափեղկերի ու ցուցանակների, լույսերի ու գովազդի մեջ լողացող Երեւանում մոռացության տալով։ Անփույթ մայթեր , կարկատաններով ասֆալտ, քաղաքային անխնամ բնանկարի այս շատ ծանոթ պատկերը նկատի ունենալով ռուս լրագրողը հայտնաբերում է ՙ Իհարկե, սա ռուսական քաղաք չէ, բայց սովետական քաղաք է։Ղարաբաղյան պատերազմի եւ շրջափակման ժամանակ, երբ վառելու բան չկար, Երեւանում մի քանի հազար ծառ կտրվեց. այստեղ օդը շատ է փոխվելՙ շնչելն առանձնապես ծանր է դառնում ամռանը։

Հայոց պատմության մեջ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէՙ «Նոյն» ու «Արարատը» հայտնվել են Հրազդանի կիրճի տարբեր կողմերում, կոնյակի գործարանի մասին այսպես է գրում Վիկտորիա Իվլեւան։ «Պեռնո Ռիկարը «Արարատ» եկավ 1998-ին, սկզբումՙ որպես վարձակալ, այնուհետ համոզվելով, որ հայերի հետ կարելի է գործ անել, մեկ տարի հետո գործարանը ձեռք բերեց։ Ֆրանսիացի աշխատակիցները գործարանում ընդամենը յոթն են, բայց Ֆրանսիայի ներկայությունն այստեղ կարելի է տեսնել նույնիսկ մանրուքներումՙ որպիսին ֆրանսերեն մակագրություններով կրակմարիչներն ու աղբամաններն են։ 4 ու կես հազար խաղողագործ ֆերմերներ պայմանագիր ունեն, որի համաձայն գործարանը պարտավոր է գնել նրանց բերքը մասամբ կամ ամբողջությամբ։«Արարատում» աշխատանքի տեղավորվելը դժվար է։Մարդիկ հաճույքով են այստեղ գալիս ամենահասարակ աշխատանքը կատարելու։ Օրինակ, գեղեցկադեմ Պարույրը, որ 4 տարի առաջ ավարտել է գյուղակադեմիան եւ այստեղ հասարակ բանվոր էՙ թաքուն մի հույս է փայփայում, թե ինչ-որ ժամանակ մասնագիտությամբ աշխատանք կգտնի։Պարույրի ընտանիքում բոլորն աշխատանք ունեն։ Այսպիսի բան Հայաստանում հաճախ չի հանդիպում։

Ինձ հանդիպած ամենազարմանալի մասնագետները տակառագործական արտադրամասում էին։Այդպիսի ինտելիգենտ տակառներ, որպիսին Երեւանի կոնյակի գործարանում են, երեւի աշխարհի որեւէ անկյունում չկան։Տակառագործների 5 հոգանոց խմբում 4-ը բարձրագույն կրթություն ունեն։

Հենց արտադրամասում էլ մեծ փայտե սեղանի շուրջ ճաշի ենք նստում ու զրուցում։ Ընդհանուր հիշողություններն ու ընդհանուր լեզուն դեռ գոյություն ունեն, երկա՞ր են ուղեկցելու։Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես ձեւակերպեց Մոսկվայի պետհամալսարանն ավարտած ուսյալ երիտասարդ երեւանցի մի կին, մոր եւ զավակի հարաբերություններ են։ «Մայրը մեծացրել է, իսկ հիմաՙ սովորիր ինքնուրույն ապրել։ Մոսկվան մեզ համար դադարել է արդեն առաջին ռեֆլեքսը լինել»։

Միգուցե այդպես էլ պիտի լինի։Բայց մոր համար միշտ է տխուր, երբ երեխաները մեծանում եւ հեռանում են տնից, ծավալուն հոդվածը եզրափակում է Վիկտորիա Իվլեւան։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4