«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#246, 2006-12-23 | #247, 2006-12-26 | #248, 2006-12-27


ՈՒՐԱՑՄԱՆ ԳՈՏԻ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ 2007 թվականի վերջերս ընդունված պետական բյուջեն եւ հատկապես դեկտեմբերյան երկրաշարժի հերթական տխուր տարելիցի առիթով հնչած խոսակցությունները, հայտարարություններն ու մեկնաբանությունները ցույց տվեցին, որ հանրապետության ներկա իշխանական շրջանակի համար 88-ի աղետի գոտու խնդիրը փակված է վերջնականապես, որպես արդեն գոյություն չունեցող հարց, հետեւաբար այս խնդրում նրանից էական որեւէ սպասելիք այլեւս չի կարող լինել: Եվ երկրորդ, որ նման պայմաններում մամուլը, լրատվության մյուս միջոցները կարեւոր խնդիր ունեն այսօրվա իրական վիճակն առավել ակտիվ ներկայացնելու եւ թույլ չտալու թյուրիմացության պատճառով հիմնահարցիՙ հեռանկարի առումով վտանգավոր դուրսմղումը նաեւ հասարակական գիտակցությունից:

Եթե Ազգային ժողովում հերթական` դեկտեմբերի 6-ի հարցուպատասխանի ժամանակ Գյումրու անօթեւանների խնդրի մասին պատգամավորուհու ուղիղ հարցին քաղաքաշինության նախարարի տված անհասկանալի պատասխանն ու փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի ավելի անհասկանալի «շշպռիչ» արձագանքը, նույն օրվա «Հայլուր» լրատվականի «աղետի գոտին արդեն զարգացման գոտի է» հերթապահ անխորամուխ պնդումը եւ այդ օրերի այլ նման դրսեւորումները Գյումրու դեռ հազարներով հաշվվող անօթեւաններին ու գործազուրկների բանակին վիրավորում եւ զայրացնում, բայց արդեն երեւի չէին զարմացնում, ապա նույն օրը ԱԺ-ում լրագրողների հարցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տված պատասխանը պարզապես ապշեցուցիչ էր ու հուսահատեցնող: «Այն հիմնական պրոբլեմները, որ կան Գյումրիում, դրանք լուծված են», ոչ ավել, ոչ պակաս` իր խոսքի սկզբում հայտարարեց երկրի կառավարության ղեկավարը:

Ուղղակի ուզում ես հարցնել` պրն Մարգարյանը Գյումրու պրոբլեմները հեռվա՞նց գիտի (ասենք` կառավարական առանձնասենյակից), թե՞ մոտեցել ու նոր գիտի: Հանրապետության ամենաերկար պաշտոնավարած վարչապետը բոլոր այս տարիների ընթացքում քանի՞ անգամ է որպես վարչապետ, ոչ կուսակցական կամ նախընտրական գործերով, եղել Գյումրիում, քաղաքի վերականգնման խնդրով տեղում մի խորհրդակցություն, նիստ անցկացրել, անձամբ անմիջաբար տեսել ու խորամուխ եղել, որ հիմա ասում է լուծված են: Բա որ լուծված ենՙ ինչո՞ւ կատեգորիկ հայտարարություններ անելու փոխարեն մի անգամ հասարակությանը փաստարկված չեք ներկայացնում, թե այ, այսքան անօթեւան էր, այսքան այս ու այն էր, ահա այդքան-այդքանը արել-վերջացրել ու ապահովել ենք: Կամ եթե լուծված են, այդ ԲԳՎ-ներն ո՞ւմ եք տալիս:

Եվ ընդհանրապես, խնդրին այս կամ այն կերպ առնչվող մայրաքաղաքային որեւէ պաշտոնյային, նախարարին գուցե առաջարկեինք մի անգամ գալ Գյումրի, փորձել ընդամենը մեկ օրուգիշեր ապրել երկրաշարժից տուն, ունեցվածք ու աշխատանք կորցրած-դեռ չգտած բազմանդամ, աղետից հաշմանդամ ունեցող կամ չունեցող ընտանիքի 18 տարվա թղթե տնակում, նրանց կենցաղով ու գոյամիջոցներով, հետո գնալ տաք-տաք հայտարարություններ ու դատողություններ անել:

Իսկ Գյումրու հետերկրաշարժյան բազում լուծված ու չլուծված խնդիրներից երկու ամենահիմնականն ու ամենակենսականը, ինչպես հայտնի է, բնակարաններն են եւ տնտեսական վերականգնումը, զբաղվածության խնդիրը ներառյալ: Ասենք, որ անցած 18 տարիների ընթացքում քաղաքում ամենատարբեր աղբյուրների ֆինանսավորմամբ ու ջանքերով լուծվել է տնակային դպրոցների, երեւի նաեւ առողջապահական օբյեկտների շենքերի, որոշ թվով մշակութային, մարզական եւ այլ օբյեկտների խնդիրը, հիմնականում «Լինսի» ճանապարհաշինական ծրագրով որակով նորոգվել, տեսքի են եկել քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներ: Ընդհանուր առմամբ ծախսված հսկայական միջոցներով ու աշխատանքով հառնել են բազմաթիվ նոր, գեղեցիկ շենքեր, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ու նրանց շինարարների հսկայական արած-թողածով, Քըրք Քըրքորյանի «Լինսի» հոյակապ ծրագրով, մեր հանրապետության պետական, Համաշխարհային բանկի վարկային, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, այլ աղբյուրների միջոցներով լուծվել է եւ երկրաշարժից անօթեւան ընտանիքների առավել մեծ մասի բնակարանային խնդիրը: Եվ այսուամենայնիվՙ այսօր մոտ 4100 այդպիսի անօթեւան ընտանիք դեռ մնում է: Նման խնդիրը, ինչ ուզում ես արա, ուրացության ոչ մի պարկում չես պարտակի: Եվ ոչ էլ, ինչպես պնդում են նաեւ քաղաքապետարանում, կարելի է հույս դնել շենքեր կառուցելու կամ ամրացնելու փոխարեն 2005 թվականից առաջարկվող` բնակարանի գնման էժան վկայագրերի կառավարական ծրագրի վրա, որոնցով կատարված գնման գործարքների (անցյալ տարվա ծրագրով` 220) զգալի մասի իսկությունն իսկ կասկածահարույց է:

Եթե բնակարանային խնդիրը, գոնե, էն գլխից գիտակցված ու կարեւորված է եւ չի կարող ի վերջո չլուծվել, ապա մյուս` տնտեսական վերականգնման ամենակենսական հիմնախնդիրը զարմանալիորեն այդպես էլ մնում է անտեսված ու արհամարհված: Առհասարակ քաղաքը, ինչպես մարդը, ապրող, շնչող օրգանիզմ է: Քաղաքի, առավել եւս մեծ քաղաքի համար շունչն ու արյունը, նրա կյանքի երակազարկը պահողը տնտեսությունն է: Երկրաշարժից Գյումրիում այդ երակազարկը կանգ առավ. զարգացած արդյունաբերական քաղաքը կորցրեց իր արտադրական ֆոնդերի, հիմնական միջոցների 70 տոկոսը, արդյունաբերական համալիրի վերահաս հոգեվարքը անգործ աղքատության ու թշվառության ծանր թիկնոցը փռեց քաղաքի վրա: Պակասը լրացրին երկրում տեղի ունեցած հետագա հայտնի իրադարձություններն ու պետական հոգացավ ձեռքի բացակայությունը, որի պատճառով մնացածի հիմնական մասն էլ կորսվեց: Երկրաշարժից ավերված տնտեսության ինչ-որ կերպ վերակենդանացման, հանրապետության երկրորդ մեծ քաղաքի կանգ առած տնտեսական թափանիվը գործի գցելու խնդիրը, որպես քաղաքի բնականոն կենսագործունեության ու կենսապահովման հիմնական գրավական, այդպես էլ պետական քաղաքականության մաս չդարձավ: Ինչ էլ որ հիմնականում անհատների ջանքերով արվեց ու մնաց, դա ավելի շատ բացառությունների կարգին է եւ ընդհանուր վիճակն արմատապես չի փոխում: Իսկ քանի այսպես է` Գյումրու վերականգնման մասին խոսակցություններն առնվազն անհիմն են: Եթե այսօր իսկ բոլոր շենքերը կառուցված, անօթեւանները տնավորված լինեն, միայն այդքանով դա ընդամենը նման կլինի այն բանի, որ դու արդեն նստել ես գնացք, բայց այդ գնացքը չի շարժվում, առաջ չի գնում. քարշող ուժը չկա: Որովհետեւ չկա պետական կարգավորում: Անգամ մի տեխնոպարկի խնդրի համար, որը Գյումրիում ստեղծելու որոշման մասին այս տարի իրենք` իշխանությունները խոսեցին, 2007 թ. բյուջեում մի խորհրդանշական լումա իսկ չնախատեսվեց: Ինչպես, ի դեպ, նաեւ քաղաքի երրորդ աստիճանի վթարայնության մի քանի տասնյակ շենքերը հանրապետության նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրվեցին, բայց դրանցից ոչ մեկի նորոգումը չընդգրկվեց եկող տարվա ծրագրում:

Նույնիսկ այս դեպքում աղետի գոտու լիարժեք վերականգնումը մնում է պետության անշրջանցելի պարտականությունը: Եթե կուզեքՙ նաեւ արժանապատվության խնդիր մեր կայացող պետության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4