«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#244, 2006-12-21 | #245, 2006-12-22 | #246, 2006-12-23


ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ

Ալայնան «Լա Սկալայի» իր անհաջողությունն այսպես է որակում

Համաշխարհային օպերային աստղերից տենոր Ռոբերտ Ալայնան դեկտեմբերի 9-ին Միլանի «Լա Սկալայի» բեմը ստիպված լքել է: Պատճառը, ինչպես գրում է գերմանական «Դի վելթը», ծայր աստիճան զայրացած հանդիսատեսի բողոքն էր:

Հանդիսատեսը դժգոհ է մնացել Վերդիի «Աիդայում» նրա մարմնավորած Ռադամեսից: Ռադամեսը մարմնավորում է հերոսի, ավաղ, ծագումով իտալոֆրանսիացի Ալայնայի երգեցողությունը հեռու էր հերոսականից, գրում է թերթըՙ հավելելով, թե դահլիճը «ամոթ» է գոռացել, երբ Ռադամեսի երկրորդՙ փոխարինող դերերգիչըՙ Անտոնելլո Պալոմբին բեմ է ելել ջինսով ու շապիկով, ապա ընդմիջմանը միայն ժամանակ է գտել բեմական հանդերձը հագնելու: Օպերային հայտնի բեմադրիչ իտալացի Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Աիդան», որով բացվել է «Լա Սկալայի» թատերաշրջանը, իսկական հաղթահանդեսի է վերածվել, իսկ շաբաթներ անց դարձել զայրույթի ու ցավի հիշողություն:

Օպերային պատմության մեջ առաջին անգամ չէ, որ աստղը հեռանում է բեմիցՙ հանդիսատեսի դժգոհությանն ի հետեւանք, գրում է «Դի վելթը»: 1957-ին Մարիա Կալլասը Բելլինիի «Նորման» անավարտ թողնելով մտել է հանդերձարան ու դուրս չի եկել: 1995-ին էլ Լուչիանո Պավարոտտին Նյու Յորքի Մետրոպոլիտենում Դոնիցետտիի «Fille du Regiment» օպերան չի կարողացել ավարտին հասցնելՙ վերին C-ի պատճառով:

Դեկտեմբերի 18-ին AP գործակալության տրամադրած լրատվությունից հայտնի է դառնում, որ Ռոբերտ Ալայնան դիպվածը դավադրություն է անվանում, իսկ իրենՙ դրա զոհ: «Ես տառապում եմ հիպոգլիկեմիայից (արյան մեջ շաքարի նվազում), շատ լարված էի: Գետինն ասես ոտքերիս տակ շարժվում էր, երբ սուլոցներ լսեցի: Բավարար կլիներ, եթե նվագախումբը 5 րոպե ընդմիջում աներՙ ինձ մեկ բաժակ շաքարաջուր խմելու ժամանակ տար: Բայց ինձ փոխարինող երգիչն արդեն պատրաստ էր», ընդգծել է Ալայնանՙ հեռուստատեսային շոուներից մեկին հյուր լինելով: «Երբ թատրոն եկա, փոխարինող երգիչն արդեն ձայնավարժանքներ էր անում: Նա ինձ ասաց, թե իրեն ասել են, թե ես չեմ երգելու, եւ մի երրորդ տենոր էլ փոխարինող կազմում արդեն կա»:

Իսկ Պալոմբին ջինսով իր բեմ դուրս գալը բացատրել է հետեւյալ կերպՙ մեկն ինձ պարզապես բեմ հրեց: «Ահավոր էր, բայց դիմակայեցի», ասել է տենորը, ով վերջում 9 րոպեանոց ծափերի է արժանացել:

«Այդ ելույթից հետո էլ չեմ երգել: Սիրտս փշրված է: Այն կրակը, որ բորբոքել եմ սրտերում, հուսամ ընդմիշտ չի մարել», ասել է Ալայնան: «Սան Ռեմոյի երգի փառատոնին կմասնակցի՞» հարցին ի պատասխան համաշխարհային աստղն անկեղծացել է .«Ամեն ինչ կանեմ, որ այնտեղ լինեմ»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4