«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#247, 2006-12-26 | #248, 2006-12-27 | #249, 2006-12-28


ՍԱՐՈՒԽԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՂՈՑ ԿԱՀԻՐԵՈՒՄ

ահիրեում լույս տեսնող «Ջահակիր» ազգային, գրական շաբաթաթերթի նոյեմբերի 16-ի համարից տեղեկանում ենք, որ Եգիպտոսի մայրաքաղաքի կառավարիչ, դոկտ. Աբդել Ազիմ Ուազիրի N 2669 հրամանագրով որոշվել է Նովհա էլ Գեդիդա թաղամասում (Հելիոպոլիս) մի փողոց անվանակոչել հայ մեծ երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի անունով, որպես երախտիք եգիպտական երգիծանկարչությանը ներդրած իր նշանակելի լումայի: Նոյեմբերի 5-ի սույն հրամանագիրը հրատարակվել է «Ուակաեզ էլ Մասրիա» (եգիպտական իրադարձություններ) պաշտոնաթերթում:

Ավելացնենք, որ արաբական լրատավական շրջանակներում մեծ հարգանք վայելող անվանի երգիծանկարիչը երկար ժամանակ աշխատակցել է արաբական «Ռոզ Էլ Յուսուֆ», «Ախեր Սաա», «Ախբար Էլիյոմ» թերթերին, ստեղծելով «Էլ Մասրի Էֆենդի» (եգիպտացին) հայտնի կերպարը: 1973-ին իր երգիծանկարներով մասնակցելով Մոնրեալի (Կանադա) միջազգային ցուցահանդեսին, նա արժանացել է «Երգիծանկարիչների նահապետ» կոչմանը: Ցուցահանդեսներ տվել է նաեւ Բեյրութում, Հալեպում, Տորոնտոյում, Նյու Յորքում, Բոստոնում, Դետրոյթում, Փարիզում եւ այլուր: Հեղինակ է մի շարք գործերի, որոնցից պետք է նշել «Այս պատերազմը», «Մենք մեր ակնոցով», «Մենք հայերեն չենք գիտեր», «Տես խոսքերդ» հատորները: Պատկերազարդել է Օտյանի «Ընկ. Փանջունի» եւ Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ստեղծագործությունները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4