«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#246, 2006-12-23 | #247, 2006-12-26 | #248, 2006-12-27


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԵՖԻՑԻՏ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

Իսկ թոշակները վճարել է նույն ամսին

Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի այս տարվա գործունեության արդյունքներն ու հիմնադրման 15-ամյակը ամփոփվեցին երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած կոնֆերանսում: Ինչպես իր ելույթում հայտնեց հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, երբ 1991 թ.-ին ստեղծվեց հիմնադրամը, ուներ ընդամենը երկու բաժին: Ներկայումս սոցհիմնադրամը կայացած կառույց է, այս տարի չի ունեցել դեֆիցիտ եւ առաջին անգամը լինելով, թոշակները վճարել է ոչ թե հաջորդ, այլ նույն ամսին: Ծախսերի կրճատման շնորհիվ որոշ խնայողություններ են արվել եւ եկող տարի դա կազդի վճարումների վրա: Վազգեն Խաչիկյանը վստահություն հայտնեց, որ շնորհիվ անձնական հաշվառման համակարգի ներդրման, երկու-երեք տարի հետո քաղաքացիները այլեւս պարտադրված չեն լինի քաղվածքներ ներկայացնել աշխատանքային գրքույկներից թոշակների ձեւակերպման կամ վերահաշվարկման համար: Անցյալ տարի նաեւ ստեղծվել է «թեժ գիծ», որով քաղաքացիները կարող են անվճար զանգել եւ դիմել իրենց հուզող խնդիրներով:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջույնի ուղերձներ էին հղել երկրի նախագահն ու վարչապետը, իսկ պաշտպանության նախարարության եւ ոստիկանության ներկայացուցիչները իրենց շնորհակալագրերն ու պարգեւները հանձնեցին սոցհիմնադրամի ղեկավարներին եւ այն աշխատակիցներին, որոնք ակտիվորեն համագործակցել են զինծառայողների եւ ոստիկանների սոցիալական ապահովության խնդիրների առնչությամբ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4