«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2006-12-12 | #238, 2006-12-13 | #239, 2006-12-14


«ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՔ ՈՒԶՈՒՄՙ ԽՆԴՐԵՄ»

Ավստրիական «der Standard» էլեկտրոնային թերթի դեկտեմբերի 11-ի համարում լրագրող Մարկուս Բենրատը հարցազրույց է վարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ։

Արկադի Ղուկասյանի եւ կառուցվող Ղարաբաղի երկու լուսանկարներով հիշյալ հարցազրույցը զետեղված է միջազգային քաղաքականություն բաժնում, «Ադրբեջան» խորագրի տակ եւ կրում է նախագահ Ղուկասյանի հարցազրույցը «Եթե պատերազմ եք ուզումՙ խնդրեմ» վերնագիրը (բնագրում նախագահ բառը չակերտների մեջ է- Ան. Հ.)։ «Ադրբեջանի հետ ընդհանուր ճանապարհ չունենք», ասել է միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ-ի «նախագահը», որը կիրակի օրը քվեարկության դրեց մի սահմանադրություն, որով միջազգայնորեն չճանաչված հանրապետության անկախությունը պիտի ամրագրվի», կարդում ենք նախաբանում։ Ստորեւ մեր ընթերցողներին ենք ներկայացնում հիշյալ հարցազրույցըՙ մասնակի կրճատումներով։

«Որքա՞ն անկախ է Ձեր հանրապետությունը» հարցին Ղուկասյանը պատասխանել է, թե մինչեւ հիմա մեր բյուջեի կեսից ավելին ինքներս ենք հոգացել։ Աբսուրդ կլինի, եթե մեր մարդկային ռեսուրսները համեմատենք Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը շատ առավելություններ ունի, բայց նույնն ուներ պատերազմի սկզբին, եւ գիտեք, թե դա ինչ ընթացք ունեցավ։ Մերը զինվորների պրոֆեսիոնալիզմն է եւ բարոյական վերաբերմունքը ։ Ի՞նչն է պատճառը, որ հզոր Չինաստանը Տայվանին չի կարողանում ծնկի բերել։ Ինչո՞ւ Կուբան կարողանում է ընդդիմանալ ԱՄՆ-ին։ Ադրբեջանցիների ձեռքից ցեղասպանության ենք ենթարկվել, հիմա ուզում ենք առանձին ապրել։ Մեզ համար անկախությունն այլընտրանք չունի»։ Պատասխանելով «դեր Շտանդարդի» հաջորդՙ ԼՂ քաղաքական ապագայի համար ԵԱՀԿ միջնորդների առաջարկած ՙ Ղարաբաղի երբեմնի ադրբեջանցի բնակիչների մասնակցությամբ ընդհանուր հանրաքվեի անցկացման մասին հարցին Ղուկասյանն ասել է. «Ոչ, ինչո՞ւ։ Հանրաքվեն լրացուցիչ միջոց է մեր տեսակետը հաստատելու։ 1988-ի մարդահամարի տվյալներով, ԼՂ բնակչության 20 տոկոսն ադրբեջանցի էր։ Նրանք կարող են հանրաքվեին մասնակցել Բաքվում կամ Ադրբեջանի որեւէ քաղաքում, ուր հիմա ապրում են։ Մենք դեմ չենք փախստական դարձած էթնիկ մի խմբի վերադարձին։ Վերադարձը չի կարող որեւէ նախապայման լինել, դա հակամարտության լուծման վերջին աստիճանը կարող է լինել։ Եթե ադրբեջանցիները նորից այստեղ լինեն, ո՞ր օրենքները պիտի հարգեն։ Կճանաչե՞ն ԼՂ քաղաքացիությունը։ Ի՞նչ կլինի հայ փախստականների հետ, ովքեր Բաքու են ուզում վերադառնալ։ Կտա Ադրբեջանը նրանց երաշխիքներ, մենք էլ Ղարաբաղի փախստականների համար նույնը կանենք։ Մեր նպատակը երկու ժողովուրդների պատմական հաշտեցումն է»։

«Տասնամյակից ավելի Ղարաբաղը Հայաստանի բանակի հետ ադրբեջանական տարածքի մոտավորապես մեկ հինգերորդն է զբաղեցնում (կամՙ գրավում կարելի է թարգմանել, բնագրումՙ besetzt- Ան Հ.)։ Դա դեռ որքա՞ն կշարունակվի», հարցնում է Մարկուս Բենրատը։ «Այս շրջանները ոչ թե զբաղեցված են, այլ այսօր մեր կողմից են կառավարվում։ Մենք դրանք դիտում ենք իբրեւ անվտանգության գոտի, իբրեւ առարկա, որոնց վերաբերյալ կարող ենք բանակցել։ Լեռնային Ղարաբաղն այս շրջաններից էր ռմբակոծվում։ Ընտրությունը մերն էՙ ադրբեջանական տարածքի հակամարտությունը կրել կամ ոչնչանալ», պատասխանում է Ղարաբաղի նախագահը։

«Արդեն տարիներ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին Ղարաբաղը չի մասնակցում։ Դա Ձեզ չի՞ խանգարում», «դեր Շտանդարդի» հարցին ի պատասխան Արկադի Ղուկասյան ասում է. «Աբսուդ իրադրություն է։ Առանց մեր համաձայնության չի լինի։ Նման է այն բանին, որ ուզում ես հիվանդությունը բուժել առանց ախտորոշումն իմանալու։ Վրացիները աբխազների եւ օսերի հետ խոսում են։ Ադրբեջանն ի՞նչ է անում։ Նրանք սպառնում են մեզ իրենց նոր սպառազինված բանակով։ «Գազ ունենք, նավթ ունենք, ձեզ կոչնչացնենք»։ Նրանք մկաններով են միայն փաստարկում։ Մենք նրանց ասում ենքՙ եթե պատերազմ եք ուզում, շատ ենք խնդրում, մի անգամ էլ եկեք։ Վախ չունենք։ Երբեմն պատկերացնում եմ, թե, ասենք, ինչ կլիներ, եթե Իլհամ Ալիեւը լինեի։ Առավոտյան արթնանալով արդեն կասեիՙ ես սիրում եմ հայերին։ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, օրինակ, մի քիչ էքստրավագանդ է, բայց նա ճիշտ է անում։ Խոսելիս նա «մեր աբխազ կամ օս եղբայրներ» արտահայտչաձեւն է կիրառում, նա ինչ-որ բան առաջարկում է նրանց։ Բայց ադրբեջանցիներըՙ հիմա որեւէ հնարավորություն չեմ տեսնում նրանց հետ ինչ-որ համաձայնագիր ձեռք բերելու հարցում։ Ադրբեջանի հետ ընդհանուր ճանապարհ չունենք»։

Հարցազրույցի վերջում, ինչպես լրագրության մեջ կարգ է, հեղինակը Արկադի Ղուկասյանի եւ արաբաղյան հակամարտության մասին տեղեկանք է ներկայացնում։

49-ամյա նախկինում լրագրող Արկադի Ղուկասյանը 1997-ից միջազգայնորեն չճանաչված ԼՂ Հանրապետության նախագահն է։ Նրա պաշտոնավարման երկրորդ շրջանը կավարտվի 2007-ին, վերընտրության չի տենչում։ 1923-ին Ստալինի ցուցումով Ղարաբաղը որպես ինքնավար միավորում կցվել է Խորհրդային Ադրբեջանին։ 1988-ին Ղարաբաղի հայերի անկախության հայտարարություններից հետո փլուզվեց Խորհրդային Միությունը։ 1991-1994 թթ. Ղարաբաղի համար մղված պայքարում Ադրբեջանը տանուլ տվեց։ 2006-ին հակամարտության լուծման առաջարկ ներկայացրեց ԵԱՀԿ-նՙ գրավյալ շրջանների վերադարձ, Հայաստանի համար բաց տնտեսական ճանապարհներ եւ միջազգային որեւէ ռազմական միավորման ներկայություն։ Կոսովոյի նման կարգավիճակի հարցը մի կողմ է դրվել։ ԼՂ տնտեսապես եւ ռազմապես կախյալ է Հայաստանից, այսօր մոտավորապես 165.000 բնակիչ ունի։

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4