«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2007-01-16 | #7, 2007-01-17 | #8, 2007-01-18


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՉԷ՞ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տրամագծորեն տարբեր կարծիքներ` մեկ զեկույցի վերաբերյալ

Միջազգային հեղինակավոր «Ժառանգություն հիմնադրամ» կազմակերպությունը ամեն տարի ուսումնասիրում է աշխարհի երկրների տնտեսության ազատականության վիճակը եւ զեկույց հրապարակում այդ մասին: Ըստ այդ զեկույցի` Հայաստանը տնտեսության ազատության ցուցիչով 106 երկրների թվում այս անգամ գրավել է 32-րդ տեղը, որը բավական լավ ցուցանիշ է, քանի որ նշում է երկրի տնտեսության ազատականության բարձր ցուցանիշ: Այս ցուցանիշն էր հենց դարձել ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի եւ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի գնահատման առարկան երեկ «Ուրբաթ» ակումբում, որոնք, փաստորեն, տրամագծորեն հակառակ գնահատականներ տվեցին զեկույցին եւ դրա պատճառ Հայաստանի տնտեսական ու քաղաքական զարգացումներին: Ըստ Թաթուլ Մանասերյանի` զեկույցը կազմվել է պաշտոնական վիճակագրության տեղեկատվության հիման վրա, իսկ վերջինս խորհրդային ստից համարյա չի տարբերվում. երկնիշ տնտեսական աճը բլեֆ է, քանի որ անցած տարի մեծ պոտենցիալ ունեցող մեր գյուղատնտեսությունը 0 տոկոս ունի ՀՆԱ-ի մեջ, իսկ տնտեսության առաջատար ճյուղ համարվող շինարարությունը 90 տոկոսով ստվերում է գտնվում, տնտեսության զարգացումն էլ միակողմանի է (օրինակ բերվեց ադամանդագործության տեսակարար մեծ կշիռն արտահանման մեջ): Ըստ Մանասերյանի` Հայաստանի երկնիշ տնտեսական աճը վերականգնողական է, եւ հայտարարված 13-13,5 տոկոս աճը (արժույթի միջազգային հիմնադրամի տվյալը 10-11 տոկոս է) նույնիսկ բավարար չէ, քանի որ հետպատերազմյան Եվրոպան մի քանի անգամ բարձր վերականգնողական աճի ցուցանիշ ուներ: Իսկ Հայաստանի տնտեսական անվտանգությունը այս ցուցանիշով խոցելի է, երբ մենք, օրինակ, էներգետիկայի ոլորտը չենք կարողանում տնօրինել ու տալիս ենք ուրիշի: Մանասերյանը հայտարարում է, որ Հայաստանի տնտեսագետներն ու պաշտոնյաները ճանաչողական առումով գաղափար չունեն երկրի տնտեսության այսօրվա վիճակի մասին, մարզերի տնտեսական պոտենցիալի մասին պատկերացում չկա. «Հայաստանի կառավարության կազմում որեւէ մեկը պատկերացում չունի, թե ո՞ւր է գլորվում Հայաստանի տնտեսությունը, տնտեսության ռազմավարության վերաբերյալ կողմնորոշիչ գոյություն չունի... չունենք հեռանկարային ծրագիր, չգիտենք` որո՞նք են մեր մրցակցային առավելությունները», ասում է նա եւ, հակադրվելով մինչ այդ զեկույցի վերաբերյալ Խոսրով Հարությունյանի հնչեցրած դրական գնահատականին` դիմադարձում. «Անորոշության մեջ խարխափելով` մենք էստեղ սին հպարտության զգացումով նստենք ու ասենք, թե գիտեք, մենք շատ առաջ ենք անցել Եվրոմիության անդամ երկրներից, մի տեսակ ինքնախաբեություն է»:

Իսկ այ Խ. Հարությունյանը, ընդունելով, որ Հայաստանում հովանավորչություն, չարաշահումներ եւ կոռուպցիա կա` միաժամանակ գտնում է, որ մեծ իմաստով զեկույցը համապատասխանում է հայաստանյան իրականությանը, քանի որ, ազատականության բարձր ցուցանիշների հետ մեկտեղ, նշում է իր ասած թերությունները. «Անցած 15 տարիները, փառք աստծո, իզուր չեն անցել, տեղի են ունեցել ինստիտուցիոնալ այնպիսի փոփոխություններ, որ Հայաստանն իր ինստիտուցիոնալ բարեփոխումներով, հանրային կյանքի ժողովրդավարացման ձգտումներով բավական առաջ է գնացել, որ շրջադարձ դեպի տնտեսական այլ մոդելներ այլեւս հնարավոր չէ: Սա է զեկույցի ամենահիմնական քաղաքական էությունը եւ իմաստը», գնահատում է նա, նկատելով, որ այսպիսի զեկույցը վկայությունն է, թե Հայաստանը վաղուց դուրս է եկել անցումային երկիր կոչվելու իրավիճակից եւ հայտնվել է զարգացման նոր հանգրվանում: Դա պահանջում է նոր ձեւակերպումներ` սկսելու համար տնտեսական եւ քաղաքական երկրորդ սերնդի բարեփոխումները: Միաժամանակ նա հարցադրում ուներ` արդյոք կա՞ն օրենսդրական եւ այլ երաշխիքներ եւ քաղաքական կամք` շարունակելու երկրորդ սերնդի բարեփոխումները, որպեսզի երկիրը կախված լինի ոչ թե թիկունքում 60-100 հազար մարդ ու փող ունեցող լիդերից, այլ որակյալ քաղաքական որոշումներ կայացնելու ունակ քաղաքական թիմերից:

Թ. Մանասերյանն ավելի առաջ գնաց վիճակագրության առումով, որպես օրինակ նշելով, որ 44 հազար աշխատատեղի մասին թիվը նախագահ Քոչարյանը ստացել էր առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարից. եթե մարդուն այդ թիվն են մատուցում` նա վստահում է իր նախարարներին, իսկ այդ նախարարները, Մանասերյանի խոսքով, ստում են. արտադրական ռեսուրսների վերջին հաշվառումը տեղի է ունեցել 1989 թվականին, է, ո՞նց են պատկերացնում` ինչպես զարգացնել տնտեսությունը: Եվ մատնանշեց սխալ կադրային քաղաքականությունը, եւ հենց այդ կադրերի շնորհիվ երկրի նախագահը, փաստորեն, տեղեկացված չէ Հայաստանի տնտեսության իրական պատկերի վերաբերյալ: Խոսրով Հարությունյանը պաշտպանեց կառավարությանն ասելով, որ այնտեղ մարդկանց գիտե, ովքեր գիտեն` ուր է գնում մեր տնտեսությունը, 1999-2000 թվականների համեմատ` այս կառավարությունը բավական լուրջ հաջողություններ է արձանագրել, իսկ կադրային քաղաքականության մասով էլ նորից եկավ-հասավ երկրորդ սերնդի բարեփոխումներին, որոնցով քաղաքական համակարգի առողջացման հարցն էլ, կադրերի հարցն էլ ինքնին կլուծվեն:

Թ. Մանասերյանի կողմից բավական մեղադրանքներ հնչեցվեցին Հայաստանի մաքսային համակարգի հասցեին, ըստ որոնց տնտեսական հանցագործներին պետք է փնտրել հենց այնտեղ, կառույցի ղեկավարությունում:

Մենք էլ նկատենք, որ ընտրությունների մոտենալուն զուգընթաց` կենացները դեռ շատ կքաղցրանան, տարբեր ակնկալիքներով լրագրողական լսարանի առջեւ դեռ շատ մեղադրանքներ կհնչեցվեն, եւ իշխանության չպահանջարկված շատուշատ նոր պաշտպաններ կպեղվեն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4