Արդեն հաստատվող ավանդույթով Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ եւ տարեկան ամփոփիչ ասուլիս անցկացրեց: Անցած 2006 թվականը մարզպետը հաջողված համարեց այն առումով, որ պետության, կառավարության կողմից դրված խնդիրները եւ նախատեսված ծրագրերը մարզում բոլոր ուղղություններով հաջողությամբ կատարվել են: Խոսքը մասնավորապես վերաբերում է կրթության, առողջապահության ոլորտներին, նաեւ քաղաքաշինական ծրագրերին:
Պրն Մանուկյանի տեղեկացմամբՙ այս տարի մարզում 2,5 մլրդ դրամի քաղաքաշինական ծրագրեր են իրականացվել պետբյուջեի, 1,6 մլրդիՙ այլ աղբյուրների ֆինանսական միջոցներով, իսկ 12 մլրդ դրամի հիմնականում սպասարկման ոլորտի օբյեկտների շինարարություն իրականացվել է մասնավորի կողմից: Վերանորոգվել են 12 դպրոցների, 2 մարզադպրոցների, ԳԱԱ երկրաֆիզիկայի ինստիտուտի շենքերը, 330 մլն տրամադրվել է քաղաքապետարանի նոր շենքի շինարարության շարունակմանը, 195 մլն դրամի ծրագրով մարզի գյուղերում ավարտի է հասցվել երկրաշարժից անօթեւան ընտանիքներից 34-ի կիսակառույց բնակելի տների շինարարությունը: Ինչ մնում է Գյումրու անօթեւան ընտանիքներին, որոնց համար շինարարություն եւ երկրաշարժից վթարային շենքերի ամրացում վերջին տարիներին չի իրականացվում, այստեղ առայժմ միակը մնում է բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագիրը. այս նպատակով նախապես ծրագրված 875 մլն դրամի դիմաց այս տարի մարզպետարանը 1 մլրդ 50 մլն դրամի հայտ է ներկայացրել կառավարություն, որով ԲԳՎ-ներ են տրամադրվել 330 ընտանիքների:
Մարզպետը տեղին նշեց, որ արդյունաբերության ոլորտում լուրջ հաջողություններ արձանագրելն այս տարիներին Շիրակի մարզի համար միշտ էլ դժվար է եղել, սակայն 2006-ին 3,5 տոկոս աճ է արձանագրվել հանքարդյունաբերության ոլորտում: Արդյունաբերության բնագավառում ուրախալի փաստը մասնավոր ներդրողի կողմից Ախուրյանում շաքարի գործարանի կառուցումը սկսելն էր, որի թեման վերջին մի քանի տարիներին շատ է արծարծվել, եւ նույնիսկ Մայիսյանում գործարանի հիմնաքար է հանդիսավոր դրվել, բայց հետո ծրագիրը չի իրականացվել: Ախուրյանի գործարանը, որը զգալի թվով աշխատատեղեր կստեղծի եւ կխթանի գյուղատնտեսական արտադրությունը, հաջողությամբ կառուցվում է, այստեղ արդեն 200 մլն դրամի շինարարական աշխատանք է կատարվել: Ձեռնարկությունը նախատեսվում է գործարկել 2008-ին: Իսկ ահա մարզում կառավարության որոշմամբ տեխնոպարկի ստեղծման սկսված աշխատանքները, որի հետ տեղի գործարարները հույսեր էին կապել, փաստորեն կասեցվում են, քանի որ եկող տարվա բյուջեում դրա համար գումարներ չեն նախատեսվել:
Որպես տարվա եւս մեկ հաջողություն պրն Մանուկյանը նշեց ձեռք բերված առաջընթացը հատկապես գյուղական համայնքներում գույքահարկի, հողի հարկի միջոցով սեփական եկամուտների հավաքման գործում, որի ցուցանիշն անցյալ տարի մարզում կազմել է 43, այս տարվա 11 ամիսներինՙ արդեն 53,5 տոկոս, իսկ տարեվերջին կհասնի 60-ի: Դա համայնքներին հնարավորություն կտա ավելի լավ լուծել իրենց տարբեր խնդիրները: Այս աճն ապահովելու համար մարզպետարանը տեղերում բավական աշխատանք է կատարել:
Շիրակի մարզպետը կարեւորեց, արդյունավետ ու ընդհանուր գործին օգնող համարեց նաեւ լրատվամիջոցների հետ հաստատված համագործակցությունը, լրագրողներին շնորհավորեց եւ մաղթեց հաջողություններ գալիք տարում:
Գ. Մ.