«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2007-01-27 | #16, 2007-01-30 | #17, 2007-01-31


ՄԻՆԱՍ ՉԵՐԱԶԻ ԱՃՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈ՞ՒՄ Է

Նախ ներկայացնենք, թե ով է Մինաս Չերազը: Ծնվել է 1852 թ. Կ. Պոլսում: Բանաստեղծ, հասարակական գործիչ, մանկավարժ: Ծնողները Կ. Պոլիս են գաղթել Ակնի Չերազ գյուղից: Սկզբնական կրթությունն ստացել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանում: Տիրապետել է հունարենին, անգլերենին, ֆրանսերենին, թուրքերենին: Երկար տարիներ գրականության պատմություն եւ լեզուներ է դասավանդել Կ. Պոլսի տարբեր վարժարաններում: 1878 թ. հայոց պատվիրակության կազմում (Մ. Խրիմյան, Ս. Փափազյան, Խ. Գալֆայան) իբրեւ քարտուղար ու թարգմանիչ Չերազը մասնակցել է Բեռլինի վեհաժողովին, ուր քննարկվելու էր նաեւ նախապես 16-րդ կետում գտնվող Հայկական հարցը: Բայց հայտնի է, որ այն լուրջ քննության առարկա չդարձավ: Վեհափառ Խրիմյան Հայրիկը դիպուկ բնորոշեց, որ «մեր շերեփը թղթից էր, մեզ բաժին չհասավ»: Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով: 1880-ին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը: 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում: Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու եւ հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով: 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը: Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ, շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը: Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը: Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաեւ ֆրանսերեն: Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»: Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով: Անգնահատելի են հայ եւ ընդհանրապես նաեւ այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգեւատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»: Պարգեւատրվել է նաեւ պարսկական «Առյուծի եւ Արեւի սպայության աստիճան» շքանշանով:

Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում եւ թաղվել այն գերեզմանատանը, ուր եւ 1935-ին, նրա շիրմաթմբի հարեւանությամբ, թաղվում է նաեւ Կոմիտասը:

Եվ հիմա հայտնի է դառնում, որ Կոմիտասի աճյունը Երեւան տեղափոխվելու ժամանակ գաղտնաբար Երեւան է բերվել նաեւ Մինաս Չերազի աճյունը:

Այդ մասին տեղեկացա իմ բարեկամներից մեկի, հանգուցյալ Սաշա (Ալեքսանդր) Վիրաբի Ասլանյանի մեքենագիր հուշագրությունից, որն ինձ հանձնեց նրա քույրը` Ասյան, կյանքից հեռանալուց մեկ-երկու ամիս առաջ:

Սաշան որպես քաղբանտարկյալ բռնադատվում է 1937-ին: Հուշամատյանից տեղեկանում եմ, որ նա ձերբակալվում է որպես չարենցական: Ղափանի Ողջի գյուղում աշխատելու ժամանակ դասատուներից մեկին հայտնում է Չարենցի «Պատգամ» բանաստեղծության տողերի երկրորդ տառերով գրված ակրոստիկոսի գաղտնիքը: Նրա մատնությամբ էլ ձերբակալում են 18-ամյա մանկավարժին, դատապարտում 8 տարվա կալանքով: Բանտում նա մտերմանում է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր Լեմվել Մարությանի ու պրոֆեսոր Լյուդվիգ Դեմիրճյանի հետ: Վերջինս էլ Ասլանյանին պատմում է, որ ինքը մասնակցել է Կոմիտասի աճյունը Փարիզից Երեւան տեղափոխելու արարողություններին, եւ որ դագաղը եղել է երկհարկանի, վերեւում` Կոմիտասը, ներքեւում` Մինաս Չերազը:

Աճյունները Երեւան հասցնելուց հետո Չերազին գաղտնաբար թաղում են ներկայիս Շիրվանզադեի անվան դպրոցի տեղում այն ժամանակ գտնվող գերեզմանոցում: Իսկ երբ կառավարական օրգաններն իմանում են այդ մասին, Չերազի աճյունը հանում եւ տանում են մի անհայտ տեղ: Թե ո՞ւր, մինչեւ օրս հայտնի չէ:

Զարմանալի է, որ նույնիսկ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը հեռվից հեռու ողջունող Չերազը հետմահու բռնադատվում է այն ժամանակ ստալինյան քաղաքականության կողմից: Եվ ինչպես Չարենցն ու Ակսել Բակունցը չունեցան իրենց գերեզմանատեղը մայր հողում, այնպես էլ Չերազը, որն իր ազգանվեր գործունեությամբ հայտնի է պատմությանը: Կարեւորն այն է, որ նրանք իրենց հավերժական տեղն ունեն ամեն մի հայի սրտում:

Իսկ թե ո՞վ է եղել պրոֆեսոր Լյուդվիգ Դեմիրճյանը, դժվար չէ նրա մասին տեղեկանալ պետանվտանգության արխիվներից: Հայտնի է, որ նա նպաստավոր գործ է կատարել` Չարենցի բանտում գրած «Նա այրեց «Կապիտալը» պոեմի պահպանման հարցում: Նրա միջոցով է, որ ծխախոտի թղթի վրա գրված պոեմի հատվածներն աստիճանաբար հանձնվում են բանտարկյալ Հայկ Ներսիսյանին, որն էլ կարողանում է պահպանել ու բանտից ազատվելուց հետո հանձնել հրատարակիչներին: Ալեքսանդրի հուշագրությունում հանդիպում ենք նաեւ բռնադատվածների ուրիշ անվանի մարդկանց անունների, գրող Մկրտիչ Խերանյանի, դասախոսներ Գեւորգ Խրիմյանի, Հակոբ Ջանիկյանի, Գրիգոր Հակոբյանի, Քալանթար Քալանթարյանի եւ ուրիշների, որոնցից շատերը ստալինյան քաղաքականության անմեղ զոհեր դարձան:

Ասլանյանի այդ հուշագրությունը արժանի է առանձին գրքով հրատարակության:

ԴԵՐԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4